
Պատգամավորական ծախսերի ամսական գումարը հնգապատկվեց. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն հնգապատկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դառնալով 250 հազար դրամ:
Այն ընդունվեց 71 կողմ ձայնով: Ընդդիմությունն ինչպես առաջին ընթերցմանը, այնպես էլ երկրորդին, ներկա չէր քննարկմանը:
Նախագծի համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանն իր խոսքում նշեց` քննարկումները ցույց տվեցին, որ նախաձեռնությունը տեղին էր:
«Ես կարծում եմ` մենք ՀՀ-ում պետք է ձևավորենք արժեքային այնպիսի համակարգ, որտեղ պետական ծառայողները աշխատավարձի, եկամուտների, ծախսերի առումով հույսները պետք է դնեն միայն պետական բյուջեի վրա: Մենք արդեն փակել ենք այն էջը, երբ պետությունը սերտաճած էր գործարարության հետ, և պատգամավորները կարիք չունեին իրենց ծախսերը հոգալու, այլ ստվերային կամ օդում կախված ծրարային մեթոդներով էին հոգում»,-ասաց նա:
Պատգամավորը ողջունեց այն, որ նախագիծը հանրության շրջանում բուռն քննարկման առարկա է դարձել:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ Սիսակ Գաբրիելյանը` ասելով, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկեց կողմ քվեարկել:
Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտնելու ութերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանից:
Մեկնաբանել