HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում մեկնարկել է երկու հայ գերիների դատավարությունը. կայացել է առաջին նախնական դատական նիստը

Բաքվում հունիսի 2-ին մեկնարկել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք գերի էին ընկել 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ վերջիններս մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում իբր «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և իրականացրած այլ հանցագործությունների մեջ»։ 

Բուն դատավարությունը կմեկնարկի հունիսի 9-ին և կընթանա Բաքվի ռազմական դատարանում։ Հունիսի 2-ին կայացել է առաջին նախնական նիստը։

Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում է 1991 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ադրբեջանցի 12 գերիներին խոշտանգելու և մոտ 17 օր Իվանյանի մոտ գտնվող Այգեստան գյուղի անտառում նրանց պահելու մեջ։ 

Ադրբեջանական կողմը չի բավարարվում այս մեղադրանքով և Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է նաև Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Շուշիի բանտում և Երևանում գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին իբր ծեծի ենթարկելու, իսկ ադրբեջանցի զինծառայողներից մեկին էլ իբր սպանելու մեջ։ 

Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Արցախի Վարանդայի շրջանում։  

Մկրտչյանից զատ ադրբեջանական դատարանի առաջ է կանգնել նաև ՀՀ քաղաքացի Ալյոշա Խոսրովյանը։ Նա մեղադրվում է իբր 5 ադրբեջանցի գերիների նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի մեջ։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ 1994 թվականի ապրիլին Խոսրովյանը ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սամվել Բաբայանիի Աղբուլաղ (խմբ. Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։ Բացի այդ, Ալշոյա Խոսրովյանը մեղադրվում է նաև 1993-1994 թվականներին Շուշիի բանտում պահվող ադրբեջանցի գերիներին իբր խոշտանգելու մեջ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Ադրբեջանի տարածքում հետախուզական գործողություններ իրականացնելու փորձի ժամանակ։ 

Ավելի վաղ, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, պատերազմի ավարտից հետո, անհապաղ, բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն։

«Միջազգային մարդասիրական իրավունքը նշում է, որ պատերազմի կամ զինված հակամարտության ավարտից հետո անհապաղ, ոչ անմիջապես, որոշակի ժամանակ հետո պետք է ռազմագերիները հայրենադարձվեն։ Մենք նման առաջին դեպքը տեսանք դեկտեմբերին, որոնց մեջ կային անձինք, որոնք նույնիսկ ռազմագերիներ չէին։ Հետո Ադրբեջանը սկսեց զարգացնել մի միֆ, թե մնացած անձինք ռազմագերիներ չեն, այլ պատերազմական հանցագործներ։ Որևէ փաստական տվյալ Ադրբեջանը չի հրապարակում, լրատվամիջոցները միայն շատ սուղ տվյալներ են հրապարակում, այն էլ՝ ընդհանրացված»,- ընդգծել էր Արա Ղազարյանը։

Ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պահանջը՝ նշելով, թե Բաքվում պահվող հայ գերիները իբր «ռազմական հանցագործներ են»։ Այս ամենը Բաքուն իրականացնում է միջազգային կազմակերպությունների և օտարերկրա պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Բաքվում պահվող հայ գերիների և ձերբակալված այլ անձանց անհապաղ ազատ արձակման կոչերի ֆոնին։

Բացի այդ, պաշտոնական Բաքուն, ՄԻԵԴ պահանջով, բավարար տեղեկատվություն չի տրամադրում Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ։ Այսպես, մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում էր կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ նախարարների կոմիտեին:

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարման վերջին դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 27-ին։ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ գերեվարվել էին պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը և Վ. Օ. Ռաֆայելյանը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կատարվածն անվանել էր առևանգում, քանի որ զինվորականները գտնվելիս են եղել ՀՀ տարածքում: Մայիսի 31-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր, որ եվրոպական դատարանը պաշտոնական Բաքվին մինչև հունիսի 4-ը ժամանակ էր տվել՝ վեց հայ գերիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար։

Գլխավոր լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter