
Իրանն իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության առաջարկին
Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդման համար «3+3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությանը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին։
Iran supports initiative to establish a 3+3 format regional mechanism to bolster peace,stability & development in our region.Three S.caucasian states (Azerbaijan,Armenia,Georgia) + three regional neighbors (Iran,Turkey, Russia)can cooperate for the good of the region.???????????? pic.twitter.com/OduRxhxakw
— S.A. MOUSAVI (@SAMOUSAVI9) July 2, 2021
«Հարավային Կովկասի երեք երկրները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) + տարածաշրջանային երեք հարևանները (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) կարող են համագործակցել ի շահ տարածաշրջանի»,- նշել է Մուսավին։
«3+3» ձևաչափն առաջարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դեռ հունվարի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ձևավորելով «3+3» ձևաչափը։ «Մեզ անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Այնպես որ, մենք ծրագրում ենք համագործակցել «3+3» ձևաչափով»,- նշել էր Չավուշօղլուն։
«3+3» ձևաչափ ասելով Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ի նկատի ուներ Հայաստանին, Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին և Թուրքիային։ Իրանի արտաքին գործերի նախարարը ողջունել էր գաղափարը՝ հայտարարելով, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել