HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոյեմբերի իննի գիշերը աշխարհը մեր գլխին շուռ եկավ ու շարունակում է շուռ եկած մնալ». ուսուցիչներն ու աշակերտները` Արցախից

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում «Հետքը» պատմել էր արցախցի աշակերտների կրթության կազմակերպման դժվարությունների մասին: Հիշեցնենք, որ 2020թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փակվել էին հարյուրավոր դպրոցներ և մանկապարտեզներ, 24 հազարից ավելի աշակերտ էլ զրկված էր դպրոց հաճախելու հնարավորությունից: Այժմ թշնամու վերահսկողության տակ է Արցախի հարյուրից ավելի դպրոց, այդ թվում նաև մեր հոդվածի հերոսներից` Լենա Ղազարյանի դպրոցը: Պատերազմի ավարտից կես տարի անց մենք փորձել ենք պարզել, թե ինչ ճակատագիր ունեցան մեր հոդվածի հերոսները:

Թամարա Գրիգորյան. «Ես հայրենիք եմ կորցրել»

Նոյեմբերի իննի երեկոյան Քարվաճառում արտասովոր անհանգիստ էր: Շուշիի վերաբերյալ իրարամերժ լուրեր էին պտտվում: Քարվաճառի «Վիկիակումբի» համակարգող, անգլերենի ուսուցչուհի Թամարա Գրիգորյանը դեռ մեկ օր առաջ էր նկատել Քարվաճառից Վարդենիս ճանապարհի անվերջանալի ավտոշարասյունը: Ասում է՝ տպավորություն էր, կարծես Արցախն ուղղակի դատարկվում է: Կռիվ տալով պատերազմի ողջ ընթացքում սովորական դարձած անորոշության ու լարվածության դեմ՝ Թամարան քնեց: 

«Վեր թռա ամուսնուս՝ Դավիթի շատ անհանգիստ հեռախոսազրույցից: Միայն լսեցի. «...Չէ, հիմա չէ, թող լույսը բացվի, առավոտը դուրս կգանք»: Վայրկյանների ընթացքում մտածում եմ` եթե Քարվաճառը գրավել են, ինչն իրոք անհավանական էր, հերթափոխի բարձրացող մեր զինվորականների հետ միշտ էլ կապ կար, վստահեցնում էին, որ մեր դիրքերն Օմարում ամուր են, էլ ո՞նց ենք սպասում առավոտվան, եթե չէ, էլ ուրիշ ի՞նչ պիտի եղած լինի, որ ստիպի Դավիթին ասել` «դուրս կգանք»: Ասում եմ` «Դավ, ի՞նչ ա եղել»: Ասում ա` «Ստորագրել ա....տալիս ա Քարվաճառը, Քաշաթաղը....»: Թե այդ պահին ինչ կատարվեց ինձ հետ, ինչ-որ բառով չեմ կարող նկարագրել: Նման ապրում ունեցել եմ, երբ տարիներ առաջ եղբայրս զանգեց ու ասաց, որ մեր հայրիկը մահացել է…»: Հաջորդ օրերին ընկերների ու Արցախ մեկնած եղբոր օգնությամբ ընտանիքը մի քանի առավել կարևոր իրեր է հավաքում ու լքում տունը...Ուղղությունը՝ Վանաձոր, որտեղ Թամարայի հայրական տունն է գտնվում: Թամարա Գրիգորյանը նոյեմբերի 10-ից հետո Քարվաճառում սկսված «անկառավարելի քաոսի ու թալանի» մասին չի ուզում երկար խոսել: Միայն պատմում է, որ ամուսինը՝ Դավիթը, ընկերների հետ կարողացել է մի քանի արկղ  գիրք և դրոշը դուրս բերել: Գրքերը բաժանել են աշակերտներին, դրոշը պահում են իրենց մոտ` մի օր այն նորից իր տեղում կախելու հույսով: Դրանից զատ ընկերների միջոցով հնարավոր է եղել Քարվաճառի քաղաքային գրադարանից գրքերի մի մասը փրկել, որոնք փոխանցել են Լոռու մարզի գյուղերի դպրոցներին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Թամարան և Դավիթը Երևանում կրթություն ստանալուց հետո տեղափոխվել էին Քարվաճառ՝ համոզված լինելով, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումն ունի ռազմավարական նշանակություն: Թամարայի հուզված է խոսում, ասում է, որ Քարվաճառում ներդրել էին ամեն ինչ, իրենց բոլոր ռեսուրսները թե՛ հոգեբանական թե՛ նյութական առումներով. «Այնտեղ մենք անչափելի մեծ հույս էինք ներդրել ու երազանքներ, որն էլ երկրորդ անգամ չես գտնի: Ու մենք ամեն ինչ թողել ենք Քարվաճառում...Քարվաճառի ամեն ինչն եմ կարոտում. սարերը, անտառները, մեր տան բակը, որտեղից չքնաղ տեսարան էր բացվում, խոհանոցի պատուհանը, որտեղից առանց չափազանցնելու ամեն նայելիս ուրախություն էի ապրում` ծառերն ու լեռները տեսնելիս: Դավիթի սարքած փոքրիկ ծաղկանոցն եմ կարոտել, մեր տնկած վարդերը, որոնցից առաջինն այս տարի ամռանը սիրուն ծաղկել էր: Դեպի դպրոց ու վիքիակումբ տանող ճանապարհը, որը միշտ ոտքով էի անցնում, աշակերտներիս հետ անցկացվող իմաստալից ու երջանիկ ժամերը վիքիակումբում, արշավների ժամանակ, միասին աշխատելիս, իմ կատվին, որին չկարողացանք բերել… Ինձ եմ կարոտել Քարվաճառում, իմ` իմաստ, գույներ ու համ ունեցող կյանքն եմ կարոտել Քարվաճառում: Երբ կարողանում եմ քնել, գրեթե ամեն գիշեր Քարվաճառն եմ տեսնում, շատ տարբեր ձևերով ու անտանելի կարոտով»:

Պատերազմից ամիսներ անց, Թ. Գրիգորյանը աշակերտների հետ կապը չի ընդհատում, Քարվաճառի վիքիակումբն էլ շարունակում է գործել: Անգամ պատերազմի օրերին, երբ աշակերտները տարբեր տեղերում էի, օնլայն աշխատում էին: Թամարայի պատմելով՝ թեկուզ նախորդ գիշեր դիվերսիայի վտանգ էր եղել, Քարվաճառում մնացած մարդիկ,որ  բոլորը մի տեղ էինք հավաքվել, ամբողջ գիշեր չէինք քնել, առավոտյան աշակերտների հետ թարգմանություն էինք անում, ու դա երեխաներին մի փոքր նորմալության զգացողություն էր հաղորդում: 

«Նոյեմբերի իննի գիշերը աշխարհը մեր գլխին շուռ եկավ, ու շարունակում է շուռ եկած մնալ: Անկեղծ, հարցը բնավ հենց մեր տունը չի, ուղիղ իմաստով: Պատերազմի ողջ ընթացքում մեր տունը կարող էր ռումբից պայթել, մենք էլ` մեջը, ի դեպ, 24 ժամ կար այդ հավանականությունը: Ես հայրենիք եմ կորցրել. ու այս օրերին ամենամեծ վիրավորանքն ինձ համար «դե տուն ա էլի, մի ուրիշ տեղ կսարքեք» արտահայտությունը լսելն է..»-ասում է անգլերենի ուսուցչուհին: 

Նարինե Վարդանյան. «Ինչի՞ համար էր եղբորս կռիվն ու վիրավորումը, եթե Ստեփանակերտ չվերադառնայի»

Նարինե Վարդանյանը, ով վերջին տարիներին ապրում և դասավանդում էր Արցախում, պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված երեխաների հետ էր աշխատում: Հետո պատերազմը փորձություն բերեց նաև նրա ընտանիքին: Գլխի հատվածում բեկորային վնասվածք էր ստացել Նարինեի եղբայրը՝ Նարեկ Վարդանյանը, ով պատերազմ էր մեկնել կամավոր, կռվում էր Արցախի հարավում: Մի քանի օր կոմայի մեջ գտնվելուց հետո Նարեկի մոտ դրական տեղաշարժ էր արձանագրվել: Նարինե Վարդանյանը Ստեփանակերտ վերադարձավ, երբ եղբայրը վերականգնողական կենտրոն տեղափոխվեց:

