HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես անձամբ դաս եմ տվել իրեն, բայց ինքն ինձ ավելի շատ է դաս տվել»,- ասում է հրետանավոր Դավիթ Յակովլեւի ուսուցչուհին

2019 թ․ մայիսին ռուսերենի ուսուցչուհի Վարդուհի Ղուկասյանը դպրոցն ավարտող 12-րդ դասարանցիներին մաղթանքներ է հղում՝ ցանկանալով կանաչ ճանապարհ, բարձունքների հաղթահարում, իսկ բանակ մեկնել պատրաստվող տղաներին ցանկանում բարի ծառայություն։ Սա պատմելուց Վարդուհի Ալբերտովնայի ձայնը խզվում է, աչքերը միանգամից կարմրում են, ու, կարծես, հրաբխի պես արցունքները ժայթքում են։

Մենք լուռ մաքրում ենք մեր խոնավ աչքերը, իսկ ուսուցչուհին շշուկով շարունակում է պատմությունը. «Այդ օրը Դավիթը, կարծես, հատուկ պահ որսար ու այդ խոսքերը նետեր մեզ: Նա, ասես, ուզում էր ինչ-որ բան հասկացներ մեզ, ասաց՝ գնալու եմ, կռիվ է լինելու, զոհվելու եմ… Ասացի՝ Դավիթ, վերջացրու, խոսքն ուժ ունի, մյուս անգամ չկրկնես: Բարկացած դուրս եկա դասասենյակից: Հիմա մտածում եմ՝ ինչ-որ բան էր նախազգուշացնում, եւ ես լուրջ չեմ ընդունել»: Այդ օրը ուսուցչուհին վերջին անգամ էր տեսել Դավիթին, նույնիսկ չգիտեր, որ երկու ամիս հետո՝ հուլիսի 19-ին, Դավիթը զորակոչվել է: Նույն խոսքերը Դավիթն ասել էր 2016 թ. քառօրյա պատերազմի օրերին, երբ դասարանում քննարկում էին կազմակերպել:

Դավիթ Յակովլեւը սովորում էր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցում, որտեղ ընդունվելու մեկ տեղի համար մի քանի հոգի են պայքարում, եւ ընդունելությունը քննություններով է: Սակայն դա առանձնապես դժվարություն չէր Դավիթի համար: Դեռ տարրական դասարանի աշակերտ էր, երբ ուսուցչուհին նկատել էր նրա մաթեմատիկական հմտությունները: 15-16 տարեկանում Դավիթն ինքնուրույն համակարգչային ծրագրեր, խաղեր էր ստեղծել, աշխատում էր: Յութուբյան ալիք ուներ, որտեղ շատ դիտումների շնորհիվ գումար էր աշխատում: Եվ առաջին աշխատավարձով ժամացույց էր գնել մոր համար՝ ասելով, թե ուզում է հիշվող բան գնել նրա համար: Ժամացույցն այսօր էլ անխափան աշխատում է՝ ծանրացնելով կյանքի այն ժամանակը, որ մայրն անցկացնելու է առանց որդու: Դավիթն ընտանիքի երեք որդիներից ավագն էր:

Նախքան բանակ զորակոչվելն ընդունվել էր Հայաստանի ամերիկյան համալսարան, բայց մտափոխվել էր եւ դիմել ու ընդունվել ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:  Զորացրվելուց հետո մտադրվել էր, եւ սովորել, եւ աշխատել: Այս տարվա սեպտեմբերին Դավիթը պետք է բացեր համալսարանի դուռը, սակայն պատերազմը փոխեց նրա կյանքի ընթացքը՝ անավարտ դարձնելով այն թռիչքը, որն սպասվում էր նրան:

Առաջին 6 ամիսը Դավիթը ծառայել է Լուսակերտի ուումնական զորամասում, ապա տեղափոխվել Արցախ՝ Իվանյանի զորամաս: Կրտսեր սերժանտ էր, ինքնագնաց հրետանային կայանքի հրամանատար:

2020 թ. սեպտեմբերի 26-ին Դավիթը հսկիչ-անցագրային կետում վերակարգի մեջ էր: Այդ օրը երեկոյան մոր հետ խոսելիս ասել էր, թե խոսակցություններ կան, որ սահմանին իրավիճակը լարված է, եւ հնարավոր է իրենց դիրքեր տանեն: Ավելի ուշ զանգել էր՝ տեղեկացնելով, որ դիրքեր չեն տանի, ասում են, որ դրանք պարզապես խոսակցություններ են: Ամսի 27-ի առավոտյան թշնամին սկսել էր հրետակոծել զորամասերը: «Զանգեց, ասաց՝ մամ, լուրջ է, շատ լուրջ է, մեր ամբողջ պոլկին խփել են: Ասաց՝ ամբողջ սահմանին պատերազմ է»,- հիշում է մայրը՝ Սոֆի Հայթայանը:

27-ի առավոտյան մի արկ էլ ընկել էր հենց հսկիչ-անցագրային կետի դիմաց: Իրավիճակի հարաբերական հանդարտվելուց հետո Դավիթենց տեխնիկաներով տեղափոխել էին դիրքեր: Սկզբում Հադրութի ուղղությամբ էին տարել, որտեղից այլ վայր էին տեղափոխել:

Վերջին ուղղությունը, որտեղ Դավիթը եղել էր, Մարտունին էր: Հետագայում զինակից ընկերները պատմել էին, որ Դավիթը իր վերջին մարտական գործողությանը մեկնելուց առաջ ասել էր, թե լավ հաշվարկներ են պետք, եւ ինքն անպայման պետք է այնտեղ լինի: Դավիթը համառել էր մասնակցել գործողությանը, քանի որ կարծում էր՝ ինքն է ամենալավ հաշվարկ անողն ու մարտի դաշտում շատ է պետք։ Գործողությանը նա մասնակցել էր այլ անձնակազմի հետ եւ ոչ իր տեխնիկայով: 

Հոկտեմբերի 18-ի գիշերը հոր հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ գնում են: Իմանալով որ իրենց անձնակազմը չի մասնակցում՝ հայրը զարմացել էր, թե ոնց են գնում: Որդին խիստ ձայնով երեք բառ էր ասել. «Տենց ա պետք»: Երբ հայրը հետաքրքրվել էր, թե ուր են տանում, ասել էր՝ այնտեղ, որտեղ կարտոֆիլը լավ է լինում ձեզ մոտ: Հարազատները մտածել էին, որ Մարտունի են գնում, իսկ հետո իմացել էին, որ Դավիթենց տարել էին Մարտունու Շեխեր գյուղի ուղղությամբ: Դավիթն առհասարակ կոնկրետ տեղերը չէր նշում հեռախոսային խոսակցություններում: Տնեցիներին նախօրոք տեղեկացրել էր, որ հնարավոր է հեռախոսային կապ չլինի, բայց ամեն օր տղաներից մեկի միջոցով հայտնում էր, որ ամեն բան լավ է:

Զինակիցները հետո պատմել են, որ 6-օրյա համառ մարտերի ժամանակ Դավիթը ոչ միայն ինքն է ճշգրիտ հաշվարկներով արագ խոցել թշնամուն, այլեւ օգնել մարտկոցի մյուս կայանքներին հաշվարկներ կատարելիս։ 

Սոֆին ասում է, որ ինքը տավուշյան դեպքերից հետո չափազանց անհանգիստ էր: Մտածում էր, որ լայնամասշտաբ մարտական գործողություններ են սկսվելու Արցախում:

«Սեպտեմբերի սկզբին հոսպիտալում էինք, ասաց՝ մամ, ինչի՞ ես անհանգստանում ինձ համար, դու գիտե՞ս, թե իմ տեխնիկան ինչ հեռու ա կրակում: Ասում էր՝ մեր դիրքերից երեւի 5 սար կա դեպի իրենց դիրքեր: Պատմում էր, թե ինչ ապահով է իր տեխնիկան, ոնց են տեղավորում այն… Ինքն անընդհատ հանգստացնում էր ինձ: Ասում էր՝ մամ, չես տեսնու՞մ՝ Աստված իմ գլխին ա, ինձ հետ ի՞նչ պիտի լինի: Չգիտեմ ինչի, ամբողջ կյանքում միշտ անհանգիստ եմ եղել իր համար, բայց պատերազմի ընթացքում ինձ թվում էր, որ իր հետ ոչինչ չի լինելու»,- նշում է մայրը:

Դավիթի դասղեկ Գայանե Հովհաննիսյանն ասում է, որ պատերազմի օրերին հաճախ էր զանգում զորակոչված տղաների ծնողներին, եւ միայն Սոֆին էր, որ երբեք հուսահատ չէր խոսում, ասում էր՝ իմ Դավիթը քաջ է: Սոֆին ասում է՝ գուցե պատճառն այն է, որ որդին էլ իրեն էր հանգստացնում: Սոֆիի մայրը՝ Անահիտ Հայթայանը, նկատում է, թե միայն իրենց են հայտնի Սոֆիի ապրումները: Մի պահ լռում ենք, եւ այդ լռությունը հոգեմաշ է:

«Ընդհանուր ընկերուհի ունենք՝ Լիլիթը, երբ զանգեց, մտածեց, թե գիտենք կատարվածի մասին: Ասեց՝ Գայ, մեր Դավիթը հերոսացավ… Մինչեւ կյանքիս վերջ այդ բառերը կլինեն ուղեղիս մեջ»,- ասում է դասղեկը, ու հազիվ զսպված լացը, ասես, կապանքներից ազատվում է: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 26-ին Շեխերում: «Մինչեւ հիմա չեմ կարողանում հեռախոսից ջնջել Դավիթի հեռախոսահամարը: Երբ կարդում եմ համարների ցանկը, անկախ ինձնից՝ ուզում եմ Դավիթի անունն էլ կարդալ»,- ասում է Գայանե Հովհաննիսյանը:

Ռուսերենի ուսուցչուհի Վարդուհի Ղուկասյանն ասում է, որ Դավիթը «տիտուլավոր անհատականություն» էր՝ իր կողքինին միշտ բարձրացնում էր եւ դա անում էր առանց ցուցադրականության, բոլորին՝ մեծից փոքր, տեր էր կանգնում:

«Մարդիկ կային, որոնց նկատմամբ փոքր-ինչ անտարբեր էի, եւ զարմանում էի, թե Դավիթն ինչպես է ընկերություն անում նրանց հետ: Հետո հասկացա, որ նա այն աստիճանի էր բարձրացնում նրանց, որ ինքս փորձեցի փոխել իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ: Այդ տեսակը չկա հիմա,- ասում է Վարդուհի Ղուկասյանն ու հավելում,- նա ուղղակի Մարդ էր: Ես անձամբ դաս եմ տվել իրեն, բայց ինքն ինձ ավելի շատ է դաս տվել»:

Վերջին զանգի օրը Դավիթը դպրոցում փնտրել է Վարդուհի Ալբերտովնային՝ ծաղիկներ նվիրելու համար, սակայն այդ օրը վերջինս դպրոց չէր գնացել: Ինչ իմանար, որ հետո ինքն է ծաղիկներ տանելու զոհված աշակերտի հիշատակին: Դավիթենց տուն մտնելիս նրա երկու ուսուցիչներն այնքան նուրբ ու շշուկով են ծաղիկները դնում նախասրահում նրա լուսանկարի մոտ, որ անբացատրելի հուզմունք է առաջանում:

Դասարանում քննարկումների ժամանակ երբ խոսում էին նպատակներից ու երազանքներից, Դավիթն ասում էր, որ իր ապագան պատկերացնում էր ծրագրավորման ասպարեզում: «Նա չէր վախենում մեծ պլաններ ու երազանքներ գծելուց: Ոչ թե ասում էր՝ դա պիտի անեմ, այլ ասում էր՝ դա կանեմ»,- նշում է դասղեկ Հովհաննիսյանը:

«Երբ Աստված մեկին շատ է օժտում, սատանան նրան անմիջապես նկատում է»,- ասում է Դավիթի պապը, եւ հյուրասենյակը լցվում է անափ տխրությամբ:

Դավիթ Յակովլեւը հետմահու պարգեւատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով:

Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից, Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Մացակ Սիմոնիան
Դավիթի հետ առաջին անգամ հանդիպեցի Սկայպի միջոցով, երբ դեռ ինքը դպրոցում էր սովորում և հաճախում Երեվանի «Տումո»-յի կենտրոններից մեկը։ Արդեն նրա մոտ ծրագրավորումն ու համակարգիչների հետ աշխատելը դարցել էին կյանքի նպատակ կամ մասնագիտություն։ Դավիթը շատ ոգեվորությամբ պատմում էր ինստագտամի պլատֆորմի համար իրենց ստեզծաց համակարգչային խաղի մանրամասնութըուների մասին։ Ոգեվորությունը շատ մեծ էր, երբ հասկացավ, որ երեք հոգուց բաղկածաց իրենց խումբը, որի ղեկավարը ինքն էր, արժանացել է առաջին մրցանակին, խաղի քելացի ռազմավարռւթյան և գեղեցիկ դեզայնի համար։ Ես հազար տոկոս համաձայն եմ Դավիթի մեծ հոր, իմ ընկերոջ խոսքերին«Երբ Աստված մեկին շատ է օժտում, սատանան նրան անմիջապես նկատում է»։ Դավիթի կարճ կենսագրությունը ցույց է տալիս, որ նա ակնհայտ լիդեր լինելով, հերոս է եղել ինչպես ճակատում, այնպես էլ կյանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter