Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկկողմ բանակցություններ սկսել
Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկկողմ բանակցություններ սկսել։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հունիսի 30-ին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 43-րդ նիստի ժամանակ։
«Հիմա մենք վերազինում ենք սահմանապահ հսկողության ենթակառուցվածքները։ Առաջարկում ենք Հայաստանին՝ սկսել երկկողմ քննարկումներ՝ երկու երկրների պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով։ Ադրբեջանը դրական արձագանքի է սպասում Հայաստանից»,- նշել է Բայրամովը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ տարածաշրջանում չկա խաղաղության ու կայունության ապահովման մեկ ուրիշ այլընտրանք, քան լավ, բարիդրացիական հարաբերություններն են։
«Հիմա կա եզակի շանս կառուցելու այդպիսի հարաբերություններ՝ հաջորդականորեն իրականացնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ստորագրած հայտարարության կետերը»,- հավելել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Արցախի մի շարք շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանն Ադրբեջանի հետ մեծացել է։ Մայիսի 12-ին ադրբեջանական ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ապօրինաբար հատելով ՀՀ պետական սահմանը, որոշակի առաջխաղացում էին ունեցել։ Աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են Բաքվի այդ գործողությունը։ Այդ հատվածներում, առանց հրազենի գործադրման, երբեմն բախումներ են լինում հայկական և ադրբեջանական ուժերի միջև։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել