HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առուշ Առուշանյանի կալանավորման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Առուշանյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը՝  նշելով, որ միջնորդության քննությունը նշանակվել է այսօր` ժամը 20:30-ին։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրությամբ հայտնել է , որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա․Ա․-ին (խոսքը Առուշ Առուշանյանի մասին է-հեղ) մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի  35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, համապատասխանաբար, երկու կամ ավեի անձանց կաշառք տալը նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը կազմակերպելու և գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին է։

Մինչ Առուշանյանին մեղադրանք առաջադրելը վերջինիս անձեռնմխելությունը հաղթահարելու հարցով Դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը տվել է համաձայնությունը։

Այսօր Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Առուշանյանը կարճ մեկնաբանեց իրեն առաջադրված մեղադրանքը։

«Մանկապարտեզ բաներ են անում, բառեր չեմ գտնում, որպեսզի մեկնաբանեմ»,- ասաց Առուշ Առուշանյանը։

Նրա  պաշտպաններից Արմեն Մելքոնյանն ասաց, որ Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն շինծու է, մտացածին, ապօրինի։ Մելքոնյանը շատ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ գործի նյութերը բավականին բազմածավալ են, դրանց դեռևս պետք է ծանոթանալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter