HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայփոստի» ավիափոխադրող դուստր ընկերությունը՝ «Հայփոստ Էյրը», ստացել է պետական գրանցում

Այս տարվա ապրիլի 5-ին «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերություն՝ «Հայփոստ Էյր» անունով: Տարածված հաղորդագրության մեջ նշվել էր, որ ավիաընկերությունը կիրականցնի ոչ միայն փոստի փոխադրում, այլեւ բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով: Նախատեսվում է, որ նոր ավիափոխադրողը կունենա մի քանի օդանավ:

«Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց 5-ամյա զարգացման ծրագրերից մեկը «Հայփոստ Էյրի» հիմնումն է, ինչը հնարավորություն կտա զգալիորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները: Կարապետյանը հավելել էր, որ նոր ընկերությունում ներգրավելու են ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետների:

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալներով՝ «Հայփոստ Էյր» ՓԲԸ-ն հիմնադրվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերությունը գրանցված է Երեւանի Սարյան 22 հասցեում, որտեղ գործում է մայր ընկերությունը՝ «Հայփոստը»: Նոր ավիաընկերության կանոնադրական կապիտալը 100 հազ. դրամ է, միակ բաժնետերը «Հայփոստն» է: Ավիափոխադրողի գլխավոր տնօրենը երեւանցի Նելլի Իսախանյանն է:

Փոստի եւ բեռի առաքումներ կատարելու համար նախ անհրաժեշտ է, որ «Հայփոստ Էյրը» ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ստանա օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ): Սա այն փաստաթուղթն է, որն իրավունք է տալիս որեւէ ընկերության կոմերցիոն թռիչքներ իրականացնել: Կոմիտեն դեռեւս չի հայտարարել «Հայփոստ Էյրին» ՕՇՎ տալու մասին:

Նկատենք, որ չնայած հայկական բեռնափոխադրող ավիաընկերություններ շատ են եղել, դրանք գլխավորապես աշխատել են Հայաստանի սահմաններից դուրս, բացի դրանից՝ մինչ այժմ չի եղել այնպիսի ավիաընկերություն, որի գործունեության առանցքում կլիներ փոստի առաքումը: Քանի որ «Հայփոստը» պետական ընկերություն է, ավիացիոն բեռնափոխադրման ոլորտում նման ձեռնարկության մուտքը եւս հատկանշական է:

«Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը դեռեւս ապրիլին «Առաջին ալիքին» հայտնել էր, որ նախնական շրջանում փոխադրումներ են կատարելու դեպի Ռուսաստան եւ Չինաստան, իսկ հետագայում, կախված շուկայից, ուղղությունների թիվը կավելանա: «Մենք ունենք բավականին մեծ շրջանառություն Ռուսաստանի հետ, դա գլխավոր գործընկերն է, երկրորդը՝ Չինաստանը. ինչո՞ւ, որովհետեւ այլ ուղղությունները փակ են, այսինքն՝ Թուրքիայի հետ առեւտուրն այս պահին փակ է, եւ ինձ թվում է՝ դա գնալու է դեպի Չինաստան»,- նշել է Հ. Կարապետյանը: «Հայփոստ Էյրը», ըստ նախատեսվածի, իբրեւ բեռ տեղափոխելու է ամեն բան՝ գյուղմթերքից մինչեւ տեքստիլ:

Փոստային օպերատորի գլխավոր տնօրենը նշել էր նաեւ, որ իրենք արդեն 1 օդանավ ունեն եւ բանակցություններ են տանում ավիապարկն ընդլայնելու ուղղությամբ: Ծրագրում են ինքնաթիռների թիվը հասցնել 3-ի: Հունիսի 3-ի դրությամբ «Հայփոստ Էյրը» ՀՀ օդանավերի ռագիստրում որեւէ ինքնաթիռ չէր գրանցել:

Հայկ Կարապետյանը «Առաջին ալիքին» նաեւ հայտնել էր, որ նախատեսում են երկինք բարձրանալ առաջիկա 6 ամիսների ընթացքում: «Հայփոստ Էյրի» գրանցումից հետո հաջորդ քայլը պետք է լինի ՕՇՎ-ի ձեռքբերումն ու ինքնաթիռի գրանցումը, ինչից հետո ընկերությունը ՔԱԿ-ից պետք է ստանա կանոնավոր առեւտրային ավիափոխադրումներ կատարելու հավաստագիր եւ նշանակվի որպես կանոնավոր ավիափոխադրումներ կատարող կոնկրետ ուղղություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter