HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Օպերատորի մահվանից հետո Թբիլիսիում սկսվել են բողոքի ցույցեր. ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

Վրաստանի վարչապետ Իռակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով մի քանի հազար մարդ հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում։ Պատճառը վրացական TV Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահն է։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ 

«Նրան ծեծել են, ջարդել գլուխը, Աստծո անունով և ոստիկանության օգնությամբ ոտքով հարվածներ հասցրել, որից հետո նա մահացել է։ Մենք բոլորս գիտենք, թե ինչն է նրան սպանել։ Նրան սպանել են բռնարարները և ոստիկանության անգործությունը»,- հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Օբոլաձեն՝ բողոքի ցույցից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Բողոքի ցույցին մասնակցում են ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ ակտիվիստներն ու սովորական քաղաքացիներ, որոնք պահանջում են վարչապետ Ղարիբաշվիլիի և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականը։ Տեղում մոբիլիզացվել են ոստիկանության ուժեր։ Փակ է Ռուսթավելի պողոտան։ 

Վրաստանի վարչապետ Իռակլի Ղարիբաշվիլին ցավակցել է Լաշկարավայի մահվան կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ օպերատորի մահվան փաստով սկսվել է հետաքննություն՝ խոստանալով հանրությանը կարճ ժամկետներում ներկայացնել ամբողջական տեղեկատվություն։

Ավելի վաղ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Լելո Վրաստանի համար», «Միացյալ Վրաստան ժողովրդավարական շարժում» կուսակցություններն ու քաղաքացիական ակտիվիստները կոչ էին արել հավաքվել իշխող կուսակցության գրասենյակի մոտ, որպեսզի պահանջեն կառավարության հրաժարականը։ Մոտ 100 ցուցարար փորձել էր մտնել շենք, սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել։ Նրանք կարմիր ներկ էին լցրել ոստիկանների վրա, որից հետո սկսվել էին բախումներ։ Տուժել է մի քանի ակտիվիստ։ Ձերբակալվածների մասին դեռևս չկան տվյալներ։ 

Զուգահեռաբար, խորհրդարանի նախկին պատգամավոր, «Դրոա» քաղաքական կազմակերպության առաջնորդ Ելենա Խոշտարիան կարմիր ներկ է լցրել Կառավարության տան մուտքի դռների վրա։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին հայտնի էր դարձել օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշկարավայի մահվան մասին, որի դին նույն օրն առավոտյան հայտնաբերել էր նրա մայրը։ Դեռ հուլիսի 5-ին Թբիլիսիում Լաշկարավան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից։ 

Դեռևս հայտնի չէ մահվան պատճառը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մահվան փաստով սկսվել է հետաքննություն, որը հարուցվել է Վրաստանի ՔՕ 115 հոդվածով (ինքնասպանության հասցնել)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Լաշկարավան ծեծի էր ենթարկվել հուլիսի 5-ին «Ամոթ» քաղաքացիական շարժման գրասենյակի շքամուտքում՝ ծայրահեղական խմբերի ներկայացուցիչների հարձակման արդյունքում։ Նրա հետ եղել էր լրագրող Միրանդա Բագատուրիան։ Հարձակումից հետո օպերատորը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հարվածել են դեմքին և գլխին։ 

Նկարահանող խմբի վրա հարձակման կապակցությամբ ձերբակալվել է 4 մարդ։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ քննությունն ընթանում է բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեության անօրինական խոչընդոտման, բռնության կիրառմամբ հետապնդման և խմբակային սպառնալիքի ու բռնության հոդվածներով։

Հուլիսի 5-ին ավելի քան 50 մարդ, հիմնականում ԶԼՄ աշխատակիցներ, հարձակման են ենթարկվել ծայրահեղ աջ պահպանողական խմբերի կողմից, որոնք հանդես էին գալիս Թբիլիսում ԼԳԲՏ երթի անցկացման դեմ։ Երթի կազմակերպիչները հրաժարվել էին դրա անցկացումից՝ մասնակիցների անվտանգության սպառնալիքների պատճառով։

Լուսանկարը՝ Sputnik / Stringer

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter