HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Եվրո-2020-ի եզրափակչում կխաղան Անգլիան և Իտալիան

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի ազգային հավաքականը 2։1 հաշվով (լրացուցիչ ժամանակում) պարտության մատնեց Դանիայի ընտրանուն և դուրս եկավ եզրափակիչ։ Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Հանդիպման հենց մեկնարկից թիմերը ցույց տվեցին, որ ֆուտբոլասերները դիտարժան խաղի են ականտես լինելու։ Առաջին կեսի ընթացքում Անգլիայի հավաքականը ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն խաղային առավելություն թիմերից և ոչ մեկը չուներ։ Գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, բայց հանդիպման առաջին գնդակը խփվեց ոչ թե խաղից, այլ ստանդարտ դրությունից։ 30-րդ րոպեին Անգլիայի հավաքականի դարպասին նշանակված հեռահար տուգանայինը փայլուն հարվածով իրացրեց Միկել Դամսգորը՝ առաջ մղելով դանիացիներին։ Ի դեպ Եվրո-2020-ի ընթացքում սա Անգալիայի ընտրանու բաց թողած առաջին գոլն էր։

Այնուամենայնիվ, Դանիայի հավաքականի ուրախությունը երկար չտևեց, որովհետև 9 րոպե անգլիացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Անգլիայի ընտրանու խաղացող Բուկայո Սակայի՝ հարձակման աջ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյաերը։ Թիմերը հենց այս հաշվով էլ գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղակեսում Անգլիայի հավաքականը զգալիորեն մեծացրեց ճնշումը․ դանիացիները հիմնականում պաշտպանվողի դերում էին։ Եվ չնայած անգլիացիների բազմաթիվ գրոհներին՝ նրանց այդպես էլ չհաջողվեց գտնել Դանիայի հավաքականի դարպասի բանալին։ Հանդիպման երկրորդ կեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում Դանիայի հավաքականը փակվել էր իր տուգանային հրապարակում և հաջողությամբ հետ էր մղում անգլիացիների գրոհները, սակայն 104-րդ րոպեին իրավիճակը փոխվեց։ Ռահիմ Ստերլինգը աջ եզրից ներխուժեց դանիացիների տուգանային հրապարակ և վայր ընկավ։ Վիճելի դրվագում գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցավ Հարի Քեյնը, նրա հարվածը Դանիայի ընտրանու դարպասապահ Կասպեր Շմայխելը հետ մղեց, սակայն վրա հասած Քեյնը երկրորդ փորձից գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով հանդիպման վերջին և Անգլիայի հավաքականի համար հաղթական գոլի հեղինակը։

Նշենք, որ Անգլիայի ազգային ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար Անգլիայի հավաքականը ուժերը կչափի Իտալիայի հետ, որը հուլիսի 6-ին առավելության էր հասել Իսպանիայի նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին կրկին «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ 

Լուսանկարները՝ ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter