HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սահմանադրական դատարանը չի բավարարել ընդդիմադիր ուժերի միջնորդությունները

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Արման Դիլանյանը հրապարակեց «Զարթոնք» կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջնորդությունների հարցով բարձր դատարանի կայացրած որոշումները։

«Զարթոնք» կուսակցության միջնորդությունները հետևյալն էին․ ԱԱԾ-ից տեղեկություն, թե ընտրության մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ է վերադարձել, ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ստորագրել են ցուցակներում, սակայն ըստ ԱԱԾ տվյալների՝ ՀՀ-ում չեն գտնվել։ Մյուս միջնորդությունը՝ ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից պահանջել հանրային ծառայողների քանակի մասին տեղեկություն, մյուսը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկատվություն, թե որքան ժամանակով են հոսանքազրկվել ընտրատեղամասերը և ինչ պատճառներով։ Այս միջնորդությունները Սահմանադրական դատարանը մերժել է, իսկ այն միջնորդությունը, ըստ որի՝ պաշտպանության նախարարությունից անհրաժեշտ է պահանջել տեղեկատվություն, թե քանի զինծառայող է մասնակցել ընտրություններին, ՍԴ-ն որոշել է դրա քննարկումը հետաձգել։

Սահմանադրական դատարանը մերժել է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հույժ-հրատապ միջնորդությունը, որով անհրաժեշտ էր համար ոստիկանությունից անհապաղ պահանջել քրեական ոստիկանության վարչության շենքի մուտքի արտաքին և ներքին տեսախցիկներով արված տեսաձայնագրությունները, երկրորդ՝ «Հայաստան» դաշինքի անդամ, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ ուժ կիրառելու դեպքի ողջ տեսաձայնագրությունը, և երրորդ՝ տեղեկություններ, թե երբ է կատարվել ենթադրյալ հանցագործությունը և երբ է ավարտվել։ Այս ամենով Դավիթ Հարությանը ցանկացել է ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բռնության սպառնալիքները իրական բնույթ են կրել։

«Հայաստան» դաշինքի ներկայացրած չորս միջնորդություններից երկուսը ևս մերժվել են, իսկ մյուս երկուսի քննությունը Սահմանադրական դատարանը որոշել է հետագձել։ «Հայաստան» դաշինքի միջնորդությունները կրկին վերը նշված հարցերի առնչությամբ են։

Հարկ է նշել, որ միջնորդությունների հարցով Սահմանադրական դատարանի որոշումները կապ չունեն ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների վերաբերյալ վերջնական որոշման հետ։

Միջնորդությունների հարցով որոշումները հրապարակելուց հետո Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ԶԼՄ ներկայացուցիչներին և մյուս ներկաներին, բացի դատավարության մասնակիցներից, դուրս հրավիրեց, որպեսզի կողմերի հետ դռնփակ քննարկեն դատաքննությունը հետագայում դռնփակ անցկացնելու հարցը։ Արման Դիլանյանը հստակեցրեց՝ դռնփակ նիստ անցկացնելու հարցը կրկին քննարկվում է դռնփակ ռեժիմով։

Հիշեցնենք, որ արդեն 5-րդ օրն է՝ բարձր դատարանը քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter