
Դավիթ Հարությունյանի համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ահաբեկման և վախի մթնոլորտ է տարածել
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը:
Նման համոզմունք հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` Սահմանադրական դատարանում չորս սուբյեկտի դիմումների հիման վրա ընտրությունների արդյունքների բողոքարկման դատավարությանը:
Ըստ Հարությունյանի` Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում դրսևորել է ահաբեկման, բռնության, վախի ներգործության և հետագա վրեժխնդրության հստակ վարքագիծ:
«Ընտրողը ենթարկվել է այնպիսի հոգեբանական ճնշման, որը նրան զրկել է ազատ ընտրության հնարավորությունից: Փաշինյանի կողմից շարունակաբար հնչեցված ատելության խոսքն ու սպառնալիքները հղված են եղել ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլև պաշտոնատար անձանց և ընտրողների առանձին խմբերի: Դրանք ուղղակիորեն միտված են եղել հիշեցնելու հնարավոր հետևանքների մասին` նպատակ դնելով ճնշել վերջիններիս ընտրության ազատությունը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Բարձր դատարանում հուլիսի 9-ից սկսվել է «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումների քննությունը: ՍԴ-ն դրանք քննում է միասին:
Հարությունյանը մեջբերելով քարոզարշավի ընթացքում Փաշինյանի խոսքերից, ասաց, որ նույնիսկ իրավախախտներին «անձամբ ասֆալտին պառկեցնելու, լեզուները կտրելու, վենդետա անելու սահմանադրական լիազորություն վերջինս չունի»:
«Նման հայտարարությունները սահմանադրական այլ մարմնին ուղղակի ցուցում տալու, նրա իրավասության ոլորտ մտնելու, գործողություններին ապօրինի միջամտելու միջոց է: Իրավախախտները ենթակա էին պատասխանատվության, բայց պատասխանատվության օրենքի առաջ: Փաշինյանի կողմից անձամբ պատժելու հայտարարություններից հետո մարդկանց մոտ կարող է տպավորություն լինել, որ մեղավորության աստիճանը ևս անձամբ Փաշինյանն է որոշելու»,-ասաց Հարությունյանը:
Նրա վստահեցմամբ` Փաշինյանը սպառնացել է ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլ նաև բոլոր այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ փորձել են աջակցել այլ քաղաքական ուժի կամ ուժերի:
Մեկնաբանել