HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«6 մետրն է միայն հուշարձան»,- պնդում է Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի վերակառուցողը

Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի քանդման դեմ հանդես եկող ակտիվիստները հավաքվել էին նույն հասցեում՝ կանխելու հուշարձան-շենքի ապամոնտաժումը։

Երևանի քաղաքապետարանն արդեն տրամադրել է ճարտարապետաշինարարական առաջադրանքը, ինչի հիման վրա ընկերությունը փորձում է սկսել տվյալ տարածքի քանդման աշխատանքները։ Այդ մասին հայտարարեց «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արման Մկրտչյանը, ով ժամանել էր ակցիայի մասնակիցների մոտ։

Հիշեցնենք, որ «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս թաղամասի) կառուցապատողներից մեկն է, իր երեք լոտերի կառուցապատման նախագիծը հանրային քննարկման էր ներկայացրել: 2-րդ լոտում է գտնվում Հանրապետության 46 hասցեն, որը հուշարձան-շենք է: Հուշարձանի հատվածում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ շենքի 9 հարկանի հատվածը:

Արման Մկրտչյանը որևէ փաստաթուղթ չտրամադրեց ներկաներին, հեռախոսով շինարարական նախագիծ էր ցույց տալիս՝ ժխտելով շրջակա միջավայրի փորձաքննության ներկայացված նախագիծն ու այնտեղ նշված տեղեկությունները։ Ավելին, պնդեց, որ որևէ հարկ չի ավելանալու հուշարձան-շենքին։

Ներկայացուցիչը պնդեց, որ շենքի պատմամշակութային մասը ընդամենը ֆասադային 6 մետր հատվածն է, որը և պահպանվելու է։ «Շենքը պահպանման ենթակա չէ, 6 մետրն է պատմամշակութային, մնացածը կավային հատվածն է,- ասում է Արման Մկրտչյանը։- 6 մետրն է միայն հուշարձան»։

Արման Մկրտչյանը հղում արեց մասնագիտական եզրակացությանը, որի հիման վրա էլ այդպիսի որոշում է կայացվել։ Ըստ ամենայնի, Արման Մկրտչյանը նկատի ուներ «ՇԵՄՔ» ՍՊԸ-ի կողմից իրականացված Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի տեխնիկական վիճակի և այն վերակառուցմամբ վերականգնելու հնարավորության վերաբերյալ եզրակացությունը։ Այդ նույն եզրակացությամբ նշվել է, որ շենքը, որի գլխավոր ճակատն ունի որմածքի ինքնատիպ հորինվածք ու ձևավորում, իր ծավալատարածական լուծումներով ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-կառույց է:

Ընկերության ներկայացուցիչը խոստացավ վաղը ներկայացնել բոլոր համապատասխան փաստաթղթերը։ Իսկ այսօր իրենք ցանկապատելու են տարածքը։ «Իմ տարածքն է, ես ցանկապատելու եմ»,- ասաց Ա․ Մկրտչյանը։ Ավելին, քանդման թույլտվությունների հիման վրա կարող են կատարել քանդման աշխատանքները, որին ակցիայի մասնակիցները խոչընդոտում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter