HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Շահերի ռազմամարտը

Խորհրդարանական ընթացող ընտրություններում քարոզչական տեխնոլոգիաների գործոնը մղվել է երկրորդ պլան: Սկսվել է քաղաքական դաշտի նոր վերադասավորումների հանգեցնող դիրքային պայքար:

Վերադասավորումները, փաստորեն, տեղի են ունենում ոչ թե ընտրություններից առաջ կամ հետո, ինչպես սովորաբար լինում է, այլ հընթացս: Ընտրությունների ընթացքի վերահսկմանն ուղղված միջկուսակցական շտաբի ձևավորումն այս պրոցեսներում առանցքային նշանակություն ունի, որովհետև այն փաստացի վերածվում է շահերի բախման և բացահայտման հիմնական թատերաբեմի:

Իշխանությունը ներկայացնող ուժը` ՀՀԿ-ն, ի սկզբանե հրաժարվեց միանալ այս նախաձեռնությանը: Դա ուներ երկու հստակ նպատակ: Առաջին` կանխել ընտրությունների վերահսկման ցանկացած առողջ ձևաչափի ստեղծում և մեխանիզմների մշակում, որը իշխանության համար վտանգավոր է ոչ թե խորհրդարանական, այլ գալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի վերընտրությունը կազմակերպելու տեսանկյունից: Երկրորդ` թույլ չտալ, որպեսզի այդ շտաբի հենքի վրա ձևավորվի իրական այլընտրանքային քաղաքական բևեռ, ինչը միանգամայն իրատեսական կարող էր լինել ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» միջակայքում:

Ինքնին շտաբի ձևավորման նախաձեռնությունից սահմանազատվելն այդ խնդիրը չէր կարող լուծել: Ավելին` ՀՀԿ-ն փաստացի վերածվում էր կոնկրետ թիրախի: Անհրաժեշտ էր գործարկել ընդդիմության ներսում պառակտում և փոխադարձ անվստահություն սերմանելու փորձված տեխնոլոգիան: Դրա համար օգտագործվեց ամենաթույլ օղակը` արմատական ընդդիմության դրոշակակիրը դառնալու և ՀԱԿ-ի լքած դիրքերը նվաճելու՝ «Ժառանգություն» կուսակցության անթաքույց ամբիցիան, որ արտահայտվել էր դեռ Կոնգրեսից և դրա կորիզը կազմող ՀՀՇ-ից վտարված «Ազատ դեմոկրատներ»-ի հետ դաշինք կազմելու ժամանակ:

Ընտրակեղծիքների դեմ իրապես պայքարելու կամքը հավաստելու համար շտաբում ներգրավված ուժերի ղեկավարների ստորագրությունը պահանջելու «Ժառանգության» քայլը, որն ուղղված էր ՀԱԿ-ի անսկզբունքայնությունը ցուցադրելուն, իշխանության համար լավագույն զենքը դարձավ, թեև ավելի նուրբ քաղաքականության պարագայում վերջինս կկարողանար շատ ավելի համոզիչ լինել և չեզոքացնել իշխանության ձեռքին խառնող «շերեփ» դառնալու կասկածները:

«Ժառանգությունը» սխալմամբ թիրախ ընտրեց ՀԱԿ-ին, մինչդեռ իրական խնդիրը ԲՀԿ-ի մեջ էր: Վերջինս արդար ու թափանցիկ ընտրությունների պահանջ է դնում, սակայն ոչ միայն շարունակում է մնալ կոալիցիայում, այլև, ի դեմս կուսակցության ղեկավարի, պնդում է, թե կոալիցիան ձևական չի եղել: Այսինքն` ԲՀԿ-ն լիարժեք պատասխանատվություն է կրում նաև ընտրությունների որակի համար:

«Ժառանգության» տակտիկական սխալն այն էր, որ նա ԲՀԿ-ի ներգրավման համար վերջինիցս կոալիցիայից դուրս գալու պահանջ ներկայացնելու փոխարեն միայն Ծառուկյանի ստորագրությունը պահանջեց, որը, բացի խնդրի ձևական կողմն ապահովելուց, ոչինչ չէր տալիս, անգամ եթե Ծառուկյանից բացի այդ փաստաթուղթը ամբողջ կուսակցությունը ստորագրեր:

Այսինքն՝ ստորագրելուց Ծառուկյանի հրաժարվելը որպես Ռոբերտ Քոչարյանին վերադարձնելու մտադրության ապացույց ներկայացնելը չափազանց թույլ էր: Նախկին արտգործնախարար և Քոչարյանի պրոտեժե Վարդան Օսկանյանին ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում ընդգրկելու, ինչպես նաև Ծառուկյանին անընդհատ հակադրվելու և ԲՀԿ-ում վերմակն իր կողմը ձգելու վերջինիս անթաքույց քայլերն, իհարկե, նման պնդումների հիմքեր կարող են տալ: Սակայն քանի դեռ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալու պաշտոնական հայտարարություն չի արել, քանի դեռ ուժի մեջ են մնում մեծամասնական ընտրատարածքները բաժանելու Սարգսյան-Ծառուկյան պայմանավորվածությունները և քանի դեռ նկատելի չէ ԲՀԿ-ի նկատմամբ իշխանության վարչատնտեսական ճնշումների ընդգծված միտում, ինչը սովորաբար նկատվում է այդ երկու կուսակցությունների հարաբերությունների խրոնիկական սրացումների ժամանակ, շտաբին միանալու ԲՀԿ-ի քայլն ընդամենը իշխանությունից արտաքուստ սահմանազատվելու և այլընտրանքային ուժի իմիջով ներկայանալու մարտավարություն է:

«Ժառանգության» երկրորդ սխալը ՀԱԿ-ԲՀԿ տանդեմի ձևավորմանը չափից դուրս լուրջ վերաբերվելն է, կամ ավելի ճիշտ՝ իր արմատականությունը հիմնավորելու համար այս աներևույթ դաշինքը թիրախ դարձնելը: Իրականում նման տանդեմը չափազանց անիրատեսական է` հաշվի առնելով ՀԱԿ-ի ամբողջատիրական նկրտումները:

Գագիկ Ծառուկյանը երբեք անկախ խաղացող չի եղել և չի էլ կարող լինել: Եթե նա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը չէ, հաստատ նաև Սերժ Սարգսյանի, առավել ևս՝ գործող կառավարման համակարգի դեմ էլ չէ, որովհետև թե Ծառուկյանի և թե նրա կուսակցության կենսունակության միակ աղբյուրը հենց այդ ռեժիմի գոյությունն է:

Եթե ՀԱԿ-ը և Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ն իսկապես համարում են պոտենցիալ դաշնակից, նշանակում է՝ նրանք կողմ են նաև ռոբերտքոչարյանական-սերժսարգսյանական գործող իշխանական համակարգին: Ուստի իշխանափոխության խնդիր դնելով` պարզապես նրանց ստեղծած ռեժիմը խլելու հարց են լուծում: Եթե ոչ, նշանակում է՝ ԲՀԿ-ն նրանց համար առավելագույնը պոտենցիալ գործիք է իշխանության երկատման և ներիշխանական ճգնաժամ առաջացնելով այն ներսից փլուզելու համար:

Որ հենց սա է ԲՀԿ-ի նկատմամբ ՀԱԿ-ի ռևերանսների բուն պատճառը, վկայում է այն հանգամանքը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ 2008թ. վերջերին էր բացահայտ կերպով առաջ քաշել այս ճանապարհը: Բայց մտածել, որ ՀԱԿ-ը կարող է Ռոբերտ Քոչարյանին վերադարձնելու նպատակ ունենալ, նշանակում է բացարձակապես կտրված լինել իրականությունից: Որովհետև որքան ՀԱԿ-ն է խորամանկ իր մտադրություններում, նույնքան էլ ԲՀԿ-ն է խելացի այդ թակարդը չընկնելու համար: Այդ պատճառով էլ ԲՀԿ-ն ընդգծված տարածություն է պահպանում` թույլ տալով միաժամանակ, որ ԲՀԿ-ՀԱԿ տանդեմի մասին խոսակցությունները որքան հնարավոր է շատ պտտվեն, ու այն որքան հնարավոր է իրական թվա: Որովհետև դրանով նա մի կողմից հանրային վստահության լրացուցիչ ռեսուրս է կուտակում, իսկ մյուս կողմից՝ իր գինն է բարձրացնում Սերժ Սարգսյանի մոտ: Եվ «Ժառանգության» պնդումները, թե ՀԱԿ-ն այդ ռևերանսներով լծվել է Քոչարյանին վերադարձնելու օպերացիային, ավելի շատ շրջվում է հենց նրա դեմ` ամրապնդելով այն կարծիքը, որ վերջինս գործում է իշխանության` ՀՀԿ-ի նպատակների ծիրում:  

Այսինքն՝ քաղաքական դաշտում սկսվել է շահերի բացահայտ մրցապայքար: ՀՀԿ-ն ձգտում է օր առաջ ապահովագրել Սերժ Սարգսյանի վերընտրությունը 2013-ին և դա փորձում է անել ընդդիմադիր դաշտում ինտրիգներ հրահրելով կամ առնվազն դրանք խրախուսելով: ԲՀԿ-ն ձգտում է կառուցողական ընդդիմության իմիջ ձևավորել` իշխանությունը կիսելու հարցում Սերժ Սարգսյանից հետագայում ավելի մեծ զիջումներ կորզելու համար, ինչը նրան դրդում է խաղալ թե իշխանության և թե ընդդիմության լարերին:

ՀՅԴ-ն կորցրած ընտրազանգվածը մեծացնելու և իրական ընդդիմություն լինելու մեջ հանրությանը համոզելու նպատակ ունի, ինչը նրան դրդում է պահպանել արդար ընտրությունների ապահովման առաջամարտիկի կարգավիճակը: Եվ քանի որ ամենակայուն և քիչ թե շատ չեզոք կուսակցությունն է դաշտում, ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» հակասությունները ամենաշատը նրա միավորներն են ավելացնում: ՀԱԿ-ը փորձում է իրականացնել իշխանությունը ներսից պայթեցնելու «օպերացիան»` իր հերթին անվստահություն առաջացնելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում:

Սերժ Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը հիմա սկսել են հերթական շախմատային պարտիան, որը որոշելու է` ընդդիմությո՞ւնն է փոշիանում, թե՞ իշխանությունն է փլուզվում: Տեր-Պետրոսյանը խաղում է այն կանխակալ համոզվածությամբ, որ Ռոբերտ Քոչարյանը խաղից դուրս վիճակում է և ԲՀԿ-ն գործում է ինքնուրույն խաղացող դառնալու սկզբունքով: Այսինքն՝ իրեն գրեթե ապահովագրված է զգում քոչարյանական վերադարձին ակամա նպաստելու, այսինքն՝ «փաստի առաջ կանգնելու» հեռանկարից: Սակայն այս վտանգն իսկապե՞ս չեզոքացված է: ՀՀԿ-ի նյարդային պահվածքը, Վարդան Օսկանյանի վրա հարձակումները վկայում են, որ Սերժ Սարգսյանն իր քայլերն անելիս դա չի բացառում:  

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վատ հոդված չէ:..................................... Իսկ ահա իմ կարծիքը/վերլուծությունը. 1. ՀՀԿ- ունի որոշակի իդեոլոգիա, բայց չունի այն իրականացնողներ: Պատճառներից մեկը կադրերի պակասը և հազարավոր ոսկի որոնող անդամների մուտքը կուսակցություն: Դեռ ինստինկտային ֆազա:Ես կանխատեսում եմ մի քանի տարի հետո ավելի փոքր (մոտ 20 տեղ ԱԺ-ում) նեո-ՀՀԿ: Հայաստանում կա այդ քաղաքական տեղը ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ-ԱԶԳԱՅԻՆ կուսակցության (center- right):..................................2.ԲՀԿ- կուսակցություն-ոչ միամիտ, բայց առանց իրական իդեոլոգիայի: Լիովին կախված թե Գ.Ծառուկյանի հիմնականում բիզնեսային շահերը ինչքան ժամանակ ԲՀԿ-ի կարիք կունենան: Դրանից հետո աստիճանական լուծարում:..........................3. ՕԵԿ -մեռնող. միգուցե մի սեզոն էլ սաղացնեն:...............................4. ՅՀԴ- Հայաստանի ապագա ամենամեծ սոցիալ-դեմոկրատական (ազգային պատյանով) կուսակցությունն է լինելու (center-left): Ունի ոչ- քիչ մարդկային ու ֆինանսական ռեսուրս, բայց դեռ լրիվ չի վստահում իր ուժին: Լուսամուտից մտավ-դուռը կգտնի:............................. 5. Ժառանգություն - ջահել,մի քիչ դեռ կանաչ ու տաքարյուն,բայց ակտիվ ու գերազանցիկ աշակերտ: Միշտ լինելու է ԱԺ-ում,հավանաբար կանաչ շորերով: Հայաստանը ԿԱՐԻՔ ունի այսպիսի ակցիայի ուղղված (issue based) կուսակցության : Առաջնահերթությունը-հիմնավորվել մարզերում:.....................................6. ՀԱԿ/ՀՀՇ- նույն իդեոլոգիան. այն է-սպասիր ու ուրիշների սխալներից օգտվիր: Խորամանկ - մի քանի խելացի (քյոքված) գործիչներով: Օլիգարխային սիստեմի մեջքը կոտրելու է-ժամանակի հարց է: Դրանից հետո աստիճանաբար լուծարվելու է. էլ միսիա չի ունենալու: Տեղը հավանաբար նոր-փոքր կենտրոնային (center) կուսակցության ստեղծում-հիմնականում էկոնոմների ու նման մարդկանց շուրջ:...................................7. Ես կանխատեսում եմ նաև 'Սարդարապատի' և մի քանի խմբերի միացում ՅՀԴ-ը:............................. ՀԳ. Ռոբերտ Քոչարյանը առաջիկա մի քանի տարում քաղաքականություն վերադառնալու ՎԵՐՆԱԳԻՐ ( ու շահ) չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter