
Թեղուտի բախման ականատես. «Եթե էս գործը փակվեց, մենք ամբողջ գյուղով նորից հավաքվելու ենք»
Երեկ Երևանի հանրապետական հիվանդանոցում վիրահատվել է Թեղուտում «Էյ-Սի-Փի» ընկերության անվտանգության պահպանության աշխատողների կողմից ապրիլի 16-ին ծեծված, 24-ամյա Հրաչիկ Ղորխմազյանը: Նրա մայրը՝ տիկին Թագուհին, «Հետքին» հայտնեց, որ վիրահատությունը տևել է 3 ժամ, և որդու վիճակը բավարար է:
Տուժողը ստացել է ոտքի 2 կոտրվածք: «Ես էս տարիքի կին եմ, մեր գյուղում էսպիսի կռիվ տեսած չեմ»,- ասում է տիկին Թագուհին: «Ծեծողները ստեղ՝ մեր գեղի աղբյուրներումը հաց ուտելիս են եղել, որովհետև վայրկենապես հավաքվեցին»,- պատմեցին Հրաչիկ Ղորխմազյանի հարազատները:
Կռիվը տեղի է ունեցել Հրաչիկենց բակի հարևանությամբ: Հրաչիկը կռվի ձայներ լսելուց հետո տանից դուրս է եկել՝ կռիվը դադարեցնելու: «Իմ տղան բարալիկ երեխա է, բռնել են ջարդել»,- ասաց տիկին Թագուհին:
Հրաչիկի հարազատները փաստեցին, որ կռվին մասնակցել են 4 «Նիվա» ավտոմեքենայրով ժամանած անվտանգության աշխատակիցներ:
Երեկ «Հետքն» այցելեց Թեղուտի միջադեպի հետ կապված մեկ այլ տուժողի՝ Ֆելիքս Նորեկյանին: Ապրիլի 17-ի երեկոյան Ֆելիքսը ցուցմունք է տվել Թումանյանի ոստիկանությունում: «Դրանից հետո ենթարկվել եմ դատաբժշկական փորձաքննության: Դեռևս ես տեղյակ չեմ ինձ հասցված մարմնական վնասվածքների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից»,- ասաց տուժողը:
Ֆելիքսի խոսքերով՝ «Էյ-Սի-Փի» ընկերության անվտանգության աշխատակիցների ծեծի հետևանքով դատաբժշկական փորձաքննության նպատակով դատական բժշկին է ներկայացել 6 տուժող: Ֆելիքսն իրեն մեղավոր չի ճանաչում և ասաց, որ մինչև վերջ բողոքելու է, որ թեղուտեցիներին ծեծողները պատժվեն:
«Տղայիս մեղքը որն է, երբ նա իր ընտանիքով հանգիստ տուն գալիս է եղել: Էն թոզ անելու համար ծեծված թեղուտեցի Արթուր Սիրադեղյանի մեղքը որն էր, երբ ընկերությունը ամբողջ Թեղուտը թոզի մեջ խեղդում է, սաղ անտառն էլ անխնա կտրում է»,- ասում է Ֆելիքսի մայրը՝ Շուշանիկ Նորեկյանը:
«Սկզբում կռիվն սկսվել է թեղուտեցի Արթուր Սիրադեղյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչական շենքի պահակի միջև: Հետո անվտանգության աշխատակիցները Արթուրի հետևից գյուղ են եկել»,- պատմում է Ֆելիքսը: Գյուղում կռիվը տեղի է ունեցել երեկոյան 21:00-ից հետո:
Ֆելիքս Նորեկյանը նաև ասաց, որ 5 ամիս առաջ դիմում է ներկայացրել «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքի ընդունվելու համար, իրեն մերժել են, բայց իրենից հետո շատ մարդկանց են ընդունել աշխատանքի:
«Թեղուտի երիտասարդների բորբոքվելը հիմնականում նրանում է, որ իրենց մերժում են ընդունել աշխատանքի, բայց ուրիշ տեղից գալիս են այստեղ աշխատում: Էդ նույն գործում կարող է թեղուտեցին էլ աշխատել: Դե, առաջ թող թեղուտեցիներին ընդունեն աշխատանքի»,- ասում է տիկին Շուշանիկը:
«Իրենց արդեն տեղավորել են, ժողովուրդն էլ իրենց արած ամեն ինչին հարմարվեց, արդեն մեր տանը մեզ ծեծում են: Մենք բոլորս կյանքին հյուր ենք, իրենք էլ մեր գյուղում են հյուր, թող իրենց հյուրի նման պահեն»,- ասում է Ֆելիքսը:
«Ցանկապատի տախտակները պոկում էին, տախտակներով ծեծում: Եթե էս գործը փակվեց, մենք ամբողջ գյուղով նորից հավաքվելու ենք»,- ասում է բախման ականատես Թինան՝ Ֆելիքսի կինը:
Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կարծիքով՝ կռիվը առաջացել է Թեղուտի բնակչության և ընկերության աշխատողների նախկին այլ տարաձայնությունների պատճառով:
«Ապրիլի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից 3 անձի ծեծի ենթարկելու մեղադրանքով: Տուժողներից մեկը կռվի արդյունքում ստացել է միջին ծանրության վնասվածք»,- ասաց Կարեն Շահբազյանը:
Քր.գործով անցնող «Էյ-Սի-Փի» ընկերության անվտանգության աշխատակիցների թվի մասին Կարեն Շահբազյանն ասաց. «Ես անուններով դժվարանում եմ նշել, անվտանգության պահպանության մի շարք աշխատակիցներ են: Բնակիչները հայտարարում են, որ 4 ավտոմեքենա անվտանգության պահպանության աշխատակիցներ են եկել դեպքի վայր: Բոլոր հայտարարությունները դառնալու են քննության առարկա»:
Լուսանկարում՝ ձախից տիկին Թագուհին և տիկին Շուշանիկը
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել