
Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց դիմել Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով
Անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին: Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունն օրեր առաջ է վերադարձել Ստրասբուրգից, որտեղ ընթանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանը:
«Ես առանձնազրույց եմ ունեցել Ստրասբուրգում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ: Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի, Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են, և տեսնում ենք հատուկ կարևորության հանցագործությունների դատարանում շարունակվում է ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված է Ադրբեջանի քրեական օրենսգրքով ծանրագույն մեղադրանք»,- ասաց Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը պնդել է՝ գերեվարված անձանց վերադարձ հայկական կողմի հետ կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Բնականաբար Արցախի գրավյալ 75 տոկոսը միասին»,-հավելեց նա:
Զոհրաբյանն առաջարկեց գործընկերներին՝ դիմել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Նա հիշեցրեց, որ յոթերորդ գումարման խորհրդարանին գործելու քիչ ժամանակ է մնացել, և ազդեցիկ կլինի եթե խորհրդարանն ամբողջական կազմով դիմի նաև Եվրոպայի խորհրդին (ԵԽ)։
«ԵԽ-ում պիտի կասեցվեն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, Նավալնու պրիչոսկան խառնվում է, ԵԽ-ն զրկում է ՌԴ-ին ձայնի իրավունքից։ Կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա կլանի բանկային հաշիվների վրա: Դա կարող ենք անել միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային կառույցներին՝ նշելով կոնկրետ պատժամիջոցների մասին, այլապես շատ երկար ենք սպասելու մեր տղաներին»,- եզրափակեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք որ յոթերորդ գումարման խորհրդարանն իրավունքի ուժով արձակված է, սակայն այն շարունակում է կատարել իր լիազորություները՝ մինչ նոր խորհրդարանի առաջին նիստի գումարումը:
Մեկնաբանել