
Շամիրամում առուները չոր են, համայնքապետարանից պնդում են՝ ոռոգման ջուր ունեն
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի արոտավայրերը վերածվել են անապատի: Ոռոգման ջրի բացակայությունը գյուղացիներին ստիպել էր օրեր առաջ մտածել Երևան-Գյումրի ճանապարհը փակելու մասին, սակայն վերջին պահին այդ մտքից հետ էին կանգնել՝ մտավախություն ունենալով, որ համայնքապետին կպարտադրեն լիազորությունները դադարեցնելու դիմում գրել: Նման խոսակցություն գյուղում շրջանառվել է, ինչն էլ եզդիաբնակ գյուղին ստիպել է լռել:
Շամիրամ գյուղի կենտրոնում՝ պատի տակ, նստած էր մոտ երկու տասնյակ տղամարդ: Տեղեկանալով, որ լրագրող է այցելել, հավաքվածների մի մասն արագ հեռացավ, մյուսներն էլ գրեթե չէին շփվում, հարցը լսելուց հետո որևէ ձևով չէին արձագանքում: Նրանցից մեկը չդիմացավ «քար» լռությանը և բղավեց գյուղացիների վրա. «Ճանապարհ էիք ուզում փակել ջրի համար, հիմա էլ խելոք նստել եք, չեք խոսում, ամոթ ա»,- ասաց ու արագ հեռացավ: Առանց ներկայանալու, տեղից մեկն էլ ասաց, թե չեն խոսում, որ համայնքապետին «պաշտոնից չհանեն»: Երբ հավաքվածներից մեկը փորձում էր մի երկու բառ ասել, մյուսները եզդիերեն սաստում էին։
Համագյուղացիների հետ նստած էր նաև Շամիրամ համայնքի ավագանու անդամ Ալիխան Ալիյանը: Նա էլ դժվարությամբ խոսեց մեզ հետ՝ անընդհատ շեշտելով, թե պետությունից բողոք չունեն: Ավագանու անդամը մեկ ասում էր, թե «վանքի մոմն ու խունկն էլ է պակասում, բողոք չունեն», մեկ էլ նշում էր, որ լուրջ վնասներ են կրում գյուղացիները:
Համայնքն ունի 1871 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից վարելահողը 664 հա է, 1093 հա-ը՝ արոտավայրեր, մնացածն՝ այլ հողատեսքի: Գյուղը չունի այգիներ, բազմամյա տնկարկներ: Խորհրդային կարգերի փլուզումից հետո գյուղացիները տարեցտարի ոռոգման ջրի պակաս են ունեցել, ինչն էլ ստիպել է այգիները վերացնել:
Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Բանջարաբոստանային մշակաբույսեր ցանում են միայն տնամերձ հողամասերում, այն էլ ոչ բոլորը՝ կանխատեսելով ջրի պակասը:
«Արդեն 1800-2000 դրամ է դարձել խոտի մեկ տուկը: Խոշոր անասուն ունեցողը հիմիկվանից պիտի գոմում պահի, որովհետև դաշտերում խոտ չկա: Ես ոչ անասուն եմ պահում, ոչ էլ հող եմ մշակում, հողերս տվել եմ ուրիշին, որովհետև ջուր չկա»,- ասաց Ալիխան Ալիյանը:
Գյուղացիներն արդեն մտածում են անասունների մի մասը վաճառելու մասին, որ խոտ գնեն մնացածին պահելու համար: Եթե մանր եղջերավոր անասունները կարող են գետնից քիչ բարձր խոտն ուտել, ապա խոշորները՝ չեն կարող: Դա է պատճառը, որ կովերը դաշտից սոված են վերադառնում:
Մեր այցի ժամանակ համայնքապետ Մրազ Բրոյանն աշխատասենյակում էր: Երբ տեղեկացավ, որ այցի հիմնական թեման ոռոգման ջուրն է, արագ արձագանքեց, թե գյուղը ջրի պակաս չունի, հարցը կարգավորվել է: Ասաց, թե գյուղացիների հետ խոսենք, նոր մոտենանք իրեն: Մինչ խոսում էինք համայնքապետարանից 20 մետր հեռավորության վրա նստած գյուղացիների հետ, համայնքապետն արագ նստեց ավտոմեքենան ու հեռացավ:
Շամիրամի համայնքապետարանի հաշվապահ Ռուզաննա Հովսեփյանը մեզ համոզում էր, որ համայնքի ղեկավարը շտապ գործով է հեռացել համայնքապետարանի շենքից, իսկ գյուղում ոռոգման ջուր կա, և ջուրը խնդիր չէ: Հարցին` եթե ջուր կա, առուներն ու դաշտերն ինչու են չոր, Հովսեփյանը պատասխանեց. «Ջուրը ստեղ չի գալիս, ջրբաշխը պիտի տա, որ գա: Ջրանցքը դաշտերում է, դուք չեք տեսնի»:
Հաշվապահը նշում էր, որ համայնքապետը շատ սրտացավ է գյուղի նկատմամբ, բոլոր հարցերը կարգավորում է, իսկ համայնքի բնակիչներն էլ բողոք, դժգոհություններ չունեն, քանի որ հարցը կարգավորվել է:
«Ամեն տարի էլ պրոբլեմ է եղել, հլը այս տարի լավ ա: Անցյալ տարիներին կռիվներ էր լինում: Այս տարի կռվի ձայն չենք լսել, նորմալ ա երևի»,-հավելեց Ռուզաննա Հովսեփյանը:
Նշենք, որ Շամիրամ գյուղը ոռոգման ջուր ստանում է հիմնականում Արզնի-Շամիրամ ոռոգման համակարգից, որը սնվում է Սևանա լճից եկող Հրազդան գետի ջրերից: Այս տարվա չորային եղանակը բարդացրել է ոռոգման ջրի հարցը: Բացի դրանից, համայնքը ջրի կորուստ է ունենում, քանի որ առուների մեծ մասը հողային է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել