
80-ամյա Ռոզա տատը հորդորում է ընտրությունների ժամանակ ոչխարի չնմանվել (վիդեո)
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղը, ամենայն հավանականությամբ, մարզի ամենաքաղաքականացված գյուղն է: Այստեղ բոլորն են խոսում քաղաքականությունից՝ դպրոցականներից մինչեւ ծերունիներ:
80-ամյա Ռոզա Սարգսյանը նրանցից մեկն է, ով ունի ինքնուրույն կարծիք եւ նրան հեղաշրջելը գրեթե անհնար է: Նա այնքան է մտել քաղաքականության մեջ, որ նույնիսկ համայնքապետ Եսայի Մովսիսյանը չի համարձակվում նրա հետ բանավիճել, թեեւ մի քանի փորձեր արել է:
Ռոզա տատը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե անպայման մասնակցելու է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի իր քվեով փոխի երեխաների ու թոռների ապագան:
«Անձամբ ինձ որեւէ մեկը չի կարող ստիպել, թե ում ընտրեմ, որովհետեւ ես ուղեղ ունեմ: Հետո ես իրանց ստրկուհին չեմ, ինձ փողով չեն վարձել: Ես ձայնի իրավունք ունեմ, ինչի՞ պիտի ստիպեն»,- ասում է 80-ամյա տատիկը:
Նա խորհուրդ է տալիս մարդկանց կարեւորել իրենց ձայնը եւ «ոչխարի նման» չգնան ուրիշի թելադարնքով ընտրեն: «20 տարի իշխանության մեջ են, ի՞նչ են արել, ոչ մի բան: Մարդիկ, եթե պիտի գնան նորից ընտրեն, թող գնան ընտրեն, կործանվեն»,- ավելացնում է Ռոզա Սարգսյանը:
Ռոզա տատն ասում է, որ չի հավատում իշխանությունների խոստումներին, որ ընտրություններն արդար են լինելու՝ պատճառաբանելով, որ 20 տարի չեն կարողացել նորմալ ընտրություն անցկացնել: Հետո սկսում է խոսել մարզի խնդիրներից՝ ասելով, թե Արմավիրի մարզը ժամանակին 7-8 գործարան է ունեցել, սակայն հիմա չեն աշխատում: Ինքն էլ 20 տարի աշխատել է կահույքի գործարանում:
«Եթե մարդիկ այդ աստիճան ցինիկ են դարձել եւ կարող են 5000 դրամով ծախել ազգը, ես չեմ կարող, սովետով ենք դաստիարակվել եւ սիրում եմ ճշմարտությունը»,- հավելեց Ռոզա տատը: Ըստ նրա՝ ընտրակաշառք վերցնելն առաջին հերթին ինքնասիրության հարց է: Ռոզա տատի ասելով, հնարավոր է՝ ոչինչ չունենա եւ ինչ-որ մեկին խնդրի, որ իրեն կես կիլոգրամ շաքարավազ գնեն, սակայն ընտրակաշառք չի վերցնի:
«Վերջ ի վերջո, պիտի ուշքի գանք, 21-րդ դարում մարդն այդ աստիճանի հիմա՞ր: Սա 15 թիվը չի, ոչ էլ 4-րդ դարն ա: Մեզ ինչ եղավ, արդեն եղավ, պիտի մտածենք գոնե երեխաներն ապագա ունենան: Ճիշտ ա, ասում են՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, բայց մեր ժողովուրդը չի կանգնում, որ գերան կոտրի»,- ասում է Ռոզա Սարգսյանը:
Նա փորձում է գյուղցիներին էլ բացատրել, որ այս անգամ պետք է իրենց խղճով ընտրություն կատարեն, սակայն շատերն ընդունելով, որ Ռոզա տատը ճիշտ խորհուրդ է տալիս, բայց ասում են, որ չեն կարող համայնքապետի «խաթրը կոտրեն», քանի որ դրանից հետո իրենց օգնություն չի տա:
Ռոզա տատն ասում է, որ այս իշխանությունները «հարց լուծող» չեն, հակառակ դեպքում չէին ընկնի դռները, որ իրենց ժողովուրդը ձայն տա: Նա որպես օրինակ նշում է խորհրդային տարիների ընտրությունները, երբ մարդն իր գործով էր ապացուցում, որ արժանի է պաշտոն զբաղեցնելուն:
Ռոզա Սարգսյանն ասում է, որ ոչ մեկ չկարծի, թե ժողովուրդը ոչխար է եւ բան չի հասկանում: Ժողովուրդն ամեն ինչ էլ տեսնում ու հասկանում է եւ գիտի, ով է գրագետ, ով է ճիշտ խոսում եւ ով ստում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել