HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հադրութի գույները նոր ցուցասրահում

Նորաբաց «Դիզակարտ» սրահում Հադրութը ներկայացնող 26 կտավ է ցուցադրված: Հադրութի երկրագիտական թանգարանի 7500 ցուցանմուշներից այս նկարներն են միայն փրկվել և այն էլ դիպվածների արդյունքում: 

2019թ.-ի նոյեմբերին թանգարանն այդ նկարներն ուղարկել է Մոսկվա՝ Չուվաշական հանրապետությունում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացնելու համար։ Ադրբեջանցիները տեղեկացել էին ցուցադրությանը Արցախի Հանրապետության մասնակցության մասին ու աղմուկ բարձրացրել։ Ցուցահանդեսի կազմակերպիչները թանգարանի տնօրինությանը հայտնել էին, որ չեն կարող նկարների անվտանգությունն ապահովել, և դրանք մնացել ու ցուցադրվել են Մոսկվայում։ 2020թ. հունվարին նկարները պետք է վերադարձնեին թանգարանին, սակայն կորոնավիրուսի պատճառով տեղափոխումը հետաձգվել էր: Այդպես նկարները մնացին Մոսկվայում և փրկվեցին կորստից։ 

«Դիզակարտ»-ի համահիմնադիրներից Պատմական միջավայրի պահպանության Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանը ներկայացնում է կտավների ստեղծման պատմութունը: 2017թ.-ից Հադրութի վարչակազմի մշակույթի բաժինը նախաձեռնել էր «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումը, որին մասնակցելու էին հրավիրվում տարբեր երկրների նկարիչներ: Ռուսաստանից, Ուկրաինայից, Հնդկաստանից, Վրաստանից, Բալթյան և այլ երկրներից սիմպոզիումին մասնակցող նկարիչներն այդ օրերին ստեղծագործում էին Հադրութի տարբեր բնակավայրերում։ Պայմանն այն էր, որ նկարիչներից յուրաքանչյուրը 4 գործ պետք է թողներ Հադրութի թանգարանին։ 

Սիմպոզիումն իրականացվեց երեք տարի, որի շնորհիվ թանգարանը հարստացավ 200 գեղանկարով: Գայանեն ասում է, որ արդեն պատկերասրահ ունենալու մասին էին մտածում։ Սիմպոզիումն ամեն տարի իրականացնում էին հունիսին, 2020թ.-ին կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել էին սեպտեմբերին, հետո էլ պատերազմն սկսվեց: Բնակիչները Հադրութից տեղահանվեցին հոկտեմբերի առաջին տասնօրյակում, իսկ հետո Հադրութն ամբողջությամբ անցավ թշնամուն:

«Հադրութի երկրագիտական թանգարանում 7500-ից ավելի ցուցանմուշ մնաց, դրանց լուսանկարներն անգամ մնացել են թանգարանում։ Թանգարանի հավաքածուի մասին միակ փաստական վկայությունը թանգարանի զբոսավարի կազմած աշխատանքային ծրագիրն է, որը մշտապես նրա պայուսակում է եղել և այդպես է պահպանվել»,- պատմում է Գայանեն։

Մեկ ուրիշը «Դիզակարտ»-ին է փոխանցել Հադրութում հրատարակվող «Դիզակ» թերթի 3 համար։ Թերթը «Մի ցուցանմուշի պատմություն» սյունակում ներկայացնում էր թանգարանային ցուցանմուշների պատմությունը, սակայն թերթի արխիվը նույնպես մնացել է Հադրութում: Այդպես կորցրին նաև Հադրութի մասին ողջ պատմագիտական նյութը: 

Դիզակի մշակույթն այս սրահում եզրափակվում է Խծաբերդից բերված խաչքարի բեկորով։ Խաչքարը գյուղի աղբյուրի մոտ է դրված եղել, զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներին մասնակցողներից մեկն այս հունվարին թաքուն դուրս է բերել և տվել Տյումի գյուղից մի աղջկա: «Ես նրան խնդրեցի, որ տա ցուցադրության համար։ Այն ինչ մնացել է Հադրութից, որոշել ենք հավաքել «Դիզակարտ»-ում, որպեսզի Հադրութից տարհանված 13 500 բնակիչները հայրենիքից մի մասնիկ ունենան»-, ասում է Գայանեն։

Երևան քաղաքում բացված մշակութային սրահը «Դիզակարտ» են անվանել Հադրութի պատմական Դիզակ անունը պահպանելու համար։ Ցուցասրահի պատին փակցված լուսանկարներում Արցախի ամենաբարձրադիր և սուրբ լեռն է՝ Դիզափայտը, որի կատարին էլ գտնվում է հադրութեցիների սրբավայրը՝ Կատարո վանքը: Դիզակ անունն առավել հայտնի է դարձել 17-րդ դարում, երբ ձևավորվել են Խամսայի մելիքություններն ու Դիզակի մելիքությունը դարձել է գլխավոր կենտրոնը:

 

Հադրութում մի քանի թանգարանի նյութ է մնացել

Հին Հադրութ թաղամասի ամենահին շենքերից մեկում գործող երկրագիտական թանգարանի վեց սրահներում Հադրութը ներկայացված էր սկսած նախնադարից մինչև մեր օրերը: Գայանե Բուդաղյանն ասում է, որ թանգարանը հարստացել էր, հատկապես, մասնագիտությամբ պատմաբան Արթուր Մկրտչանի տնօրինության շրջանում (1986-91թթ.): Հետագայում հայրենագիտական թանգարանն անվանակոչվել է Լեռնային Ղարաբաղի ԳԽ առաջին նախագահ, անվանի հադրութեցի Արթուր Մկրտչանի անունով:

Թանգարանի վեց սրահներում ցուցադրված էր Ազոխի քարանձավի կենդանական ու բուսական աշխարհը, Հադրութից պեղված հնագիտական գտածոները, հադրութեցիների կենցաղը պատկերող առարկաներ և ազգագրական նյութեր, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հադրութեցիները, նաև Խորհրդային միության այլ երկրներում բնակվող հայտնի հադրութեցիների մասին տեղեկություններ։ 

Սրահներից մեկում, ըստ գյուղերի, փակցված էին Արցախյան գոյամարտին մասնակցած մինչև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված անվեհեր դիզակցիների, «Մարտական խաչ»-ի ասպետների և անհետ կորած ազատամարտիկների լուսանկարները։ Առանձին վահանակով ներկայացված էր Արթուր Մկրտչյանի անցած ուղին և այլն։ Այստեղ էր դրված զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի մանրակերտը։

«Եվ սա ամբողջը չէ, մի քանի թանգարանի նյութ է մնացել Հադրութում, որովհետև Հադրութի մարտական գործողություններն անկանխատեսելի եղան, ինչպես Շուշիում և ոչինչ չփրկվեց»,- հայտնեց Պատմական միջավայրի պահպանության Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանը:

Թանգարանը երկու մասնաճյուղ ուներ՝ Մեծ Թաղերում էր գտնվում Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի տուն-թանգարանը։ Այստեղ մարշալին վերաբերող նյութերից բացի, տնօրենը ազգագրական ու հնագիտական նյութեր էր հավաքել։ 

Հադրութի Տումի գյուղում 2014թ-ին հիմնվել էր Թևան Ստեփանյանի տուն-թանգարանը։ Նա 1920-ական թվականներին Հադրութի շրջանում հակաթուրքական պայքարի կազմակերպիչներից էր, Դրոյի և Նժդեհի զինակիցը։ 

Հադրութի շրջանի Տող գյուղում է գտնվում Տողի մելիքական ապարանքը, որն ըստ պահպանված արձանագրության կառուցվել է 1737թ.-ին և պատկանել է Դիզակի Մելիք Եգանին: Տողի մելիքական ապարանքի արգելոցի տարածքում հիմնված թանգարանում ցուցադրվում էին տարբեր տարիներին ապարանքի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter