HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյան․ «Ադրբեջանը չի արձագանքել Սոթք-Խոզնավար հատվածից երկու կողմերի զորքերի ետքաշման առաջարկին»

Կառավարության հուլիսի 15-ի հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն՝ ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու համար։ Սա անելու է` ցույց տալով, թե Հայաստանն ու Արցախն, իբր, դեմ են խաղաղությանը, սահմանազատման և սահմանագծման գործընթացներին»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրեբջանի հայտարարությունները որևէ  կապ չունեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և Մոսկվայում հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակության հետ․

«Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար։ Ադրեբջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա քաղաքականությունը»։

Փաշինյանի պնդմամբ՝ եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքները շարունակվելու են, և միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը հասնելու է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։

«Ադրբեջանն ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում։ Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում, սահմանագծից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայում և միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մեկնարկ»,- նշեց նա։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, սակայն Ադրեբեջանը որևէ կերպ չի արձագանքել առաջարկին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter