HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու համար դեռևս վաղ է, անհրաժեշտ են բավարար քանակի եւ որակի ապացույցներ. Արա Ղազարյան

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական զինուժի կողմից պետական սահմանի խախտման և որոշակի առաջխաղացման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու համար դեռևս վաղ է, անհրաժեշտ է ունենալ բավարար քանակությամբ և որակի ապացույցներ։ Այդ մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։ «Ես կարծում եմ, որ սպառված չեն ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլոր միջոցները և գտնում եմ, որ սահմանին առկա իրավիճակը, սպառնալիքի ծավալներն այն աստիճանի չեն, որ դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Վերջինիս դիմելու մասով չեմ կարծում, որ պետք է շտապողականություն ցուցաբերել։ Պետք է ունենալ անհրաժեշտ քանակությամբ և որակի ապացույցներ»,- նշում է Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Սակայն նույն օրը երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լճի տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել 3,5 կիլոմետր։ Իսկ արդեն մայիսի 13-ին պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ բացի Սյունիքից ադրբեջանցիները խորացել են նաև Գեղարքունիքի մարզի, ավելի կոնկրետ՝ Վարդենիսի տարածաշրջանում։ Այդ օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմաններին «պայթյունավտանգ իրավիճակ է», և որ հակառակորդի 250 զինծառայող գտնվում է Հայաստանի տարածքում։ Արդեն մայիսի 14-ին Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով անհապաղ արտակարգ խորհրդատվություններ սկսելու մեխանիզմը գործադրելու համար։

Փաստաբան Արա Ղազարյանը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կարելի է դիմել այն պարագայում, երբ սահմանին էսկալացիան խիստ մեծանա, որովհետև եթե Հայաստանը դիմի ՄԱԿ-ի այդ կառույցին, նշանակում է հրաժեշտ է տալիս ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ-ում ձեռնարկված ընթացակարգերը դադարեցվում են։ Բայց քանի որ Հայաստանը ընթացակարգ է սկսել ՀԱՊԿ-ում, ըստ փաստաբանի, սխալ կլինի դա սառեցնել և դիմել Անվտանգության խորհրդին։ 

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կտա Հայաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը՝ Արա Ղազարյանը նշում է, որ ադրբեջանցիները 26 տարի շարունակ օգտագործեցին Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը՝ որպես պլատֆորմ իրենց փաստարկները զարգացնելու, ամրապնդելու և դրանց շուրջ գլոբալ կոնսենսուս ձևավորելու համար։ Ուստի ԱԽ պրոհայկական հնարավոր որոշումը խիստ օգտակար կլինի հայկական կողմի համար, այդ թվում՝ հետագա քաղաքականություն մշակելու տեսանկյունից։

Փաստաբանի կարծիքով՝ սահմանների հարցով առաջնային մանդատը ՀԱՊԿ-ինն է, որովհետև հարցը վերաբերում է հենց ՀԱՊԿ սահմաններին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելիս այդ կառույցը հաշվի է առնում միջազգային կազմակերպությունների և մարմինների հայտարարությունները, որոնցից շատերն արդեն իսկ հանդես են եկել հայտարարություններով՝ կոչ անելով Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը։

Հարցին, թե իրավական ինչ պարտավորություններ կարող է ստանձնել Ադրբեջանը՝ Եվրոպական խորհրդարանի մայիսի 20-ին ընդունած բանաձևից հետո, Ղազարյանը պատասխանեց՝ ոչ մի, որովհետև այդ երկիրը Եվրամիության անդամ չէ։ «Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ այն շատ հեղինակավոր, միջազգային կազմակերպության օրենսդիր մարմնի որոշում է, ինչը նշանակում է, որ ԵՄ պետությունները համակարծիք են այդ եզրահանգման հետ, որովհետև Եվրախորհրդարանը ներկայացուցչական մարմին է։ Անդամ պետությունները նման բանաձևերը պարտադիր հաշվի կառնեն, այսինքն՝ այդ պետությունները պարտավոր են հաշվի առնել, բայց պարտավորված չեն հետևել։ Այս բանաձևից հետո հնարավոր է, բայց քիչ հավանական, որ եվրոպական որոշ երկրներ սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, որովհետև սանկցիաները, սովորաբար, սկսվում են հենց այսպիսի բանաձևերից, հայտարարություններից հետո, ինչը նշանակում է, որ այդ երկրները ոչ թե դեմարշ են սկսում, այլ հող են նախապատրաստում, որպեսզի ապագայում միգուցե սանկցիաներ կիրառեն»,- նշում է փաստաբանը։

Այդուհանդերձ, Արա Ղազարյանը պնդում է, որ համանման բանաձևերը կամ հայտարարությունները կարևոր են հայկական կողմի համար, որովհետև կարող են հանգեցնել հորիզոնական էֆեկտի։ «Տարածաշրջանային կամ միջազգային կառույցները կարող են ավելի վստահ գործել, որովհետև Եվրոպական խորհրդարանը, երբ նման բանաձևով է հանդես գալիս, ուրեմն ունի փաստական հանգամանքներ։ Սրանք աղբյուր կլինեն նաև իրավական գործընթացներում»,- նշում է փաստաբանը։ 

Ղազարյանը պնդում է, որ հայկական կողմի համար առաջնահերթությունը պետք է լինի հարցն իրավական կարգավորման դաշտ բերելը, ինչն այս պահին ձեռնտու չէ ադրբեջանական կողմին։ Պատճառն այն է, որ նման վարքագծով ադրբեջանական կողմը պատրաստվում է առավել նպաստավոր դիրքերից մտնել բանակցությունների մեջ։ Եթե հիմա կողմերը մտնեն իրավական կարգավորման դաշտ, ապա կունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ։ Ուստի, միայն Ադրբեջանի շահերից է բխում լարվածության պահպանումն ու ստատուս քվոյի ձգձգումը։ «Պարզ է, որ բանակցությունների մեկնարկի ժամանակ որտեղ կանգնած լինեն Ադրբեջանի զինված ուժերը, այնտեղով էլ կանցնի դեմարկացիոն գիծը, ուստի իրենք ուզում են այս սողացող էքսպանսիայի միջոցով, մինչև դեմարկացիոն գծի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելն իրենց ենթակայության տակ պահել որոշ տարածքներ»,- նշում է Ղազարյանը։ 

Խոսելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին՝ Արա Ղազարյանն ասում է՝ միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված է, որ պատերազմի կամ զինված հակամարտության ավարտից հետո բոլոր գերիներն անհապաղ պետք է հայրենադարձվեն, ինչը, սակայն ոտնահարում է Ադրբեջանը։ 

«Միջազգային մարդասիրական իրավունքը նշում է, որ պատերազմի կամ զինված հակամարտության ավարտից հետո անհապաղ, ոչ անմիջապես, որոշակի ժամանակ հետո պետք է ռազմագերիները հայրենադարձվեն։ Մենք նման առաջին դեպքը տեսանք դեկտեմբերին, որոնց մեջ կային անձինք, որոնք նույնիսկ ռազմագերիներ չէին։ Հետո Ադրբեջանը սկսեց զարգացնել մի միֆ, թե մնացած անձինք ռազմագերիներ չեն, այլ պատերազմական հանցագործներ։ Որևէ փաստական տվյալ Ադրբեջանը չի հրապարակում, լրատվամիջոցները միայն շատ սուղ տվյալներ են հրապարակում, այն էլ՝ ընդհանրացված»,- ընդգծում է Արա Ղազարյանը։

Ըստ փաստաբանի՝ այս կերպ Ադրբեջանը ստեղծում է կեղծ, հայելանման գործեր։ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ առաջադրվում են ներպետական քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություններով մեղադրանքներ, որոնք կարող են սովորական հանցակազմեր պարունակել։ Բայց որոշ դեպքերում առաջադրվում են մեղադրանքներ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր կատարած պատերազմական հանցագործությունների մասով։ Վերջերս հայտնի դարձավ, որ գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ Բաքուն սկսել է դատավարական գործընթաց հենց այս մեղադրանքով։ 

Արա Ղազարյանը նշում է, որ ՄԻԵԴ-ը վերջնական այն կարծիքին է, որ խտրականությունը և ատելությունը Ադրբեջանում համակարգային են։ Որպես ապացույց այսօր Եվրոպական դատարանը ռասիզմի վերաբերյալ վարույթ է ընդունում այնպիսի գործեր, որոնք նախկինում չէր ընդունի։ «Ռասիզմի վերաբերյալ մեր փաստարկները ՄԻԵԴ-ն արդեն ընդունում է, դրանք աներկբա են, նույնիսկ շատ սուղ ապացույցների դեպքում»,- նշում է փաստաբանը։

Սովորաբար, Ադրբեջանը չի հանրայնացնում նմանատիպ դատական նիստերը։ Նույնիսկ Կարեն Ղազարյանի գործի ժամանակ հայտնի է դատական միայն մեկ նիստի մասին, այն էլ՝ 1,5 րոպեանոց տեսանյութով։ Ուստի փաստաբանը նշում է, որ ապացույցները, հավանաբար, ստացվում են անօրինական եղանակով՝ խոշտանգումների միջոցով։ Բայց եթե անձը գտնվում է արտաքին աշխարհի հետ կապի լիակատար բացակայության պայմաններում կամ անազատության մեջ, ապա նրանից ստացվող ամբողջ տեղեկատվությունը պետք է հարցականի տակ դրվի, որովհետև մեծ է հավանականությունը, որ դրանք ստացվել են հարկադրանքի հետեւանքով։ 

«Արդյոք ճիշտ էր պատերազմի օրերին կառավարության կողմից ՄԻԵԴ միջպետական գանգատի ներկայացումը» հարցին ի պատասխան՝ փաստաբանն ասում է, որ այդ քայլը, որը նախկինում երբեք չէր արվել, տվեց իրական արդյունք և ապահովեց վեճի համակարգվածությունն ու ամբողջականությունը։ Պետությունը որոշակիորեն իր վրա վերցրեց նաև ապացուցողական բեռը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter