
«Իմ քայլը» չի արձագանքել Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ հայտարարության նախագիծը արտահերթ նստաշրջան ներառելու առաջարկին
«Իմ քայլը» խմբակցությունը չի արձագանքել անկախ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի, Աննա Գրիգորյանի և Թագուհի Թովմասյանի խնդրանքին` արտահերթ նիստի օրակարգում ներառել նաև «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման և ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին» հայտարարության նախագիծը:
Հիշեցնենք, որ այն ստացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը և ընդգրկվել հունիսի 15-ի քառօրյա նիստերի օրակարգում, սակայն քվորում չլինելու պատճառով նիստ չէր գումարվել, և հարցը դուրս էր մնացել օրակարգից: Նախագծի հեղինակներն այսօր հրավիրված ճեպազրույցին ասացին, որ գրավոր նամակով դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով այդ հարցը ևս ներառել արտահերթ նստաշրջանի օրակարգում, սակայն Միրզոյանը պատասխան նամակով տեղեկացրել է, որ վերջիններս պետք է դիմեն ԱԺ արտահերթ նստաշրջան նախաձեռնող պատգամավորների խմբին և «Իմ քայլը» խմբակցությանը:
Պատգամավորներն այդպես էլ վարվել են, սակայն այդպես էլ որևէ արձագանք չեն ստացել, ինչի հետևանքով հայտարարությունը չի ներառվել նստաշրջանի օրակարգում: Սոֆիա Հովսեփյանի գնահատմամբ` խորհրդարանական մեծամասնությունն այդ քայլով հերթական անգամ անտեսում է Արցախի կարգավիճակի հարցը: Նա ընդգծեց, որ հայտարարության տեքստը համաձայնեցվել է Արցախի խորհրդարանի հետ, ինքնանպատակ չի եղել,եղել է նաև Հայաստանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի համաձայնությունը:
Թագուհի Թովմասյանն էլ հավելեց, որ Հայաստանը որպես պետություն պետք է որևէ փաստաթղթով արձանագրի, որ Արցախն օկուպացված է, նրա համար անհասկանալի է, թե ինչու է գործող իշխանությունը խուսափում այդ փաստն արձանագրել:
«Եթե չենք ընդունում, որ Շուշին, Հադրութը օկուպացված են, աշխարհից ինչ ենք ակնկալում»,-ասաց Թովմասյանը:
Նշենք, որ ըստ այդ հայտարարության` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ զինադադարի ռեժիմի պահպանման և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն:
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի առանց որևէ սահմանափակման ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է Արցախի Հանրապետության համար ընդունելի տարբերակով հիմնահարցի լուծումը, որը բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, երաշխավորելով Արցախի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, Արցախի հետ Հայաստանի հուսալի և անվտանգ ցամաքային կապը:
Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը՝ միաժամանակ կարևորելով և գնահատելով Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,-նշվում է նախագծում
Մեկնաբանել