 

Նարինեն պատմում է, որ Արցախ ճանապարհելիս հոր աչքերում արցունք տեսավ առաջին անգամ, սակայն եղբոր հետ իր Արցախ մեկնելը քննարկել էին. «Պետք է գայի։ Հակառակ դեպքում, ինչի՞ համար էր եղբորս կռիվը,  վիրավորումը, իմ` երկու տարվա դասավանդելու ընթացքը Արցախում»։

 Նարինեն հիշում է, որ պատերազմից հետո, երբ ամեն ինչ դեռ անորոշ և փխրուն էր, նորից Արցախ վերադառնալիս թեև չէր վախենում, սակայն  նրա դիտարկմամբ բոլորի ներսում անորոշություն ու հույս կար։ Հին տուն չի վերադարձել, ասում է, որ ավելի կարևոր գործ անող մի աղջկա էր հանձնել տունը, նոր տուն գտել։ Հիմա շարունակում է աշխատել աշակերտների հետ։ Արդյոք երեխաների մոտ դիտարկվում են տրավմատիկ դրսևորումներ հարցին պատասխանում է, որ տրավմաները մոտիվացիայի պակասով են արտահայտվում։ Ուսուցիչներն ամեն ինչ անում են, որ երեխաներն իրենց պետքական ու խաղաղ զգան, բայց տարբեր երեխաների մոտ տարբեր կերպ ու տարբեր ժամանակ է արտահայտվում տրավմատիկ փորձառությունը։ «Առաջին ամիսներին շատ էին կրթությունից դուրս մնացած երեխաները, հիմա արդեն հունի մեջ է։ Ովքեր պետք է վերադառնային, վերադարձել են, ովքեր չեն վերադառնալու, դպրոց են հաճախում իրենց նոր համայնքներում։ Մեզ հետ համագործակցող այն դպրոցներում, որոնք Արցախի ներկա-ժամանակավոր տարածքում են, համարյա 90 տոկոսը վերադարձել է: Ցավոք, թշնամուն անցած դպրոցների գույքի և գրքերի մի մասը չեն հասցրել կամ չեն կարողացել հանել»: 

Շուշանիկ Մանուկյան. «Քարե հերոսներ են մեծանում»

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  Բերդաշեն համայնքի ուսուցչուհին՝ Շուշանիկ Մանուկյանն էլ է պատերազմից հետո Արցախ վերադրաձել:  Մաթեմատիկայի ուսուցչուհին պատերազմի ընթացքում Դիլիջանում էր, աշխատում էր տուն վերադառնալուն սպասող ստեփանակերտցի աշակերտների հետ, իսկ բերդաշենցի «իր երեխաների» հետ համացանցով ու հեռախոսով էր շփվում: Արդեն նոյեմբերի վերջին աշակերտների զգալի մասը կա՛մ պատրաստվում էր վերադառնալ կա՛մ արդեն իսկ Բերդաշենում էր:

Դեկտեմբերին էլ Շուշանիկ Մանուկյանը վերսկսեց աշխատանքը Մարտունու շրջանի իր համայնքում: Ասում է, որ պատերազմից հետո դասարաններում մեկ կամ երկու բացակա են ունեցել այն քիչ ընտանիքներից, որոնք չեն վերադարձել Արցախ. «Այս հարցին իմ վերաբերմունքը միանշանակ չի։ Ես ոչ ոք եմ, որ մեղադրեմ թշնամու կողքին ապրելու մտքից հրաժարված մարդկանց։ Համոզված եմ, իրենց հեշտ չի տրվել այդ որոշումը»։ Մաթեմատիկայի ուսուցչուհին պատմում է, որ հետպատերազմյան առաջին ամիսներին տեմպի կորուստ էր զգացվում, աշակերտները դժվարանում էին նախկին առաջադիմությունը պահել, դրա համար անհրաժեշտ էր կրթության դերի մասին անընդհատ հիշեցնել։ Շ. Մանուկյանն անընդհատ հիշեցնում է աշակերտներին, կրթությունն արժեքավոր գործիք է նրանց ձեռքին։ Իսկ Բերդաշենում տիրող կորստի ցավը ժամանակ առ ժամանակ թարմանում է՝ նոր աճյունների հայտնաբերմամբ պայմանավորված.  «Վերադարձից հետո անվերջ հուղարկավորությունների ու գերեզման այցելությունների օրերից հետո, թվում էր՝ թուլացել է ցավը։ Հետո էլի հերոսների աճյուններ բերեցին, ամեն ինչ սկսվեց նորից, բայց ապրելու ենք։ Ինչպե՞ս չապրել, երբ 12-ամյա աշակերտդ հասուն մարդու պես կամավորություն է հայտնում ԴՆԹ թեստ հանձնել, հերոս հոր մարմինը ճանաչելու համար։ Քարե հերոսներ են մեծանում։ Ափսոս, որ իրենց արժանի ժառանգություն թողնել չենք կարող...»:

Լենա Ղազարյան. «44 օր շարունակ հավատում էի, որ հաղթելու ենք, բայց այդպես չեղավ»

Լենա Ղազարյանը պատերազմի ընթացքում զրկված էր դպրոց գնալու հնարավորությունից և ինքնակրթությամբ էր զբաղվում: Քարվաճառցի աշակերտուհին պատերազմի ավարտից կես տարի անց էլ նոյեմբերի 9-ին հաջորդած դեպքերի մասին տխրությամբ է խոսում. «Նոյեմբերի 10֊ին արթնացա տանը տիրող աղմուկից, երբ հարցրի, թե ինչ է եղել ասեցին, որ փաստաթուղթ է ստորագրվել, որով Արցախը հանձնում ենք, չհավատացի ու ասեցի որ նայեն պաշտոնական էջերում... Ի վերջո, երբ արդեն հաստատ գիտեի եղելությունը, ոչինչ չէի կարողանում անել, իսկապես զգացողություններս անբացատրելի էին, անկարողությունը կապել էր ինձ, լաց էի լինում ու չէի կարողանում հավատալ, քանի որ 44 օր շարունակ հավատում էի, որ հաղթելու ենք, բայց այդպես չեղավ»։

Պատերազմից հետո քարվաճառցի Լենան Թալինի ավագ դպրոց տեղափոխվեց: Նրա խոսքերով՝ նոր դպրոցը շատ էր տարբերվում Քարվաճառի դպրոցից, բայց իր համար կարևորն այն էր, որ ուսումը շարունակելու հնարավորություն կար։ Լենան գնահատում է նաև այն, որ  « (...) նոր դպրոցում ուսուցիչները շատ նուրբ էին համարում իմ թեման և հարցեր տալիս էին զգուշությամբ, որ ինձ չնեղացնեն, ինչի համար շատ շնորհակալ եմ»։ Նախկին ուսուցիչներից որոշների հետ շարունակում  է շփվել՝ արդեն որպես ավագ ընկեր։ Լենայի  քարվաճառցի դասընկերները պատերազմից հետո շարունակում էին ավագ կամ հիմնական դպրոցներ հաճախել՝ Վարդենիսում, Ջերմուկում ու Հայաստանը տարբեր բնակավայրերում: 

Քարվաճառից խոսելիս Լ. Ղազարյանը կանաչ տեսարաններն է  հիշում, ժայռերը, դպրոցից տուն տանող ճանապարհը, գլխավոր փողոցը ու իրենց փողոցը, որը, Լենայի խոսքերով՝ քաղաքի ամենասիրուն ու խորհրդավոր մասերից էր. «Քարվաճառում ամեն ինչ կար, ու բոլորը հիանալի համադրված էին, հենց դա է պատճառը, որ մինչև հիմա չեմ կողմնորոշվում, ինչն եմ ամենաշատը կարոտում այնտեղ, ինչն էր ամենալավը։ Կան քաղաքներ որտեղ բնությունն է գեղեցիկ, տեղեր կան, որ բնակիչներն են համ ու հոտ տալիս քաղաքին, տեղեր էլ կան, որ հանգստանալու կամ աշխատելու համար են հարմար, իսկ Քարվաճառը այս բոլորի միասնությունն էր ու դեռ ավելին… Իմ քաղաքը հրաշալի ապագա ուներ զարգանալու, ու բնակիչները դա հասկանում էին, շատ պլաններ հենց ինքս մեծերի (ուսուցիչներ, ծնողներ) հետ քննարկում էի»,-պատմում է Լենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter