
Դավիթ Հարությունյանը միջնորդեց, որ ԿԸՀ-ն յուրաքանչյուր դիմումատուին մեկական ժամ արձագանքի
Սահմանադրական դատարանում շարունակվում է երկու կուսակցությունների և երկու դաշինքների` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումը: Այն ներկայացրեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, որի խոսքով` ՍԴ-ն միավորել է չորս դիմումնները և քննում է միասին: Ըստ նրա`«Հայաստան» դաշինքը բարձր դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ` անվավեր ճանաչել արդյունքներն ու սահմանել մանդատների բաշխման կարգ կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
«Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նույն պահանջով է հանդես գալիս նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:
«Հայաստան» դաշինքն իր դիմումում նշել է մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի օգտագործման հանգամանքները, դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերը, 23790 քաղաքացիների ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու, հետևաբար առանց կտրոնի վրա լուսանկարի առկայության քվեարկությունը, ուղղորդման դեպքերը և այլն:
«Զարթոնք» կուսակցությունը դիմումի հիմնավորումներում նշել է ընտրական գործընթացի ազատության և հավասարության սկզբունքների խախտումների, ընտրողների ազատ կամքի վրա ազդելու, ուղղորդելու, էլեկտրոնային գրանցման սարքավորումների խնդիրները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությունը քարոզարշավին, վարչապետի պաշտոնակատարի բռնության կոչերը:
«Հայոց հայրենիք» կուսակցությունն իր դիմումում նշել է, որ ընտրությունների ընթացքում չի ապահովվել ընդհանուր հավասարությունը, ընտրական իրավունքի իրացումը, ընտրության գաղտնիությունը, չի պահպանվել ընտրական նոր կարգի ծանուցման կարգի պահանջը, վարչական ռեսուրսի կիրառում է եղել, արձանագրվել են թափանցիկ ծրարների, նաև հոսանքազրկման դեպքեր:
«Պատիվ ունեմ» դաշինքն իր դիմումում հայտնում է քարոզչության ընթացքում թեկնածուների լուսաբանման խտրական, ոչ հավասար պայմաններ, վարչական ռեսուրսի ներգրավում, ինչի արդյունքում ըստ դաշինքի, իշխող ուժը նշանակալի առավելություններ է ստացել: Դաշինքը բարձրաձայնել է նաև իր անդամների նկատմամբ ճնշումների, ձերբակալությունների մասին:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ներկայացրեց գործի նյութերի հետազոտման կարգը` լսելով կողմերի դիրքորոշումը: Դիլանյանի խոսքով` աշխատակարգային նիստում որոշում են կայացրել, որը վերաբերում է բացատրություններ տալու տևողությանը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը առաջարկեց դիտարկել աշխատանքային օրվա ավարտից հետո դատավարությունը շարունակելու հնարավորությունը:
«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը պնդեց` բացատրություններ տալու ժամանակը չի կարող սահմանափակվել որևէ ժամանակով: Զոհրաբյանն առաջարկեց յուրաքանչյուր դիմումատուի բացատրությունից հետո լսել ԿԸՀ բացատրությունը այդ դիմումի վերաբերյալ:
«Սա հնարավորություն կտա անհատապես մոտենալ յուրաքանչյուր դիմումին»,-ասաց Զոհրաբյանը:
«Հայոց հայրենիք» կուսացության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն ասաց, որ մեկ ժամը բավարար է իրենց բացատրությունները ներկայացնելու համար:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը միջնորդեց վերանայել ՍԴ աշխատակարգային որոշումը և սահմանել ԿԸՀ-ի համար մեկական ժամ յուրաքանչյուր դիմումին արձագանքելու համար:
«Երբ կարդացի ՍԴ աշխատակարգային որոշումը, ստեղծվեց այն տպավորությունը, որ կողմերին յուրաքանչյուր մեկական ժամ, իսկ ԿԸՀ-ին երկու ժամ տալով, ենթադրում եք, որ կողմերը կներկայացնեն իրենց դիրքորոշումները, որից հետո ԿԸՀ-ն հանդես կգա միանգամից արձագանքելով բոլորին: Կարծում եմ` դա այնքան էլ հաջող որոշում չէ, կողմերը պետք է հավասար հնարավորություն ունենան, եթե յուրաքանչյուր դիմողին մեկական ժամ եք տալիս բացատրության համար, ԿԸՀ-ն էլ պետք է մեկական ժամով յուրաքանչյուրին արձագանքի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ըստ նրա` առավել արդյունավետ կլինի, որ յուրաքանչյուր կողմի բացատրությունից հետո արձագանքի ԿԸՀ-ն:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արձագանքեց` անհրաժեշտ է որոշակի ժամանակ արձանագրել, նրա խոսքով` եղել են դեպքեր, երբ ՍԴ-ում նույն դիմումը երեք անգամ ընթերցվել է, հետևաբար ժամանակի որոշակի սահմանափակումը կդառնա կողմնորոշիչ: Ըստ Մուկուչյանի` եթե յուրաքանչյուր դիմումատուի բացատրությունից հետո ԿԸՀ ներկայացուցիչը հանդես գա, ապա կպահանջվի շատ ավելի ժամանակահատված:
«Նման մոտեցմանը դեմ ենք, եթե նման մոտեցում է առաջարկվում է, խնդրելու ենք լրացուցիչ մի քանի օր` մեր խոսքը պատշաճ նախապատրաստելու համար: Գրավոր խոսքով ենք հանդես գալիս ժամանակ տնտեսելու համար, իսկ այն նախապես պատրաստված է այն հաշվով, որ մենք պատասխան ենք ներկայացնելու չորս դիմումներին, եթե դա առանձնացվում է, ստիպված ենք լինելու լրացուցիչ ժամանակ խնդրելու»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Այս հարցերի վեաբերյալ քննարկումներից հետո դատարանը հեռացավ խորհրդակցության:
Մեկնաբանել