
Պատգամավորական ծախսերի ամսական գումարը կդառնա 250 հազար. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում են հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ:
Նախագիծը ներկայացրեց Վիկտոր Ենգիբարյանը, որի խոսքով այն բխում է հանրային լավագույն շահից: Ըստ նրա` ամսական 50 հազար դրամը բավարար չէ մարզեր այցի վառելիքի ծախսերի համար, հետևաբար փոփոխությունները միտված են ուժեղացնելու պատգամավորական ինստիտուտը:
Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` կարծրատիպ կա, որ պատգամավորական անձեռնմխելիությունը արտոնություն է պատգամավորի համար, սակայն իրականում հանրային շահից է բխում իրականացնել անկաշկանդ գործունեություն: Ենգիբարյանի խոսքով` մարզերից ընտրված պատգամավորների համար սա մեծ աջակցություն կլինի, իսկ այն պատգամավորները, որոնք ներգրավված են դիվանագիտական աշխատանքում, կարող են օգտագործել այդ գումարը տարբեր ձևի ծառայությունների գնման համար:
Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հետաքրքրվեց, թե այս 2,5 տարիների ընթացքում արդյոք բոլո՞ր պատգամավորներն են մարզեր մեկնել, և արդյոք դիվանագիտական գործունեության ընթացքում այս գումարից են օգտվում և ոչ հավելավճարներից: Հովսեփյանը համաձայնեց` մարզից ընտրված պատգամավորներն իսկապես նման խնդիր ունենում են, սակայն պատգամավորների մեծամասնությունն առհասարակ մարզեր չեն գնացել:
Վիկտոր Ենգիբարյանն արձագանքեց` պատգամավորական գործունեությունը բազմակողմ է, պատգամավորին տրամադրված միջոցները պետք է ուղիղ կառավարելի լինեն, նյութատեխնիկական սպասարկումը պետք է բարելավել:
Սոֆիա Հովսեփյանի գնահատմամբ` պարգևավճարի միջոցով պետք է խրախուսել այն պատգամավորներին, որոնք հաճախ են մարզեր այցելում, որպեսզի այդ գումարով հոգան այդ ծախսերը: Պատերազմից հետո նման ծախսի ավելացումը նա անհիմն որակեց:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ` ասելով, որ գործադիրն առարկություն չունի, ներկայացված հիմավորումները բավարար են ու ընդունելի:
Տեղեկացնենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին ներկա չեն: Նախագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 70 կողմ, 1 դեմ ձայներով:
Մեկնաբանել