HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ծեծկռտուք խորհրդարանում, նիստի տապալում, ընդդիմության ցույցեր. Թբիլիսիում կրքերը չեն հանդարտվում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ու ընդդիմության ներկայացուցիչներիը երկուշաբթի օրը՝ հուլիսի 12-ին, ծեծկռտուք են կազմակերպել երկրի խորհրդարանի նիստերի դահլիճում։ Այն ուղիղ եթերով հեռարձակել է «Ռուսթավի 2» հեռուստատեսությունը։ ТАСС գործակալությունը գրում է, որ ծեծկռտուքն սկսվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները և ընդդիմադիր քաղաքական գործիչները փորձել են մտնել նիստերի դահլիճ, որպեսզի TV Pirveli-ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահը քննարկեն իշխանական պատգամավորների հետ։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ի առավոտյան իր տանը հայտնաբերվել էր վրացական TV Pirveli-ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մարմինը։ Ավելի վաղ, օպերատորը ծեծի էր ենթարկվել «Ամոթ» քաղաքացիական շարժման գրասենյակի շքամուտքում՝ ծայրահեղական խմբերի ներկայացուցիչների հարձակման արդյունքում, որոնք պայքարում էին Թբիլիսիում ԼԳԲՏ երթի անցկացման դեմ։ Լաշկարավայի հետ եղել էր նաև լրագրող Միրանդա Բագատուրիան։ Նկարահանող խմբի վրա հարձակման կապակցությամբ ձերբակալվել է 4 մարդ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ քննությունն ընթանում է բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեության անօրինական խոչընդոտման, բռնության կիրառմամբ հետապնդման և խմբակային սպառնալիքի ու բռնության հոդվածներով։

Խորհրդարանի հսկիչները լրագրողներին և ընդդիմադիր քաղաքական գործիչներին թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ, սակայն վերջիններս ուժով կարողացել են ներս մտնել, որից հետո էլ սկսվել է ծեծկռտուք։ Դրան մասնակցել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցությունների առաջնորդներ Նիկա Մելիան և Գեորգի Վաշաձեն, ինչպես նաև այլ քաղաքական գործիչներ։ «Վրացական երազանքից» մասնակցել են պատգամավորներ Վիկտոր Ջափարիձեն, Վասիլի Չիգոգիձեն և ուրիշներ։ 

Բախման ժամանակ խորհրդարանի խոսնակի տեղը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ Թինաթին Բոկուչավան, Ելենա Խոշթարիան, Լելա Քեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլշվիլին, որոնք տրիբունայում պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ 

Հսկիչները կարողացել են հանդարտեցնել իրավիճակը։ Ներկայումս խորհրդարանի նիստը շարունակվում է՝ առանց որոշ ընդդիմադիր պատգամավորների։ Խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան ձայնի իրավունք չի տվել ընդդիմադիր «Լելո Վրաստանի համար» խմբակցության ներկայացուցիչներին, որոնք, ի նշան իրենց բողոքի, դուրս են եկել նիստերի դահլիճից։ «Ոչ ոք նրանց իրավունք չի տա տապալելու խորհրդարանի նիստը»,- հայտարարել է Կուչավան։ 

«Грузия Онлайн»-ի փոխանցմամբ՝ «Լելո Վրաստանի համար» խմբակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեն հայտարարել է, որ խորհրդարանում սկսում են կառավարության անվստահության հայտնման գործընթաց։ Նման գործընթաց նախաձեռնելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է 50 մանդատ։ Ընդհանուր առմամբ, վրացական խորհրդարանում ընդդիմությունն ունի 66 մանդատ, ինչ բավարար է գործընթացի ձեռնարկման, բայց ոչ հաստատման համար։ 

Խորհրդարան մտնելուց մի քանի րոպե առաջ հայտարարություն էր արել Վրաստանի վարչապետ Իռակլի Ղարիբաշվիլին՝ հստակ ընդգծելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Նա կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն անվանել է «հակապետական, հակաեկեղեցական և հակազգային գործողություններ»՝ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին մեղադրելով հակապետական սադրանքի պլանավորման մեջ։ 

Հուլիսի 12-ի առավոտյան ԶԼՄ ներկայացուցիչներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչներն սկսել էին հավաքվել երկրի խորհրդարանի մոտ։ Սկզբում նրանց չեն թողել մտնել օրենսդիր մարմնի շենք, սակայն, ավելի ուշ, ցուցարարների մի մասը կարողացել է ներխուժել։ Երևանի ժամանակով 18:00-ին խորհրդարանի շենքի մոտ կայանալու է հերթական բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Թբիլիսիում կայանալու էր ԼԳԲՏ երթ, որի դեմ հանդես են եկել մի խումբ քաղաքացիներ՝ առավոտվանից հավաքվելով Ռուսթավելի փողոցում։ Ավելի ուշ, նրանք տեղափոխվել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ առավել ագրեսիվ տրամադրված անձինք սկսել են հարձակվել լրագրողների վրա՝ նրանց մեղադրելով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին աջակցելու մեջ։ Տուժել է ԶԼՄ ավելի քան 50 ներկայացուցիչ։ Լրագրողներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter