HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն 1994 թվականի դեպքերը փորձում է բարդել հայկական գերիների վրա. կայացել է Խոսրովյանի ու Մկրտչյանի գործով հերթական նիստը

Բաքվում հունիսի 30-ին շարունակվել է հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի գործով դատավարությունը, որոնք գերեվարվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իբր, ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։

Բաքուն փորձում է հայ գերիների վրա բարդել նաև 1994 թվականին Բաքվի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպումը։ Վկաներից ոմն Զահիդ Հասանով հայտարարել է, որ Լյուդվիգ Մկրտչյանը իբր եղել է այն անձանցից մեկը, որը հրահանգել է Բաքվի մետրոյի պայթյունի կազմակերպիչներին։ Վերջինս նշել է, որ 1994 թվականին իր հետ միասին հայկական գերության մեջ գտնվել է Ազեր Ասլանովը, որը պայթյունների իրականացման հիմնական մեղադրյալն էր։

«Ինձ, Սերգեյին, Ազեր Ասլանովին և ևս մեկ գերու պահում էին մեկ վայրում։ Հետո եկավ հինգ թե վեց հայ, այդ թվում Խոսրովյանը և սկսեցին մեզ ծեծել։ Այնուհետ Ազեր Ասլանովին տարան հրամանատարի աշխատասենյակը մաքրելու։ Երկու ժամ անց նա վերադարձավ, հետո նրան նորից տարան։ Հայաստանի հատուկ ծառայությունները նրան տարել էին, որ հավաքագրեն։ Սամվել Բաբայանի աշխատասենյակում գտնվող հրահանգիչներից մեկը Մկրտչյանն էր։ Զրույցը ձգվեց մեկ ժամից ավելին, այնուհետ նրան բաց թողեցին։ Հետո հայերն ասացին, որ աշխատասենյակը կմաքրի ոչ թե Ազերը, այլ Սերգեյը։ Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Ազերին գնել են։ Դրանից հետո նրան տալիս էին այն ուտելիքը, որը ցանկանում էր։ Մի խոսքով, նա ծախվեց հայերին։ Նույն տարում նա վերադարձավ հայկական գերությունից և Բաքվի մետրոյում կազմակերպեց պայթյունը։ Գերությունից վերադառնալով ես իմացա, որ Սերգեյին գնդակահարել են»,- հայտարարեց վկան։

Տարբեր ժամանակներում ադրբեջանական քարոզչամեքենան Բաքվում 1994 թվականի մետրոյի պայթյունները կապում է հայկական կողմի հետ։ 1998 թվականին Ազեր Ասլանովը, որը 1997 թվականին արտահանձնվել էր Ադրբեջանին, հայտարարել էր, որ գտնվելով հայկական գերության մեջ, իրեն իբր ահաբեկչության էր դրդել գրող Զորի Բալայանը։ Ասլանովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ ահաբեկչական գործողության հրահանգիչները իբր եղել են հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, գնդապետ Կարեն Բաղդասարյանն ու կապիտան Սերյան Սարգսյանը։ 1999 թվականին Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել Զորի Բալայանի նկատմամբ, որը սակայն դադարեցվել էր 2001 թվականին։ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը հայտարարել էր, որ գործն ունի քաղաքական բնույթ և հակասում է Ինտերպոլի կանոնակարգին։

Վկաները պատմել են նաև Ալյոշա Խոսրովյանի գերեվարման մանրամասները։ Այսպես ոմն Ջեյհուն Վելիբեկով դատարանում հայտարարել է, որ նախապես նրանք դարան էին սարքել և երբ մոտեցել է Ալյոշա Խոսրովյանին տեղափոխող Ուազ մակնիշի ավտոմեքենան, ադրբեջանական խումբը դարանակալել է մեքենան և գերեվարել նրան, որը եղել է մեքենայի ղեկին։ Մեքենայում եղել է նաև զենք ու զինամթերք։ 

Վկաներից Թուրալ Դավուդովն էլ ասել է, որ Ջաբրայիլում Ալյոշա Խոսրովյանին մի պահ թվացել է, թե իրեն են մոտենում հայ զինծառայողները։ Սակայն երբ հասկացել է, որ ադրբեջանցիներ են, փորձել է վազել դեպի ավտոմեքենան և զենք վերցնելով կրակ արձակել։ 

Ալյոշա Խոսրովյանն իր վկայության մեջ հայտարարել է, որ եղել է «Երկրապահ» կամավորական ջոկատի անդամ։ «2020 թվականի հոկտեմբերի 3-ին ես իմացա, որ ադրբեջանցիները գրավել են Ջաբրայիլը, սակայն ինձ զանգահարած սպաներից մեկն ասաց, որ «Ջաբրայիլում հայ զինվորներն են, մի’ վախեցիր, արի»»,- նշել է Խոսրովյանը։ 

Իր հերթին Լյուդվիգ Մկրտչյանը հրաժարվել է վերջին խոսքի իրավունքից։ Նա միայն հայտարարել է, որ մինչև 18 տարեկանը բնակվել է Նախիջևանում և լավ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցիների հետ։ 

Այս գործով դատական նիստը կշարունակվի հուլիսի 7-ին։ 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բաքվում մեկնարկել էր հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում է 1991 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ադրբեջանցի 12 գերիներին խոշտանգելու և մոտ 17 օր Իվանյանի մոտ գտնվող Այգեստան գյուղի անտառում նրանց պահելու մեջ։ 

Ադրբեջանական կողմը չի բավարարվում այս մեղադրանքով և Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է նաև Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Շուշիի բանտում և Երևանում գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին իբր ծեծի ենթարկելու, իսկ ադրբեջանցի զինծառայողներից մեկին էլ իբր սպանելու մեջ։

Ալյոշա Խոսրովյանն էլ մեղադրվում է իբր 5 ադրբեջանցի գերիների նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի մեջ։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ 1994 թվականի ապրիլին Խոսրովյանը ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սամվել Բաբայանիի Աղբուլաղ (խմբ. Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։ Բացի այդ, Ալշոյա Խոսրովյանը մեղադրվում է նաև 1993-1994 թվականներին Շուշիի բանտում պահվող ադրբեջանցի գերիներին իբր խոշտանգելու մեջ։

Լուսանկարները՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter