HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու գործով պարտվել է նաև վերաքննիչ դատարանում

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պարտվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որտեղ վիճարկում էր «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աստղիկ Մխիթարյանին աշխատանքի վերականգնելու դատարանի վճիռը:

Հիշեցնենք, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը 2020թ. հոկտեմբերի 13-ին աշխատանքից ազատել էր «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Աստղիկ Մխիթարյանին՝ մի շարք խախտումների և նրա նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ:

Աստղիկ Մխիթարյանը դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և 2021թ. փետրվարի 12-ին դատարանը բավարարել էր Մխիթարյանի հայցադիմումն ընդդեմ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի: Դատարանն անվավեր է ճանաչել մարզպետի որոշումը՝ Ա. Մխիթարյանին տնօրենի պաշտոնից ազատելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Դատարանը վճռել է Աստղիկ Մխիթարյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ տնօրենի պաշտոնին, ինչպես նաև՝ Արմավիրի մարզպետարանից հօգուտ Աստղիկ Մխիթարյանի բռնագանձել վերջինիս փաստացի աշխատանքի վերականգնելու օրը միջին աշխատավարձի չափով հաշվարկվող հարկադիր պարապուրդի գումարը:

Մինչև վճռի կայացումը՝  2021թ. փետրվարի 1-ին, Արմավիրի մարզպետը դպրոցի տնօրեն է նշանակել Լիլիթ Պետրոսյանին:

Համբարձում Մաթևոսյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը 2021թ. հուլիսի 9-ին որոշել է մերժել մարզպետի բողոքը:

Ի թիվս այլի, մարզպետի բողոքում նշվել է, որ «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց»- ի տնօրենի պաշտոնի համար անցկացվել է մրցույթ և այդ պաշտոնում նոր տնօրեն է նշանակվել, ինչն Աստղիկ Մխիթարյանի նախկին աշխատանքում վերականգնումն անհնարին է դարձնում: 

Դատարանը Մաթևոսյանի այդ փաստարկն անհիմն է համարել, քանի որ տվյալ հաստիքն աշխատանքային պայմանագրով այլ անձի կողմից զբաղեցնելու հանգամանքն օբյեկտիվորեն անհնար չի դարձնում իրավունքը խախտված աշխատողին տվյալ հաստիքում աշխատանքի վերականգնելը:

Մարզպետը նախկին տնօրենին աշխատանքի վերականգնելն անհնարին է համարել նաև այն մասով, որ դպրոցում աշխատող 42 ուսուցիչներից առնվազն 35-ը տվել են բացատրություն այն մասին, որ տնօրենը պատշաճ չի կատարում իր պարտականությունները, ապահովված չէ դպրոցում բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտը: Ուսուցիչների ներկայացրած մի շարք փաստերից բխում է տնօրենի թույլ տրված չարաշահումների, ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձի կողմից իր պաշտոնին անհամատեղելի արարքի կատարման մասին: 

«Այդ ամենը վկայում է, որ Աստղիկ Մխիթարյանի վերականգնումը անհնարին է դարձնելու տվյալ դպրոցի աշխատանքը»,-վերաքննիչ բողոքում նշել է Համբարձում Մաթևոսյանը:

Վերաքննիչ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ նշված ուսուցիչների բացատրությունները վերացական դատողություններ են և գործի քննության ընթացքում չեն հիմնավորվել այլ վերաբերելի ապացույցներով: 

Նշենք, որ Աստղիկ Մխիթարյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի միջև աշխատանքային պայմանագիրը կնքվել էր 24.07.2019թ.: Աստղիկ Մխիթարյանը նույն օրն էլ նշանակվել է «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում

Ըստ Ա. Մխիթարյանի՝ 2020թ. սեպտեմբերի 17-ին հրավիրվել է Արմավիրի մարզպետարան, որտեղ մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, բանավոր կերպով ներկայացնելով կոլեկտիվի կողմից եկած մի քանի դիմում-բողոքների բովանդակությունը, իրեն ստիպել են ազատման դիմում գրել՝ հակառակ դեպքում սպառնալով, որ «ամենալուրջ կերպով կկանգնի օրենքի առջև»:

Նույն սպառնալիքները կրկնել է նաև Արմավիրի մարզպետն իր առանձնասենյակում՝ նշված անձանց ներկայությամբ: Ա. Մխիթարյանը դատարանին հայտնել է, որ նույն օրը աշխատանքից ազատման դիմում գրելու առաջարկ է արել նաև մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում մարզպետը կհեռացնի:

Արմավիրի մարզպետի՝ 23.09.2020թ. թիվ ՄՈ/398-2020 որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ սեպտեմբերի 23-ից 25-ը դպրոցում իրականացրել է մի խումբ աշխատակիցների և ծնողների կողմից բերված փաստարկների իսկության ուսումնասիրություն: Կազմվել է ուսումնասիրության արդյունքների մասին արձանագրություն, որում Աստղիկ Մխիթարյանին  վերագրվել են մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից արձանագրվել էր, որ տնօրենը պատշաճ չի կատարել իր կողմից արձակված հրամանների ներքին հաշվառումը և պահպանումը, ինչպես նաև արձակված հրամանների մասին պատշաճ չի իրազեկել դրանց հասցեատերերին: Դպրոցի որոշ աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս և աշխատանքային պայմանագիրը լուծելիս թույլ է տրվել Աշխատանքային օրենսգրքի նորմերի խախտումներ: Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանն աշխատանքի է ընդունել համապատասխան կրթություն և որակավորում չունեցող անձանց: Վերջինս խախտումներ է թույլ տվել ուսումնական տարվա պլանը հաստատելու առնչությամբ: Դրանք էլ հիմք էին հանդիսացել աշխատանքից ազատելու համար: 

Մինչդեռ դատարանները ապօրինի են համարել դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մարզպետի որոշումը:

Անդրադարձել էինք, որ դպրոցի կոլեկտիվը դեմ է Աստղիկ Մխիթարյանի վերադարձին՝ պատճառաբանելով, թե վերջինիս հետ անհնար է աշխատել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter