HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արա Զոհրաբյան. «Իշխանությունը գործել է այն նույն գործիքակազմով, որը ժամանակին քննադատել է և որը պետք է բարեփոխեր»

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո չէր կարող հանդիսանալ վարչապետի պաշտոնակատար: Նման համոզմունք հայտնեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը՝ Սահմանադրական դատարանի դատավարությանը:

«Մենք ունենք ընտրական ցուցակներ, որոնք իրական պատկերը չեն արտահայտում»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այդպես էլ չեն փարատվել կասկածները, որ ընտրական ցուցակներն ուռճացված են:

Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ընտրությունները կազմակերպել է ԿԸՀ այն կազմը, որը կազմակերպել էր նաև 2017-ի խորհրդարանական ընտրությունները:

«Ինչպես է լինում, երբ մինչև 2018 թվականը, այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, տեղի են ունեցել ընտրախախտումներ, դա` ըստ իշխող ուժի: Ինչպես է ստացվում, որ ԿԸՀ-ն դա թույլ է տվել, իսկ այսօր պետք է օրինապահ մամին դառնար, կա երկու տարբերակ՝ կամ իշխող ուժը նախկինում մեզ խաբել է՝ ասելով, որ օրինապահ, պուպուշ կառույցը ընտրախախտումներ չկանխող կառույց է, կամ էլ այսօր այս մարմնի ծառայությունները պետք են իշխղ ուժին»,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքոմ չորս օր շարունակ բռնության կիրառման սպառնալիքներ է օգտագործել: Նա հիշեցրեց, որ Փաշինյանին են ենթարկվում թե' ոստիկանությունը, թե' ԱԱԾ-ն: Ապա հիշեցրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, երբ Փաշինյանը հարթակից ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարել էր ասֆալտին պառկեցնել որոշ անձանց, և հաջորդ օրն իսկ հանրությունն ականատես էր եղել դրան:

«Այս սպառնալիքների տիրույթում նորաստեղծ կուսակցությունների ձայնը լսելի չէր, դաշտը բաժանվել էր այսպես՝ ով ընդդիմանում էր իշխող ուժին՝ համարվում էր ռևանշիստ-նախկին»,-ասաց Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանն անդրադարձավ մերժված միջնորդությանը, որով ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը միջնորդում էր Հանրապետության նախագահին դատավարությանը հրավիրել որպես վկա: Նա հարց հնչեցրեց, թե արդյոք Փաշինյանը կոմպրոմատ ունի Արմեն Սարգսյանի դեմ, և դա է պատճառ դարձել, որ նախագահը զրկված է  իր լիազորությունները իրականացնելու հնարավորությունից,  և արդյոք դրանով է պայմանավորված,  որ Փաշինյանը հրահանգել էր ընտրություններն իրականացնել հունիսի 20-ին, իսկ նախագահը չէր ընդդիմացել: 

«Իշխանությունը վարչական ռեսուրսների կիրառմամբ, բռնության սպառնալիքներով, գործել է այն նույն գործիքակազմով, որը ժամանակին քննադատել է, և որը պետք է բարեփոխեր: Այս ընտրություններով ՀՀ քաղաքացիները զրկվել էին ազատ ընտրություն կատարելու հնարավորությունից»,-եզրափակեց նա:

ՍԴ-ն հուլիսի 9-ից քննում է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter