
Արմեն Սարգսյանն ու «Էյր Արաբիա»-ի ղեկավարները զրուցել են հայկական ազգային ավիափոխադրողի ստեղծման մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին: Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ն և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն այսօր ստորագրելու են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: Ավափոխադրումների, օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել ԱՄԷ-ում, նախագահ Արմեն Սարգսյանի և Շարժայի կառավարիչ, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպման ժամանակ:
Նախագահ Սարգսյանը ողջունել է համագործակցությունը միջազգային խոշոր ավիափոխադրողի հետ և հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը՝ գոհունակություն հայտնելով, որ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Այդ կապակցությամբ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության, մասնավորապես փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանի՝ շուրջ երկու տարի տևած արդյունավետ աշխատանքը:
Ըստ տարածված հաղորդագրությանը՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին ասել է, որ բարձր է գնահատում հայ-էմիրաթական միջպետական հարաբերությունները: Նա ընդգծել է, որ երկու կողմից էլ առկա է համագործակցությունը զարգացնելու մեծ հետաքրքրվածություն, ինչն էլ հիմք հանդիսացավ համատեղ նոր նախագիծը կյանքի կոչելուն: «Էյր Արաբիա» -ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ օդային նոր կամուրջը և հատկապես էմիրաթական ավիաընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը կդառնան Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ:
«Էյր Արաբիա»-ի ղեկավարությունն ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենը Արմեն Սարգսյանին տեղեկություներ են ներկայացրել նախատեսվող աշխատանքների ու ծրագրերի մասին: Նշվել է, որ հայկական ազգային փոխադրողի թռիչքների իրականացումը նախատեսվում է արդեն հաջորդ տարի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել