HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախարարությունը հերքում է Հակոբ Արշակյանին. Աբու Դաբիում ոչ մի ցուցանմուշ չի եղել, ռուսներն արդեն 5 ամիս «փորձաքննում են» դրանք

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հերքում է նախկին նախարար Հակոբ Արշակյանի խոսքերը, որոնք նա ասել է լրագրողներին այս տարվա փետրվարին՝ հայտարարելով, թե Աբու Դաբիում կայացող «IDEX-2021» միջազգային ռազմական ցուցահանդեսին ներկայացվելիք հայկական որոշ ցուցանմուշներ, չնայած ծագած լոգիստիկ խնդիրներին, այլ ճանապարհով տեղ են հասել:  

«Այո, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել: Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով տեղում են, որոշ ցուցանմուշների՝ մեծ մասի մասով խնդիր ենք ունեցել»,- փետրվարի 25-ին լրագրողներին հայտնել էր այն ժամանակվա ԲՏԱ նախարարը (տեսանյութում):

ԲՏԱ նախարարության փոխանցմամբ, սակայն, Աբու Դաբիում հայկական որեւէ ցուցանմուշ չի ցուցադրվել, բոլոր 23 նմուշները մնացել են Ռուսաստանում:

«Հետքը» գրել է այն մասին, որ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում տեղի ունեցած միջազգային հայտնի ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը մնացել էր առանց ցուցանմուշների, քանի որ պատասխանատուները ծայրաստիճան փնթի են եղել իրենց գործում:

«IDEX-2021»-ին մասնակցելու համար Հայաստանը, ըստ ԲՏԱ նախարարության փոխանցած թվերի, ծախսել էր մոտ 144 մլն դրամ: Այս տարվա միջոցառմանը մեր երկրից մասնակցել է 14 ընկերություն, որոնք, սակայն, փաստացի ցուցադրելու բան չեն ունեցել այդ խոշոր ցուցահանդեսում: Իսկ պատճառն այն էր, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությամբ Երեւան-Մոսկվա-Աբու Դաբի ուղղությամբ ուղարկված 23 ցուցանմուշները մնացել են Մոսկվայում:

Հաշվի առնելով Հ. Արշակյանի փետրվարյան հայտարարությունը «որոշ ցուցանմուշների» տեղ հասնելու մասին, ԲՏԱ նախարարի ներկայիս պաշտոնակատար Հայկ Չոբանյանին հարցրել էինք, թե արդյոք վերոնշյալ 23 նմուշները եղել են հայկական կողմից ցուցահանդեսին ներկայացվելիք բոլոր ցուցանմուշները, թե եղել են նաեւ նմուշներ, որոնք տեղ են հասել եւ մասնակցել են ցուցահանդեսին: Խնդրել էինք նշել, թե քանի ցուցանմուշ է Աբու Դաբի հասել եւ ինչպես (ինչ ճանապարհով. հաշվի առնելով Արշակյանի փետրվարյան հայտարարությունը):

ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը մեր այս հարցին պատասխանել է. ««IDEX-2021» պաշտպանական տեխնոլոգիաների եւ սպառազինության միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ-ի միասնական տաղավարում որեւէ նմուշ չի ցուցադրվել, ցուցանմուշների ընդհանուր թիվը եղել է 23»:

Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվող նմուշները ռազմական կամ երկակի (այսինքն՝ կարող են կիրառվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով) նշանակության արտադրանք են: Նման բեռ տեղափոխելու համար անհրաժեշտ են համապատասխան ուղեկցող փաստաթղթեր: Ըստ «Հետքի» աղբյուրների՝ հենց դրանց բացակայությունն է պատճառ դարձել, որ հայկական ցուցանմուշները դուրս չեն եկել Ռուսաստանի տարածքից: Մեր ձեռքի տակ եղած ինֆորմացիայի համաձայն՝ ցուցանմուշներն ու կից փաստաթղթերը ստուգող ՌԴ մաքսային ծառայողները պարզել են, որ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը բացակայում են, ինչին ի պատասխան՝ ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Ն. Մելքումյանը դեռ ապրիլ ամսին նշել էր. «Դեռեւս ՌԴ մաքսային մարմնից պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել. այս կետին կարող ենք անդրադառնալ միայն պաշտոնական տեղեկատվությունը ստանալուց հետո»:

Նոր հարցման միջոցով տեղեկացել ենք, որ բոլոր 23 ցուցանմուշները դեռ մնում են Ռուսաստանում՝ փորձաքննության փուլում: «ԲՏԱ նախարարության կողմից պարբերաբար հարցումներ են ուղարկվում փորձաքննության ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաեւ քայլեր են ձեռնարկվում ցուցանմուշները հնարավորինս շուտ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնել է նախարարությունը:

Փաստորեն, արդեն 5-րդ ամիսն է, որ ցուցանմուշները Ռուսաստանում են, բայց պարզ չէ, թե կոնկրետ ինչ են անում ռուսները դրանց հետ: Շեշտենք՝ այդ 23 նմուշները ռազմարդյունաբերական ոլորտի հայկական արտադրանք են, որոնք տարբեր առումներով ուղղակիորեն առնչվում են ՀՀ պետական ու ծառայողական գաղտնիքին: Մասնավորապես՝ մեր հարցին, թե Ռուսաստանում «արգելափակված» 23-ից քանիսն են եղել ռազմական նշանակության արտադրանք եւ քանիսը՝ երկակի նշանակության, ԲՏԱ գլխավոր քարտուղարը հայտնել է, թե դա պարունակում է պետական, ծառայողական գաղտնիք: Սակայն գլխավոր գաղտնիքը (եթե կարելի է այդպես ասել) այս նմուշների մշակմանն ու արտադրությանը, գործառույթներին, հատկություններին վերաբերող մանրամասներն են (ոչ բոլորը, իհարկե):

Մեր հարցին՝ հայկական կողմն ի վերջո ստացե՞լ է պարզաբանում, թե ռուսական կողմն ինչու է արգելակել նմուշների տեղափոխումը դեպի ԱՄԷ, եւ որն է եղել պատճառը, ԲՏԱՆ-ից փոխանցել են. «Ըստ ռուսական կողմի ներկայացրած տեղեկատվության՝ փորձաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է, այլ հանգամանքների վերաբերյալ մենք տեղեկատվություն չենք ստացել»: Իսկ ճշգրտող հարցին՝ խնդիրը կապված է ռազմակա՞ն, թե՞ նաեւ երկակի նշանակության ցուցանմուշների հետ, նախարարությունը հայտնել է, որ բուն խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն կունենա փորձաքննությունից հետո:

Մի խոսքով՝ ցուցանմուշներն արդեն 5-րդ ամիսը Ռուսաստանում են, իսկ թե կոնկրետ ինչու, երբ կվերադարձվեն Հայաստան եւ այլ հարցերի պատասխաններ շղարշված են մի բառով՝ փորձաքննություն:

Չնայած ԲՏԱՆ-ը պնդում է, որ ինքը բեռի լոգիստիկայի հետ առնչություն չունի, եւ իր աշխատակիցները մասնակից ընկերություններին կցվել էին բեռնափոխադրման հարցում աջակցելու համար (ծառայողական քննության արդյունքում երկու հոգի ստացավ «նկատողություն», իսկ մեկը՝ «խիստ նկատողություն»), «Հետքի» երկու տարբեր աղբյուր միանման պնդել են, որ լոգիստիկայի համար պատասխանատուն եղել է նախարարությունը: Արդեն գրել ենք այն մասին, որ մասնակից ընկերությունների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք նույնիսկ մտադիր են դատի տալ ԲՏԱՆ-ին, եթե Ռուսաստանում «արգելափակված» ցուցանմուշները չվերադարձվեն իրենց: Իսկ նման հեռանկարն օր-օրի ավելի իրական է թվում:

Լուսանկարը՝ Հ. Արշակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter