HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վ․ Քերոբյան․ «Հավանաբար Սևանից լրացուցիչ 50-70 մլն խորանարդ մետրի ջրառ կկազմակերպվի»

Կառավարության հուլիսի 1-ի նիստից հետո էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոռոգման խնդրին՝ հայտնելով, որ պետք է անցում կատարվի նոր, արդյունավետ համակարգերի։ Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարությունը ամեն կերպ կաջակցի, որ գյուղացիները կարողանան անցնել կաթիլային ոռոգման։

«Հիմնական խնդիրը կապված է նրա հետ, որ անջրդի հողատարածություններում ջրելու կարիք է առաջացել։ Մյուս խնդիրն այն է, որ ֆերմերները երբեմն սխալ տեղեկատվություն են փոխանցում Ջրային կոմիտեին՝ մի բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է։ Ըստ էության, եթե մենք ասում ենք՝ այս տարի աննախադեպ շոգ էր, ապա ոչ մի հույս չկա, որ հաջորդ տարի լինելու է հով կամ ավելի մեղմ եղանակ։ Աշխարհը տաքանում է և առաջիկա 10 տարվա ընթացքում ամենալավ սցենարով երկրագունդը տաքանալու է ևս 1,5 աստիճանով։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստվենք դրան, դրա հնարավորությունները կան, որովհետև կա շատ մեծ չիրացված պոտենցիալ։ Պետք է էնպես անենք, որ հետագա տարիներին ջրի ոռոգման խնդիրը շատ արագ լուծվի։ Կարծում եմ՝ շուտով նոր նախագիծ կներկայացվի և հավանաբար Սևանից լրացուցիչ ջրառ կկազմակերպվի։ Քննարկումներում խոսքը գնում է 50-70 մլն խորանարդ մետրի մասին»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով այսօր չզեկուցվող հարցերով Սամվել Ալեքսանյանի դստեր ընկոերությանը տրամադրվող արտոնությանը՝ Քերոբյանը հայտնեց, որ վերջերս կառավարությունը խիստ սահմանափակել է արտոնությունների տրամադրման կարգը և ձևը։

«Ներքին շուկայում սպառման տեսանկյունից աշխատում ենք այնպես անել, որ մրցակցությունը չտուժի, և բոլոր խաղացողներն ունենան նույն պայմանները, և միայն հումքից արտահանման մասով ենք փորձում աջակցել ընկերություններին։ Ընկերությունը լիովին բավարարում էր նորացված և ավելի խիստ չափանիշների, դրա համար էլ ստացել է արտոնությունը»,- հայտնեց նախարարի պաշտոնակատարը։ 

Նա նաև նշեց՝ տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը և պլանը մնում է ուժի մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter