HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲԴԽ-ն դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառեց

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով կարգապահական տույժ՝ նկատողություն կիրառեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ։ Դատավոր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Արդարադատության նախարարությանը դիմել էր գլխավոր դատախազը, նախարար Ռուստամ Բադասյանը միջնորդությամբ դիմել էր ԲԴԽ-ին։

Դատավորին կարգապահական պատասխանատվության հարցն առաջ է քաշվել այն բանից հետո, երբ վերջինս իր վարույթում քննված գործերից մեկով կալանավորման միջնորդություն է մերժել։ Արդարադատության նախարարությունն ասում է՝ իբր Գրիգորյանը, կալանավորման վերաբերյալ որոշումը կայացնելիս, վարույթն իրականացնող մարմնի բոլոր փաստարկներին չի անդրադարձել՝ միաժամանակ նաև պնդելով, որ դատավորն, այսպես ասած, գերպատճառաբանված որոշում է կայացրել՝ հիմնավոր կասկածից զատ անդրադառնալով մեղադրյալի մեղադրանքի հիմնավորվածության հարցին, ինչն, ըստ նախարարության՝ կալանավորման հարցի քննության ժամանակ քննարկման ենթակա հարց չէ։

«Հետք»-ի հետ զրույցում Գրիգորյանի ներկայացուցիչ Միքայել Շխիմյանը հատկանշական համարեց այն հանգամանքը, որ  դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ անդամներից դեմ են քվեարկել միայն քրեական գործեր քննող դատավորները՝ Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը, որոնք մշտապես կալանավորման միջնորդություններ են քննում։ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին, փաստորեն, կողմ են քվեարկել քաղաքացիական գործեր քննող դատավորը և Խորհրդի իրավաբան գիտնականները, որոնք չեն առնչվում կալանավորման հարցերին։

Նշենք, որ Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը մեծ հնչեղություն է ստացել։ Նիստին, որտեղ քննարկվել է Արդարադատության նախարարության միջնորդությունը, ներկա են եղել դատավոր  Դավիթ Բալայանը, Արման Հովհաննիսյանը, Վահե Միսակյանը, Տաթևիկ Գրիգորյանը, Հարություն Մանուկյանը, Դավիթ Հարությունյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող է կարգապահական վարույթ հարուցելու հիմք լինել անձին չկալանավորելու վերաբերյալ որոշումը և հարց բարձրացրել, թե այդպիսով ո՞ւմ իրավունքն է խախտվել։ Դատավոր Արման Հովհաննիսյանն էլ դիտարկել է, որ, փաստորեն, դատավորին կարգապահական պատասխանատվության  են ենթարկում արդարադատություն իրականացնելու համար։

Ինքը՝ դատավոր Վարդան Գրիգորյանը իր նկատմամբ կարգապահական վարույթը համարել է իր՝ որպես դատավորի գործունեության նկատմամբ միջամտություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter