HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով գլխավոր դատախազի և պաշտպանական կողմի բողոքները

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի, դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքները։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ  դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին՝ վերջինիս օժանդակելու մեղադրանք է առաջադրվել։

Մեկ տարի քննությունից հետո՝ 2020 թվականի մայիսին, գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին։ Վերջինս գործի նախապատրաստության փուլում՝ առանց դատաքննության նշանակելու, որոշել է Գրիգորյանի և Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ու նրանց վերաբերյալ քրեական գործ՝ կարճել: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն բողոքը մերժվել է։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Վճռաբեկ բողոք են ներկայացրել նաև Գոռ Վարդանյանի և Դավիթ Գրիգորյանի պաշտպանները՝ չնայած այն հանգամանքին, որ, ինչպես արդեն նշեցինք, Վերաքննիչ դատարանը նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու որոշումը թողել էր օրինական ուժի մեջ։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն իր դատական ակտում, անդրադառնալով մեղադրյալներին վերագրվող արարքներին, դրանք գնահատել է վերացական, անորոշ և անհստակ։

Վերաքննիչ դատարանը դատարանի այս դատողությանն անդրադառնալով, համաձայնել է Դատախազոթյան այն դիրքորոշման հետ, որ առաջադրված մեղադրանքների ձևակերպումների՝ անորոշ, անհստակ և վերացական լինելու վերաբերյալ եզրահանգում կարող էր կատարել բացառապես դատական քննության պայմաններում՝ նկատի ունենալով, որ վերոնշյալ հանգամանքների վերաբերյալ եզրահանգման հնարավոր էր գալ միայն դատական քննության ընթացքում գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելու, վերլուծելու և գնահատելու արդյունքում։

Մեզ հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի պաշտպաններից Գեորգի Մելիքայանն ասաց, որ իրենց բողոք են ներկայացրել՝ Վերաքննիչ դատարանի հայտնած այս դիրքորոշման մասով։

Հիշեցնենք, որ  Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում ի սկզբանե մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Նա որոշել էր գործի վարույթը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Բացի այդ, դատավոր Գրիգորյանը նաև որոշել էր անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Քոչարյանին։

Այս որոշումներից երկու ամիս անց է Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Պաշտոնեական կեղծիքն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, այն է, որ Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննվող բողոքներից մեկով նիստ կայանալու մասին կեղծ արձանագրություն է կազմել։

Այսպես ասած՝ «կայացած նիստում» քննարկվել էր հարցը, որ կողմերը չեն ծանուցվել նիստի մասին, դատարանին հայտնի չեն նրանց չներկայանալու պատճառները, և այդպիսով, նիստը հետաձգվել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter