HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրո-2020-ի պատճառով մեծացել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Եվրոպայում նպաստել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճին։ Այդպիսի եզրահանգման են եկել Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի (ECDC) փորձագետները՝ ուսումնասիրելով Եվրո-2020 մրցաշարի առաջին երեք շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերը։

Առողջապահության հարցերով եվրոպական գործակալության փորձագետները պնդում են, որ այդ ժամանակաշրջանում Եվրոպայի յոթ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2500 դեպք, որոնք կարող են կապ ունենալ մրցաշարի հետ։ ECDC-ի հանրային առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վիկի Լեֆևրը նշում է, որ դեպքերի նման զարգացումն անսպասելի չէր, քանի որ այցելուների մեծ թվաքանակով խոշոր իրադարձությունները նախկինի պես կապված են հիվանդության տարածման ռիսկի հետ։

SARS-CoV-2-ի վարակման ամենաշատ դեպքերը, որոնք կապում են Եվրո-2020-ի հետ, գրանցվել են Շոտլանդիայում (1991)։ Շոտլանդիայի հավաքականը խմբային փուլի երկու խաղ է անցկացրել Լոնդոնի և Գլազգոյի մարզադաշտերում։ Վիկի Լեֆևրը նշել է, որ կորոնավիրուսի դելտա տարբերակը դեռ չէր սկսել տարածվել, երբ որոշվեց, որ Եվրո-2020-ի խաղերը պետք է անցկացվեն տասնյակ հազարավոր հանդիսականներով։ Ներկայում Մեծ Բրիտանիայում նոր դեպքերի մեծ մասը բաժին է հասնում կորոնավիրուսի հենց այդ տարբերակին։

Ֆինլանդիայում էլ Եվրո-2020-ի հետ կապված հայտնաբերվել է կորոնավիրուսի 436 դեպք։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է այն բանից հետո, երբ ֆին երկրպագուները այցելել են իրենց հավաքականի մասնակցությամբ հանդիպմանը, որն ընթանում էր Սանկտ Պետերբուրգում։ Քիչ քանակությամբ դեպքեր էլ հայտնաբերվել են Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Խորվաթիայում և Նիդերլանդներում։

Մասնագետները հստակ չեն կարողանում նշել, թե հենց որտեղ են վարակվել ֆուտբոլային երկրպագուները։ Նրանց կարծիքով՝ դա կարող էր լինել ինչպես մարզադաշտերում, այնպես էլ երկրպագուների գոտիներում, ճանապարհորդության ընթացքում կամ էլ մասնավոր հանդիպումների ժամանակ։ Վիկի Լեֆևրը ընդգծում է, որ Եվրո-2020-ի անցկացման որոշումը եղել է «քաղաքական», որը պայմանավորված էր նրանով, թե ինչ ռիսկի էին պատրաստ գնալ այն երկրների իշխանությունները, որոնք ընդունում էին առաջնության խաղերը։

Լուսանկարը՝ ruptly.tv-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter