HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աշոտյանը վստահեցնում է` փողոցային պայքարը շարունակվելու է, Փաշինյանի կյանքն էլ վերածելու են դժոխքի

«Դեռ ամիսներ  առաջ կանխատեսում էինք, թե ինչպիսի մոդելով են զարգանալու իրադարձությունները Հայաստանում, և ավաղ, մեր կանխատեսումները հերթական անգամ դարձան իրականություն»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա` դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը զիջելու է այն ամենը, ինչը պահանջելու են  Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանից ու Արցախից մնացած տարածքները հանձնելու է ռուսական պաշտպանության, ապա վերարտադրման փորձ է անելու:

«Խորհրդարանական վերջին ընտրությունները չեն դառնալու ստեղծված իրավիճից ելք, այլ դժոխքի հերթական շրջանն են լինելու Հայաստանի ու Արցախի համար»,-ասաց նա:

Ըստ ՀՀԿ-ական գործչի` արտաքին աշխարհում կոնսենսուս կար, որ ներհայաստանյան անհանգիստ վիճակը պետք է հանգուցալուծել ոչ թե փողոցային պայքարով, այլ` ընտրություններով:

«Այս ընտրությունները պետք էին աշխարհին, բայց ոչ Հայաստանին, աշխարհն ուզում էր փորձել ունենալ լեգիտիմության մանդատը  թարմացրած իշխանություն` տարածաշրջանային հետագա զարգացումների համար չեզոքացնելու այն բորբոքված օջախը, որին վերածվել էր Հայաստանը»,-ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի վստահեցմամբ` վերջին ընտրությունները քաղաքական կայունություն չեն բերելու, ինչի համար բազմաթիվ օբյեկտիվ նախադրյալներ կան: Ըստ նրա` այս ընտրություններն իրենք չեն ճանաչում որպես Արցախի կորստի լեգիտիմացում, որքան էլ «մեծ է գաղթակղությունը դրսում, որ ինչ եղել է, հայ ժողովուրդը մարսել ու համակերպվել է էդ կզած վիճակին, սակայն դա այդպես չէ»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն և Հայրենիք կուսակցությունները «Պատիվ ունեմ» դաշինքով չստանալով դաշինքի համար անհրաժեշտ 7% քվե, սակայն իրավունքի ուժով անցել են խորհրդարան: Ընդդիմադիր երկրորդ խմբակցությունը կարող է լինել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, երկուսն էլ ընտրությունների արդյունքները վիճարկում են ՍԴ-ում:

«Այն փաստը, որ կարող է երկու ընդդիմադիր խմբակցություն լինել խորհրդարանում, ընդգծում է այն հնարավորությունը, որ փողոցային պայքարը Հայաստանում շարունակվելու է: Գուցե բավարար ձայներ չհավաքվեցին գահընկեց անելու Փաշինյանին (Աշոտյանի կողմից կիրառվել է «դավադիր կապիտուլյանտ» բնորոշումը հեղ.), բայց բավարար քանակով ձայն հավաքվեց, որպեսզի իր կյանքը բոլոր դրսևորումներով` հատկապես քաղաքական, վերածվի դժոխքի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մեկ ամսից ավելի է Հայաստանը չունի ԱԳ նախարար, սա ինչ հետևանքներ կարող է բերել, Աշոտյանը հեգնեց.

«Էնպես եք ասում ԱԳՆ չունենք, կարծես մնացած ամեն ինչ ունենք, մենք բանակ չունենք, ՊՆ չունենք, կառավարություն չունենք, ղեկավար չունենք, մտավորական էլիտա չունենք: Նույնը վերաբերում է ռազմագերիների խնդրին, դա մոռացված է իրենց համար, երեկ Բաքվի դատարանում դատեցին մեր տղերքին, մի հատ ծպտուն եղել է իրենց կողմից»,-ասաց նա:

Լուսանկարը` արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter