HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում կայացել է Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի գործով հերթական նիստը

Հուլիսի 7-ին Բաքվում կայացել է գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատական հերթական նիստը, որոնք մեղադրվում են Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիստի ընթացքում հարցաքննվել է Լյուդվիգ Մկրտչյանը։ Նա նշել է, որ 1993 թվականին եղել է Մարտակերտում, սակայն այդ շրջանում պատերազմական գործողություններ չեն եղել։ «Մեկ ամիս մնացել եմ այնտեղ։ Հետո եղել եմ Հադրութում։ Այնտեղ բուժում էի ստանում։ 1994 թվականին եկել եմ Մատաղիս։ Երբ խրամատ էինք փորում, մեր կողքը արկ ընկավ, որի արդյունքում ստացա ուղեղի սալջարդ։ Այդ ժամանակ ես հայկական խմբի կազմում էի, որը ստեղծվել էր Հայաստանում։ Ես նաև կամավոր Ղարաբաղ էի եկել այդ ջոկատի հետ։ Դա պատերազմ էր, ինչ ասում էին, այն էլ անում էինք։ Մարտերից հետո ես լքեցի Հայաստանը և գնացի արտասահման»,- հայտարարել է Լյուդվիգ Մկրտչյանը։ Վերջինս նաև ընդգծել է, որ որպես կամավորական, մասնակցել է ապրիլյան մարտերին։

Մկրտչյանն ընդգծել է, որ ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին Հադրութում։ «Մենք նահանջեցինք, թաքնվեցինք անտառներում։ Մեր հրամանատարն անհետացավ, ես չգիտեի, թե նա ուր է գնացել։ Այնտեղ կար 120 զինծառայող։ Մենք թաքնվեցինք անտառոտ տեղանքում։ Այդ ժամանակ երկու ուղղություններից կրակահերթ սկսվեց։ Մենք կանգ առանք առվի մոտ։ Մութն ընկնելուց հետո՝ սկսեցինք գնալ լեռան ուղղությամբ։ Առավոտյան գերեվարվեցի ադրբեջանցի զինծառայողների կողմից»,- հավելել է Լյուդվիգ Մկրտչյանը։

Պատասխանելով դատավորի հարցին՝ նա նշել է, որ մարտական գործողություններում մասնակցելու համար ստացել է 5 մեդալ։

Իր հերթին Ալյոշա Խոսրովյանն էլ նշել է, որ Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ գտնվել է երկու երկրի սահմանին։ «Այդ ժամանակ ես այնտեղ մասնակցում էի որպես քաղաքացիական անձ։ Փոքր երեխա ունեի և պատերազմ էի մեկնել փող աշխատելու համար»,- հայտարարել է Խոսրովյանը։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 14-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բաքվում մեկնարկել էր հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում է 1991 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ադրբեջանցի 12 գերիներին խոշտանգելու և մոտ 17 օր Իվանյանի մոտ գտնվող Այգեստան գյուղի անտառում նրանց պահելու մեջ։

Ադրբեջանական կողմը չի բավարարվում այս մեղադրանքով և Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է նաև Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Շուշիի բանտում և Երևանում գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին իբր ծեծի ենթարկելու, իսկ ադրբեջանցի զինծառայողներից մեկին էլ սպանելու մեջ։

Ալյոշա Խոսրովյանն էլ մեղադրվում է 5 ադրբեջանցի գերու նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի մեջ։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ 1994 թվականի ապրիլին Խոսրովյանը ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի Աղբուլաղ (խմբ. Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։ Բացի այդ, Ալշոյա Խոսրովյանը մեղադրվում է նաև 1993-1994 թվականներին Շուշիի բանտում պահվող ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter