HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴ-ն ամբողջ կազմով քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումը

Սահմանադրական դատարանն (ՍԴ) ամբողջական կազմով քննում է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները: Դիմումի պատասխանող կողմ են հանդիսանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ներկայացված է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը), հարակից պատասխանողներ են` դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, երրորդ կողմ է ներգրավվել ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը:

Նիստի սկզբում «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի գործի քննությանը:

Զոհրաբյանի խոսքով` Վահե Գրրգորանը նախկինում հանդիսացել է ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել սույն գործի քննությանը, ՍԴ դատավորի` գործի մասնակցության անհնարինություն առկա է, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի դատավարության մասնակից կողմերից մեկի նկատմամբ: Մեր կարծիքով Վահե Գրիգորյանը ՔՊ-ի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմուք` կապված իր նախկին վստահորդի հետ, հետևաբար կողմնակալության վերաբերյալ օրինաչափ կասկած կա»,- ասաց Զոհրաբյանը:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հետաքրքրվեց, թե արդյոք միջնորդության հեղինակը տեղեկացվա՞ծ է, որ գրեթե նույնատիպ միջնորդություն ներկայացվել է «Հայաստան» դաշինքի կողմից, և արդյոք տեղեկացվա՞ծ է, որ ՍԴ-ն անդրադարձել է այդ հարցին:

Զոհրաբյանն արձագանքեց` մամուլից է տեղեկացրել, և կարծես թե, իրենց ներկայացրած հիմքերը կապ չունեն «Հայաստան» դաշինքի առաջադրած հիմնավորումների հետ:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ իր հերթին արձագանքեց` դիմումների հիմքերի ձևակերպումը նույնաբովանդակ չի կարելի համարել:

«Մենք գտնում ենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը կանխակալ վերաբերմունք ունի «Հայաստան» դաշինքի ցուցակի տասը համարներից երեքի` այդ թվում ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- ասաց նա:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մանրամասնեց` բարձր դատարանը գործի քննության այս փուլում դատավորի` գործի քննությանը մասնակցության անհնարինության հարց չի կարող քննել, հետևաբար այս քննարկումը ժամանակի կորուստ է:

ՔՊ ներկայացուցիչ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ եթե դիմողներից մեկը կարծում էր, թե որևէ դատավոր կանխակալ վերաբերմունք ունի, կարող էր այդ հիմնավորումները ներկայացել դիմումի հետ միասին: Նա նաև հավելեց` չի կարելի նույնականացնել փաստաբանին և իր երբեմնի վստահորդին:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն ընդգծեց` համամիտ է  Հրայր Թովմասյանի դիրքորոշման հետ, այս փուլում դատարանը չի կարող նման հարց քննարկման առարկա դարձնել: Նա նաև մանրամասնեց` դատավորի` գործի քննության մասնակցության անհնարինության հարց կարող է բարձրացվել ՍԴ որևէ դատավորի կողմից: Խունդկարյանը հիշեցրեց, որ բարձր դատարանն աշխատակարգային նիստով քննարկել է այդ հարցը:

Հարցի վերաբերյալ խոսեց նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը` նշելով, որ եթե դատարանը որոշի հարցը քննության առարկա դարձնել, պատրաստ է իր բացատրությունները ներկայացնել:

«Պարո՛ն Զոհրաբյան, ձևական պահանջների հետևում չեմ պատրաստվում թաքնվել, աշխատակարգային նիստի ընթացքում այդ հարցը և ոչ միայն, մանրամասն քննարկվել է բոլոր կտրվածքներով: Խորհուրդ կտամ ծանոթանալ նիստի արձանագրությանը: Եթե դատարանը կհամարի, որ կրկին քննության ենթակա է այդ հարցը, պատրաստ եմ բացատրություններս ներկայացնել»,-ասաց Գրիգորյանը:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն էլ ասաց, որ այս փուլում չի կարող բարձրացվել դատավորի` գործի քննության մասնակցության անհնարինության հարց: Նմանատիպ դիրքորոշում հայտնեց նաև Արթուր Վաղարշյանը` շեշտելով, որ միջնորդությունը պետք է մերժվի և քննության առարկա չդառնա:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն, ամփոփելով քննարկումը, ասաց, որ ՍԴ դատավորների մեծամասնության որոշմամբ՝ այս հարցը չի կարող առկա փուլում քննարկվել, և բարձր դատարանը որոշեց հարցը չքննարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter