HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իտալիայի հավաքականը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում Իտալիայի ազգային հավաքականը պարտության մատնեց Անգլիայի ընտրանուն (1։1՝ խաղային ժամանակում, 3։2՝ 11-մետրանոցներով) և իր պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Եվրո-2020-ի եզրափակիչ դիմակայությունը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Խաղը դեռ չէր հասցրել հունի մեջ մտնել, երբ անգլիացները բացեցին հանդիպման հաշիվը։ 2-րդ րոպեին հարձակման աջ եզրից Կիռան Տրիպիերի կատարած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Լյուկ Շոուն։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածն անցավ իտալացիների տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ։ Անգլիան նախաձեռնությունն ամբողջությամբ զիջել էր մրցակցին։ Բավական է նշել, որ առաջին 45 րոպեների ընթացքում անգլիացիներն ընդամենը մեկ հարված կատարեցին դարպասին և դա եղել է Շոուի խփած գոլը։ Եվ չնայած իտալացիների համառ ջանքերին՝ նրանց գրոհներն այդպես էլ ցանկալի արդյունք չտվեցին, և թիմերն ընդմիջման գնացին Անգլիայի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում Իտալիայի հավաքականն էլ ավելի մեծացրեց ճնշումը։ Նրանց գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, սակայն անգլիացիները կարողանում էին հաջողությամբ հետ մղել դրանք, որոշ դրվագներում իր թիմին փրկում էր դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։ Ինչը որ չհաջողվեց իտալացիներին անել խաղից, արեցին ստանդարտ դրությունից։ 67-րդ րոպեին Իտալիայի հավաքականի իրացրած անկյունային հարվածից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց Անգլիայի տուգանային հրապարակում, որտեղ ամենաարագը կողմնորոշվեց Լեոնարդո Բոնունչին և գնդակն ուղարկելով անգլիացիների դարպասը՝ հավասարեցրեց հաշիվը։

Իտալացիների գոլից հետո խաղի հիմնական ժամանակում հաշվի մեջ այլևս փոփոխություններ չարձանագրվեցին և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում թիմերը կրկին չկարողացան պարզել հաղթողին և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վճռվեց ֆուտբոլային վիճակախաղում՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում որտեղ բախտը ժպտաց իտալացիներին (3:2)։

Նշենք նաև, որ Իտալիայի ազգային հավաքականը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև հեռավոր 1968 թվականին։ 

Լուսանկարները՝ ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter