HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միշտ ասում էր՝ մամ, հանկարծ չտենամ, որ լացում ես, աչքիդ արցունք չլինի»

Գալինա Դանիելովան ուղղում է սեւ գլխաշորը, հետո նայում է տան դարպասին։ Գունաթափ, տեղ-տեղ ժանգոտած դուռը չի բացվում։ Ասորի կնոջ հայացքը մթնում է, չնայած դրսում կեսօր է։ Բազրիքին ջրով տարաներն են: Փոքր տնամերձ բակում մրգատու ծառեր են, որոնք հաճախ ջրում էր միակ զավակը՝ Արսենը։

Արզնու կեսօրվա տապն այնքան խեղդող չէ, ինչքան մեր խոսակցության առաջին նոտաները։ Տիկին Գալինան ձայնով լացում է, ու այն, կարծես, տարրալուծվում է բակի լռության մեջ։

-Մենք հայ-րե-նիք չու-նենք, բայց Արսենը գնաց կռվեց․․․,- բարձր ձայնով ասում է 62-ամյա կինը։ Նրա դեմքին պարզապես անհնար է նայել․ այնտեղ տխրության ամպերը խտացել են, ու բառերը որոտի պես են։ Հետո իմիջիայլոց սրբում է աչքերը, ձայնը փոքր-ինչ հանդարտվում է, հեռավոր ինչ-որ կետերի նայելով ասում է՝ եթե, օրինակ, Ռուսաստանում ապրեին, Արսենն էլի կկռվեր: Ըստ տիկին Գալինայի՝ մարդ որտեղ ապրում է, հայրենիք է դառնում, որի համար պետք է պայքարի:

Նա Արսենի՝ միակ զավակի կյանքը հեքիաթի պես էր պատկերացնում, բայց այն անսպասելի ավարտ ունեցավ։ Եվ այդ վերջաբանը ցավեցնում, օրեցօր մաշում է նրան՝ չսպանելով վերադարձի թույլ հույսը:

Արսենն 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատանքի էր ընդունվել Արզնու թռչնաֆաբրիկայում: Անասնագոմից հավկիթները տանում էր տեսակավորման բաժին, այդտեղից էլ ուղարկում էին կնքման բաժին, որտեղ աշխատում էր մայրը։

Մոտ երկու տարի մայր ու որդի միասին աշխատանքի էին գնում։ Առհասարակ ճանապարհին երկար չէին խոսում, ու հիմա այդ լուռ րոպեների համար մայրն ափսոսում է։ Ափսոսում է, որ շատ հարցեր չի տվել որդուն, ասում է՝ ի՞նչ իմանար, թե ինչ կլիներ։

Արսենն աշխատավարձ էր ստանում, եւ այդ գումարով հիմնականում տան ծախսերն էին հոգում: Հայրը մահացել էր, երբ նա 10 տարեկան էր: Եվ մոր հանդեպ հոգատարությունն ու խնամքն առանձնահատուկ էր տղայի կողմից: Աշխատավարձով երբեմն նվերներ էր գնում նրա համար, իսկ մոր ծննդյան օրվա համար նախօրոք նվեր էր պատրաստում ու թաքցնում՝ անակնկալ անելով: Բարեկամների, ընկերների քեֆ-ուրախություններին սովորաբար միասին էին գնում:

Բանակ զորակոչվելուց առաջ՝ մոտ երեք ամիս, Արսենն աշխատել էր Աբովյան քաղաքի բանջարեղենի խանութում: Այդտեղ ավելի բարձր աշխատավարձ էր ստանում, բացի դրանից՝ նաեւ բանջարեղեն ու միրգ էր տուն բերում: «Ինքը ստեղծող էրեխա էր, աշխատող»,- նշում է մայրը:

Զորակոչվելուց առաջ մորն ասել էր, թե երբ վերադառնա՝ չի թողնելու, որ նա աշխատի: Եվ այդ միտքը հաճախ կրկնում էր ծառայության ժամանակ: «Հարցնում էր՝ մամ, ո՞նց ես, գործերդ ո՞նց են: Միշտ որ ասում էի՝ մեջքս ցավում ա, ոտքերս ցավում են, ասում էր, որ գամ, չեմ թողնի աշխատես, մամ ջան։ Հիմի ես էլ չեմ աշխատում։ Ինքն ինձի չի թողնում, որ աշխատեմ»,- սա ասելուց հետո տիկին Գալինայի դեմքը կրկին մթնում է, լացն անզուսպ է:

2019 թ. հունվարին Արսենը զորակոչվել էր բանակ: Ծառայում էր Տավուշի մարզում: Մորը հաճախ էր զանգում եւ երբեք չէր դժգոհում ծառայությունից: Մի անգամ արձակուրդ էր գնացել 10 օրով ու անմիջապես մոր աշխատավայր շտապել՝ անակնկալ անելով նրան: Մայրն ու գործընկերուհիներն ընդմիջում էին անում, երբ Արսենը ծաղիկներով ներս էր մտել: «Աղջիկները հելան, փաթաթվեցին, ասեցի՝ դե հիմի հերթ տվեք, ես էլ փաթաթվեմ, իմ էրեխեն է: Արսենին բոլորը սիրում էին»,- ասում է մայրը:

Պատերազմի սկսվելուց հետո Արսենենց զորամասը տարել էին ռազմաճակատ, սակայն այդ մասին տիկին Գալինան չգիտեր: «Միշտ զանգում, հարցնում էի, ասում էի՝ Արսեն, ձեզ պատերազմ են տանելու՞, ասում էր՝ չէ, մամա, մենք էլ էստեղ պոստ ունենք, դու մի ասա արդեն էնտեղ ա, ինձ չի ասում։ Չի ասել այդպես էլ, որ տարել են ռազմաճակատ։ Տարել էին Մեխակավան»,- պատմում է տիկին Գալինան:

Արսենը նաեւ չէր ասել, որ հետախույզ է: «Ասում էի՝ Արսեն, մարդ, որ ծառայում ա, մի բան պիտի ծառայի, չէ՞, ասեց՝ մամ, քո ինչի՞ն ա պետք, որ հարցնում ես, ասում էի՝ դե, մարդիկ են հարցնում, չէր ասում»,- հիշում է զրուցակիցս:

Հոկտեմբերի 18-ին տիկին Գալինան վերջին անգամ էր խոսել որդու հետ: Խոսակցությունը կարճ է տեւել: Արսենն ասել էր՝ ժամանակ չունի, վաղը առավոտյան կզանգի: Խնդրել էր, որ մայրը մենակ չմնա, մորաքրոջ տուն գնա: Ավելի ուշ տիկին Գալինան հասկացել էր որդու շարունակական խնդրանքը:

Հոկտեմբերի 19-ից հետո Արսենի հեռախոսն անհասանելի էր: Մի քանի օր անընդմեջ անպատասխան զանգերից հետո մայրը ստիպված գնացել էր զորամաս՝ որդուց լուր իմանալու համար: «Ասսում են՝ անհետ կորել են, ասում եմ՝ ասե՞ղ են, որ անհետ կորեն, դուք ղեկավար մարդ եք, կամանդիր էր, պիտի իմանաք, թե զինվորներիներին ուր են տարել»,-հրամանատարների հետ հանդիպման մասին նշել է տիկին Գալինան: Հետո նախարարություն դիմում էր գրել՝ անհետ կորած որդուց լուր իմանալու համար:

«Դեկտեմբերի 10-ին ասեցին՝ քո տղուն զոհված են բերել, պիտի ընդունես: Ասենք բերեցի, թաղումն արեցի, բայց կարող է իմ տղեն ողջ լինի, ես ո՞նց կարամ ուրիշի դիակը բերեմ, թաղեմ: ԴՆԹ-ի անալիզ էլ չէի տվել»,- ասում է տիկին Գալինան: Այդ օրը բարեկամներից գնացել էին Աբովյանի դիահերձարան, որտեղ գտնվում էր հայտնաբերված աճյունը: Պարզվել էր, որ այն Արսենի աճյունը չէ: Տիկին Գալինայի քրոջ տղան՝ Գենադին, որ ներկա էր մեր զրույցին, պատմում է, որ երբ տեսել է մարմինը, միանգամից ասել է, որ դա Արսենը չէ: «Ասեցի՝ մեր էրեխեն ոսկի ատամներ չունի: Ուղղակի էդ դիակի մոտ Արսենի զինգրքույկն էին գտել, դրա համար մտածել էին, թե մեր էրեխեն է»,- նշում է Գենադին:

Հաջորդ օրը տիկին Գալինան ԴՆԹ անալիզ էր հանձնել: Հունվարի 28-ին նրան հայտնել են Արսենի զոհվելու մասին: ԴՆԹ անալիզը համընկել էր, մարմինը գտել էին Կոռնիձորի մոտակայքում: 20-ամյա Արսենը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից:

«Ճիշտն ասած, մինչեւ հիմա չեմ հավատում, որ իմ երեխան կլինի։ Ասում են՝ ԴՆԹ-ն էլ է սուտ, շատերը չեն հավատում»,- նկատում է տիկին Գալինան:

Հիմա նրա ամբողջ կյանքը սպասում է: Հյուրասենյակի դեղին լույսը հազիվ է լուսավորում սենյակը: Արսենի մեծ լուսանկարի մոտ մոմ է վառվում: Մայրը ողջ օրը խոսում է որդու նկարի հետ, հետո բակ է դուրս գալիս ու հայացքը ձգում է դարպասին:

«Միշտ ասում էր՝ մամ ջան, հեչ չվախենաս, քիչ մնաց։ Ասում էի՝ չեմ վախենում, Արսեն ջան, ավելի եմ ուրախանում, որ դու շուտ կգաս: Էլ չգիտեինք, թե ինչ կլիներ»,- ասում է նա:

Հին, խարխուլ տան բակում բոլորս լռում ենք: Արսենը մտադիր էր ծառայությունից վերադառնալուց հետո վերանորոգել ու կահավորել տունը: Զորացրվելուն մնացել էր երեք ամիս: «Սիրտս որ լցվում ա, գնում եմ ծաղիկ առնում, գնում գերեզմաններ։ Միշտ ասում էր՝ մամ, հանկարծ չտենամ, որ լացում ես, աչքիդ արցունք չլինի, գնում եմ, ասում եմ՝ Արսեն, դե հիմա ասա»,- պատմում է մայրը:

Հիմա Արսենին հանդիպում է երազներում: Ասում է՝ մի անգամ, երբ պիտի բարձրանային գերեզմաններ, երազ էր տեսել. վառարանի մոտ՝ հատակին, մեկը պառկած էր, եւ չորս հոգի էլ կանգնած էին նրա գլխավերեւում: Երբ հարցրել էր, թե ով է պառկած երեխան, քրոջ աղջիկը պատասխանել էր, թե քո տղան է, հետո հարցրել էր, թե սպիտակ շորերով ովքեր են, ասել էր՝ պահապան հրեշտակները:

«Մի անգամ էլ հայաթում՝ դարպասից ներս մտա, տեսա՝ մեկը մեջքով դեպի ինձ է կանգնել, ասի՝ վայ, էս ո՞վ ա կանգնած, մի կին ասեց՝ Արսենն ա, քո տղեն ա, ես էլ ասեցի՝ հա՛մ ասում եք, թե քո տղեն մահացել ա, հա՛մ ասում եք՝ Արսենն ա: Արսենն ինձ նայեց, ասեց՝ էդ ես եմ ասել, որ ըտենց ասեն, թե իբր մահացել եմ, բայց ես չեմ մահացել։ Դրա համար չեմ հավատում։ Երազ կլինի, թե չի լինի, չեմ հավատում»,- ասում է տիկին Գալինան:

Հիմա նա չի աշխատում, նպաստ ու թոշակ էլ չի ստանում: Զոհվածների ընտանիքներին հատկացվող գումարը դեռ չի ստացել: Պետությունից միայն հուղակավորման ծախսերին ուղղված 700 հազար դրամն է ստացել:

Երբ հարցնում եմ, թե Արսենից մնացած հուշերից, պատասխանում է. «Ինքն իր կյանքից ի՞նչ հասկացավ, ի՞նչ ա տեսել, որ պատմեմ»: Մենք դարձյալ լռում ենք:

Արսեն Դանիելովը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով:

Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից, Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter