HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կինն ու ամուսինն՝ ամբաստանյալի աթոռին․ պետական դավաճանության գործով նիստը հետաձգվեց

Պետական դավաճանության գործով անցնող ամուսիններ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը մանկահասակ երեխա ունեն։ Այսօր Սարգսյանը երեխայի հետ էր դատարանում։ Երբ նիստը սկսվեց, երեխային տվեց հարազատներից մեկին ու մտավ նիստերի դահլիճ։ Ամուսնուն պետական դավաճանության հարցում օժանդակելու մեջ մեղադրվող Սարգսյանի շահերը պաշտպանելու համար այսօր դատարան էին ներկայացել փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևն ու Աբգար Պողոսյանը։ Վերջիններս նախաքննության ընթացքում գործում ներգրավված չեն եղել, գործի բոլոր նյութերին ծանոթ չէին, դատարանին միջնորդեցին նիստը հետաձգել։ Նման պայմաններում նիստը ենթակա էր հետաձգման, սակայն մինչ այդ դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունները։

Մայիս Սահակյանը հայտնեց, որ ծնվել է 1998 թվականին, ՀՀ քաղաքացի է, մինչև կալանավորվելն աշխատել է «Էրեբունի պլազայում», որպես անվտանգության աշխատակից։ Կինը՝ Ստելլա Սարգսյանը, նույնպես 1998 թվականին է ծնվել, դատարանին հայտնեց, որ թերի բարձրագույն կրթություն ունի, այժմ տարկետում է վերցրել։ Դատարանի հարցին՝ առո՞ղջ եք, Սարգսյանը պատասխանեց, որ իրենց հետ տեղի ունեցած իրադարձություններից հետո այնքան էլ առողջ չէ։ Երբ դատարանը փորձեց ճշտել՝ արդյոք մեղադրական եզրակացությունը, իրավունքների և պարտականությունների մասին հուշաթերթիկը ստացե՞լ է, դրանք հասկանալի՞ են, Սարգսյանն ասաց, որ այնքան էլ հասկանալի չեն։ Հետո դժգոհություն հայտնեց առաջադրված մեղադրանքից ու հուզվեց։ Ամուսինը՝ Մայիս Սահակյանը ևս ցանկանում էր կնոջ մեղադրանքի վերաբերյալ ինչ-որ բան հայտնել, բայց հերթը հայտարարություն անելուն չհասավ․ դատարանը, հետաձգեց նիստը՝ հաջորդը նշանակելով սեպտեմբերի 28-ին։

Հիշեցնենք, որ Մայիս Սահակյանն, ըստ մեղադրանքի, կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ստելլա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները: Մայիս Սահակյանը կալանքի տակ է, կինը՝ ազատության մեջ։ Ըստ ԱԱԾ-ի հայտնած տվյալների՝ ամուսինները նախկինում գտնվել են Թուրքիայում, Մայիս Սահակյանը հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից: Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստանի քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:

Ըստ ԱԱԾ տվյալների՝ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացին համաձայնել է ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության տեղեկություններ տրամադրել թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչին։ Մասնավորապես, քաղաքացին զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկությունների դիմաց վարձատրվել է։

«ՀՀ քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1 500 դոլար գումար»,- ասված է գործի վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Այսօր դատարանում էր նաև Մայիս Սահակյանի մայրը։ Վերջինս լրագրողներին հայտնեց, որ Թուրքիայից է եկել, ապա դժգոհություն հայտնեց վերջիններիս աշխատանքից՝ պնդելով, թե լրագրողները պատշաճ «քննություն» չեն իրականացրել, գործով ճշմարտությունը չեն ներկայացնում, բայց երբ լրագրողներից մեկը նիստի ավարտից հետո ցանկացավ նրանից հարցազրույց վերցնել, հրաժարվեց խոսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter