Փնթիության պտուղները. ինչու՞ հայկական ցուցանմուշները հասան Մոսկվա ու մնացին այնտեղ
«Հետքին» մի շարք մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում տեղի ունեցած «IDEX-2021» միջազգային ռազմական ցուցահանդեսին Հայաստանի խայտառակ մասնակցության մասին: Ինչպես հայտնի է, հայկական տաղավարն այդպես էլ առանց ցուցանմուշների մնաց, իսկ դրանք Մոսկվայում են, քանի որ լոգիստիկայի պատասխանատուները ծայրաստիճան փնթի են եղել իրենց գործում:
«IDEX»-ի մասին
1993-ից ԱՄԷ մայրաքաղաքում անցկացվող «IDEX»-ը (International Defence Exibition and Conference), ըստ ցուցահանդեսի պաշտոնական կայքի, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում անցկացվող պաշտպանական ոլորտի միակ միջազգային ցուցահանդեսն ու կոնֆերանսն է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ: Ցուցահանդեսը բավականին մեծ ճանաչում ու հարգանք ունի աշխարհում. այստեղ ներկայացվում են ռազմարդյունաբերական ոլորտի օդային, ծովային ու ցամաքային սեգմենտների տարատեսակ ցուցանմուշներ, ձեռք բերվում գործարար կապեր, հնարավորություն ստեղծվում նոր պատվերների ու ներդրումների համար:
Հայաստանը «IDEX»-ին մասնակցել է նաեւ 2019 թ.: Ռազմարդյունաբերական ոլորտում «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ «IDEX-2019»-ի շնորհիվ Հայաստանի հանդեպ գործնական հետաքրքրություն է ցուցաբերել ԱՄԷ-ի «Tawazun» տնտեսական խորհուրդը, որն իր երկրում պատասխանատու է կայուն պաշտպանական եւ անվտանգային արդյունաբերության ստեղծման ու զարգացման համար: «Tawazun»-ը, ըստ մեր աղբյուրի, պատրաստ էր ներդրումներ կատարել Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտում, սակայն ծրագրերի իրականացմանը խանգարեցին կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը: Բնականաբար, «IDEX-2019»-ի շնորհիվ «Tawazun»-ի հետ ձեռք բերված գործարար կապը միակը չի եղել, բայց այն եղել է նշանակալի հաջողություն:
2019-ի ցուցահանդեսին հայկական ընկերությունները մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո, քանի որ այդ ժամանակ ՊՆ-ն էր համակարգում մեր երկրի ռազմարդյունաբերական ոլորտն, ու այս նախարարությանն էր ենթարկվում ռազմարդյունաբերության կոմիտեն: Իսկ երբ 2019-ի ամռանը կազմավորվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), կոմիտեն մտցվեց դրա կառուցվածքի մեջ: Այս տարվա ցուցահանդեսին հայկական ընկերությունները հենց ԲՏԱՆ-ի հովանու ներքո էին մասնակցում:
144 մլն դրամ՝ ցուցահանդեսին մասնակցելու համար
«Հետքը» գրել է «IDEX-2021»-ի համար Հայաստանի կատարած ծախսերի մասին: Մեր երկրի տաղավարի կառուցապատման ու դիզայներական աշխատանքների համար ԲՏԱՆ-ը ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել երեւանյան «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է 23 մլն դրամ: Մյուս կողմից՝ տաղավարի վարձակալության եւ ապահովագրության համար նախարարությունը «Capital Events» եւ «Berns Brett Masaood» ընկերություններին վճարել է 108.353.000 դրամ: Աբու Դաբիում գործող «Capital Events»-ը «IDEX» ցուցահանդեսի կազմակերպիչն է, այլ կերպ ասած՝ տաղավար տրամադրողը, իսկ «Berns Brett Masaood»-ն արաբաբրիտանական ապահովագրական ընկերություն է: Այսպիսով՝ միայն տաղավարի վարձակալության, ապահովագրության ու ձեւավորման վրա հայկական կողմը ծախսել է 131.353.000 դրամ: Ըստ ԲՏԱՆ-ի՝ 139.000 դրամ էլ կազմել են ներկայացուցչական ծախսերը:
Հայկական պատվիրակությունը բաղկացած է եղել 6 հոգուց: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ նրանցից 3-ը եղել են բուն նախարարության աշխատողներ, իսկ 1-ը՝ ռազմարդյունաբերության կոմիտեից: Եվս 2 հոգի ներգրավվել են ռազմարդյունաբերական ոլորտի հայկական 2 ընկերություններից, որոնց պետական բաժնետոմսերը կառավարում է ԲՏԱ նախարարությունը: Այս 6 հոգու ավիատոմսերի գնման, օրապահիկի եւ գիշերակացի համար վճարվել է 8,6 մլն դրամ: Բացի դրանից՝ նախարարությունը հոգացել է նաեւ մասնակից ընկերություններից մեկական ներկայացուցչի (9 հոգի) 4 օրվա գիշերակացի ծախսը, որի չափը կազմել է 3,6 մլն դրամ: Այսպիսով՝ «IDEX-2021»-ի համար Հայաստանը, ըստ ԲՏԱ նախարարության փոխանցած թվերի, ծախսել է մոտ 144 մլն դրամ:
«IDEX-2021»-ին Հայաստանից մասնակցել է (մասնակցությունը հարաբերական կարելի է ընկալել) 14 ընկերություն, իսկ 2019-ին՝ 13: «Հետքն» արդեն անդրադարձել է այդ 14-ին:
Արդարացումներ «մերկ» տաղավարի վերաբերյալ
ԲՏԱ այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանը առանց ցուցանմուշների մնացած մեր տաղավարի մասին ասաց, թե այն «IDEX-2021»-ում եղել է լավագույններից: Իսկ հետո նախարարությունը հայտարարեց. «Հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաեւ այցելուների համար: Արդյունքում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների եւ ընկերությունների ներկայացուցիչների կողմից ձեռք են բերվել ավելի քան 150 գործնական կոնտակտներ, 50 նախնական պայմանավորվածություններ, հայկական տաղավար են այցելել մի քանի երկրների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլ պաշտոնական ներկայացուցիչներ»:
«Հետքի» աղբյուրը, ով մասնակցել է ցուցահանդեսին, պատմում է, որ մեր տաղավարը նույն ադրբեջանականի համեմատ իսկապես եղել է ավելի ընդարձակ ու հարմարավետ, բայց գործնականում այն սրճարանի պես մի տեղ էր դարձել: Ասվածն, ի դեպ, նկատելի է նաեւ տարածված լուսանկարներից, որոնցում հատկապես ծիծաղի ու քննադատության առարկա դարձան բուկլետները առարկայական դատարկության ֆոնին:
Ցուցանմուշների վերաբերյալ փետրվարի 25-ին Արշակյանը հայտարարեց, թե որոշներն այլ ճանապարհով հասել են Աբու Դաբի, սակայն դրանց մեծ մասի տեղափոխման հարցով խնդիր է ծագել: Փետրվարի 24-ից մինչեւ մարտի 30-ը տեւած ծառայողական քննության արդյունքում նախարարությունը հայտնեց, թե ցուցանմուշների տեղափոխման ծախսերը կատարվել են ոչ թե պետբյուջեից, այլ մասնակից ընկերությունների միջոցներով, իսկ ինքը ցուցանմուշների տեղափոխման հարցով պիտի միայն աջակցություն ցուցաբերեր այդ ընկերություններին, բայց թե ինչ աջակցության մասին է խոսքը, գերատեսչությունը չի մանրամասնել:
Նախարարությունը, սակայն, նշել է, որ մասնակից ընկերություններին բեռնափոխադրման հարցում աջակցելու համար կցվել էին ԲՏԱՆ-ի աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում: Դրա հետեւանքով 3 աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր. երկուսը ստացել են «նկատողություն», իսկ մեկը՝ «խիստ նկատողություն»: Ծիծաղելի է, իհարկե: Պետական միջոցներից 144 մլն դրամ է ծախսվել (չենք ասում՝ մսխվել), բայց միջազգային ցուցահանդեսում մի ամբողջ երկիր ներկայացնող տաղավարը մեծ հաշվով մնացել է «մերկ», իսկ պատասխանատու մարմինն ասում է՝ լսեք, ինչի՞ մասին եք խոսում, ձեռք ենք բերել 150 կոնտակտ, 50 պայմանավորվածություն, բարձրաստիճան հյուրեր ենք ունեցել:
«Ցուցանմուշները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների ընդամենը մի մասն են։ Դրանք էքսպոնատներն են, որոնք, ըստ էության, տեսք են տալիս ու նաեւ ապրանքի տեսքն են ներկայացնում ցուցահանդեսի տաղավարում։ Բայց որակումներ են հնչել, որ տաղավարը դատարկ է եղել։ Ես կարծում եմ այսպիսի որակումներից պիտի խուսափենք»,- մարտի 3-ին ԱԺ-ում հայտարարեց Հ. Արշակյանը:
Հետաքրքիր է, թե Արշակյանի տրամաբանությամբ էլ ինչի համար է ցուցահանդեսը, եթե ոչ առաջին հերթին ու գլխավորապես ապրանքը ցուցադրելու. բրոշյուր կարդալու՞ համար է: Այդ դեպքում երեւի հիմար են այն մասնակիցները, որոնք, օրինակ, զրահատեխնիկայի կամ հրթիռների հսկա ցուցանմուշներ են բերում ցուցադրության, չէ՞ որ կարող են բավարարվել բուկլետների միջոցով դրանց տեխնիկամարտավարական բնութագրերը ներկայացնելով. հետաքրքրվողը կհետաքրքրվի, մյուսների հետ էլ՝ Աստված:
Չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրում ահա այսպես են որոշները, որոնց մի ամբողջ ոլորտ է վստահվել, դատում սեփական ռազմարդյունաբերության միջազգային կապերի զարգացման մասին:
Աշխատանքները համակարգել է ոչ թե կոմիտեն, այլ շուկայի զարգացման վարչությունը
Ռազմարդյունաբերական ոլորտի «Հետքի» աղբյուրը նշել է, որ եթե 2019-ին ցուցահանդեսին մասնակցելու աշխատանքները համակարգել է ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեն, ապա այս անգամ կոմիտեի աշխատակիցներին, որոնք բավարար փորձ ունեին այդ գործում, հեռու են պահել, փոխարենը ներգրավել են ԲՏԱ նախարարության շուկայի զարգացման վարչության աշխատողներին: Հետաքրքիր է, թե ինչ կապ ունի այս ստորաբաժանումը ռազմարդյունաբերության հետ, եթե դրա համար գործում է մի ամբողջ կոմիտե: Ըստ էության, կարգապահական տույժեր ստացել են հենց այս վարչության աշխատակիցները:
Ինչպես վերեւում ասվեց, հայկական ցուցանմուշները մնացել են Մոսկվայում, բայց աշխարհագրությունից նվազագույն գիտելիքներ ունեցող մեկը կզարմանա, թե ինչու պիտի Երեւանից Աբու Դաբի ուղարկվող բեռը հայտնվի Ռուսաստանի մայրաքաղաքում: Պատճառը պարզ է. տեղափոխող ավիաընկերությունը ՌԴ դրոշակակիր (ազգային փոխադրող) «Աէրոֆլոտն» է եղել: Իսկ թե ինչու, կպատմենք քիչ անց:
«Չենք պատվիրել, չենք վճարել, չենք պահանջել»
ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը «Հետքի» նախորդ հարցմանն ի պատասխան հայտնել էր, թե «IDEX-2021»-ի մասնակից հայկական ընկերությունների հետ նախապես համաձայնություն էր ձեռք բերվել, որ ցուցանմուշները ուղարկվեին միասնական տարբերակով (այլ կերպ ասած՝ նույն չվերթով), եւ այդ ծառայության դիմաց պետք է վճարեին ընկերությունները:
Այդուհանդերձ, «Հետքի» երկու տարբեր աղբյուր միանման պնդել են, որ լոգիստիկայի համար պատասխանատուն եղել է նախարարությունը: Սրա հիման վրա ԲՏԱ նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին հարցրել էինք, թե որքան գումար է հատկացվել «Աէրոֆլոտին»՝ բեռը Երեւանից Մոսկվայի միջոցով Աբու Դաբի եւ հետադարձ ուղղությամբ տեղափոխելու համար (նախարարությունը հաստատել է, որ փոխադրողը եղել է այս ընկերությունը):
«Նախարարությունը որեւիցե ֆինանսական եւ պայմանագրային պարտավորություն չի ունեցել: Նախարարությունը չի տիրապետում որեւէ տեղեկատվության»,- նշել է գլխավոր քարտուղար Մելքումյանը:
Չոբանյանից հետաքրքրվել էինք նաեւ, թե նախարարությունը որ իրավաբանական կամ ֆիզիկական անձին է պատվիրակել ցուցանմուշների տեղափոխման կազմակերպումը, այլ կերպ ասած՝ ո՞վ է եղել միջնորդ կամ գործակալ անձը: «Նախարարությունը որեւիցե իրավաբանական կամ ֆիզիկական անձի չի պատվիրակել ցուցանմուշների տեղափոխման կազմակերպումը, այդ թվում՝ նախարարությունը որեւէ պայմանագիր չի կնքել որեւիցե միջնորդի կամ գործակալի հետ»,- փոխանցել է գլխավոր քարտուղարը:
ԲՏԱ նախարարությունն, ըստ էության, կարծում է, թե ինքն է միայն ինֆորմացիայի տիրապետում եւ, շարունակաբար հերքելով ամեն ինչ, կարող է մարդկանց հիմարացնել: Գուցե նախարարությունում ոմանք կարծում են, թե իրենց առօրյա աշխատանքի եւ պայմանագրերի բերումով պետպատվերից եւ ԲՏԱՆ-ից որոշակի կախում ունեցող ընկերությունները կվախենա՞ն բարձրաձայնել նախարարության փնթիությունների մասին, եւ վերջինիս կհաջողվի ծածկադմփոց անել:
Ի դժբախտություն նման հույս ունեցողների՝ «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ նմուշների փոխադրման ձախողումից հետո ցուցահանդեսի մասնակից ընկերությունները մի քանի տասնյակ հազար դրամի (յուրաքանչյուրը) հաշիվ-ապրանքագրեր են ստացել՝ իբրեւ լոգիստիկայի համար կատարված ծախս: Ն. Մելքումյանը, սակայն, մեզ փոխանցել է, թե ԲՏԱՆ-ը հաշիվ-ապրանքագրեր չի ներկայացրել ընկերություններին:
Այդ դեպքում Նարեկ Մելքումյանին հրապարակավ կհարցնենք, որ եթե նախարարության կողմից ներգրավված միջնորդ չի եղել լոգիստիկայի գործընթացում, ԲՏԱՆ-ն էլ որեւէ պարտավորություն չի ունեցել, ապա ի՞նչ դերակատարություն ունի «ՎՐՆ Ավիա» ՍՊԸ-ն, որին վճարելու համար ընկերությունները հաշիվ-ապրանքագրեր են ստացել, եւ դրանից քաջատեղյակ են նախարարությունում (միայն թե չասեք, թե ընկերություններն իրենք էին դիմել «Աէրոֆլոտին» կամ «ՎՐՆ Ավիային»): Ընդ որում՝ ընկերություններից մեկի մեր աղբյուրը հայտնել է, որ ԱՄԷ ուղարկելու համար իրենց ցուցանմուշները հանձնել են ԲՏԱ նախարարության աշխատակիցներին (ստացական չեն վերցրել), իսկ ավելի ուշ նշված միջնորդը իրենց է ուղարկել մի քանի տասնյակ հազար դրամ վճարելու հաշիվ-ապրանքագիր, ինչը, բնականաբար, չեն պատրաստվում կատարել:
Երեւանցի Պարգեւ Վիրաբյանի հիմնած «ՎՐՆ Ավիա» ՍՊԸ-ն, որն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, Հայաստանում «Աէրոֆլոտի» բեռնափոխադրումների գործակալն է: Իսկ ԲՏԱ նախարարությունն ասում է, թե միջնորդ չկա:
Նկատենք, որ Պ. Վիրաբյանը «ՎՐՆ Ավիա Սերվիս» ՍՊԸ էր հիմնել նաեւ Ռուսաստանում, որը փակվել է, եւ «VRN Group» անունով ՍՊԸ՝ Չեխիայում, որը գործում է: Սրանցից առաջինը եղել է «Աէրոֆլոտի» բեռնափոխադրումների գործակալը, իսկ երկրորդը՝ ոչ միայն դրա, այլեւ, մասնավորապես, չեխական «Czech Airlines»-ի եւ ավստրիական «Austrian Airlines»-ի:
Դուռը փոքր է եղել, խելքի՛ աշեցեք
2019-ին հայկական ցուցանմուշները Երեւանից Աբու Դաբի էին հասել արաբական «Air Arabia» լոուքոսթեր ավիաընկերության ինքնաթիռով, ըստ «Հետքի» աղբյուրի՝ լոգիստիկայի համար վճարվել էր 3000 դոլար:
Ի՞նչ է տեղի ունեցել այս անգամ: Աղբյուրը հայտնում է, որ նախապես մտադրություն է եղել բեռը կրկին արաբական ընկերության («Air Arabia» կամ «flydubai») միջոցով տեղափոխել, սակայն ցուցանմուշներից մեկը (ԱԹՍ, որը, ըստ աղբյուրի, եղել է Հակոբ Արշակյանի հպարտության առարկան) մեծ լինելու պատճառով օդանավի բեռնախցիկի դռան միջով չի անցել: Նախարար Չոբանյանին հարցրել էինք, թե արդյոք հաստատում է, որ ընդհանուր բեռն արաբական ավիաընկերության (օրինակ՝ «flydubai») միջոցով Երեւանից անմիջապես ԱՄԷ չի տեղափոխվել, քանի որ ցուցանմուշներից մեկի բեռնարկղը չի անցել բեռնախցիկի դռան միջով: Գլխավոր քարտուղար Մելքումյանը հաստատել է ինֆորմացիան՝ նշելով, որ մեծ նմուշները մի քանիսն են եղել. «Ըստ ստացված տեղեկատվության՝ ցուցանմուշների մեջ առկա են եղել չափերով մեծ մի քանի ցուցանմուշներ, որոնք չեն համապատասխանել օդանավի բեռնախցիկի դռան չափերին, ինչով էլ պայմանավորված՝ «flydubai» ավիաընկերությունը չի իրականացրել նշված բեռների տեղափոխումը Երեւանից ԱՄԷ»:
Եթե իսկապես խոսքը մի քանի նմուշի մասին է, ապա ենթադրում ենք, որ բոլորն էլ եղել են ԱԹՍ, քանի որ նման ծավալներ ունեցող այլ մեծ բեռ, ըստ մեր տեղեկությունների, չի եղել: Բայց այս դեպքում հարց է ծագում. ԱԹՍ-ները հավաքվում են ձեռքով, եւ ուրեմն հնարավոր չէ՞ր ժամանակավոր ապամոնտաժել դրանց խանգարող հատվածները (ենթադրաբար թեւերը), իսկ ԱՄԷ-ում կրկին հավաքել: Եթե քանդել-հավաքելը գործնականում ժամանակատար էր կամ թեկուզ հնարավոր չէր, ապա արդյոք ամենաօպտիմալ տարբերակը ցուցանմուշ(ներ)ը փոխելը չէր լինի կամ տեղափոխման այլ լուծում գտնելը:
Որքան էլ հայկական ավիացիան կիսամեռ վիճակում է, մեր տեղական ընկերությունների ավիապարկում կան թե՛ «Boeing 737», թե՛ «Airbus A320» տիպի օդանավեր: Գուցե պետության միջամտությամբ կարելի՞ էր կազմակերպել հայկական օդանավով բեռնափոխադրումը: Այստեղ առաջին հերթին նկատի ունենք «A320»-ների թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չունենալը, բայց հիշենք, որ այդ նույն հարցը շատ արագ լուծվեց Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, ու նշված օդանավերը երկրի համար կարեւոր թռիչքներ էին կատարում պատերազմի օրերին: Տեղական օդանավերով կազմակերպվեց նաեւ 2019 թ. Եգիպտոսում մնացած մեր հայրենակիցների ու 2020 թ. համավարակի օրերին մեր քաղաքացիների վերադարձը տարբեր երկրներից: Նկատենք նաեւ, որ տեղական ընկերությունների միջոցով կարելի էր նույն «Աէրոֆլոտի» համեմատ գումար խնայել:
Եվ ամենակարեւորը. մեկ կամ մի քանի ցուցանմուշի բացակայությունն ավելի՞ անպատվաբեր էր լինելու, քան այն խայտառակությունը, որին ականատես եղանք ամբողջ ցուցահանդեսի ընթացքում:
Վերը նշվածի արդյունքում հայկական կողմը գցել-բռնել է ու արաբական լոուքոսթեր ընկերությունների փոխարեն ընտրել «Աէրոֆլոտին», որը նախ՝ շատ ավելի մեծ գին է պահանջել (ՌԴ ազգային փոխադրողի ծառայություններին առնչված յուրաքանչյուր ոք կարող է փաստել դրա թանկ գների մասին), երկրորդ՝ Երեւան-Աբու Դաբի թռիչքի փոխարեն բեռը ԱՄԷ պիտի հասցներ, հասկանալի է, շատ ավելի երկար ճանապարհ անցնելով՝ Երեւան-Մոսկվա-Աբու Դաբի, երրորդ՝ բեռը ուղիղ հասցեակետ տեղափոխելու փոխարեն ԱՄԷ պիտի հասցներ տարանցիկ (տրանզիտ) ուղով՝ իր բոլոր նրբություններով հանդերձ:
Ինչու՞ են ցուցանմուշները մնացել Մոսկվայում
Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվող նմուշները ռազմական կամ երկակի (այսինքն՝ կարող են կիրառվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով) նշանակության արտադրանք են: Նման բեռ տեղափոխելու համար անհրաժեշտ են համապատասխան ուղեկցող փաստաթղթեր: Հենց դրանց բացակայությունն է, ըստ մեր աղբյուրների, պատճառ դարձել, որ մինչ օրս հայկական ցուցանմուշները դուրս չեն գալիս Ռուսաստանի տարածքից:
ԲՏԱՆ-ից մեզ հայտնել են, որ Աբու Դաբիի հասցեով ուղարկված ցուցանմուշները նախատեսված է միանգամից հետ բերել Երեւան: Նախարարությունը նաեւ նշել է, որ Մոսկվայում է գտնվում 23 ցուցանմուշ:
Նախարար Չոբանյանին ուղղված մեր հարցին ի պատասխան, թե հաստատում է արդյոք, որ հայկական ցուցանմուշները ԱՄԷ չեն հասել, քանի որ Ռուսաստանում դրանք ստուգելիս մաքսային մարմինները պարզել են, որ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը բացակայում են, գլխավոր քարտուղար Մելքումյանը պատասխանել է. «Դեռեւս ՌԴ մաքսային մարմնից պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել. այս կետին կարող ենք անդրադառնալ միայն պաշտոնական տեղեկատվությունը ստանալուց հետո»:
ԲՏԱ նախարարության ամենամեծ թերացումը հենց սա է: Ռազմարդյունաբերական ցուցանմուշների լոգիստիկայի կազմակերպումը, ըստ էության, հանձնարարվել է մարդկանց, որոնք հեռու են եղել այս ոլորտից, ինչն էլ հանգեցրել է նման աբսուրդ իրավիճակի: Այս ոլորտի մեր աղբյուրն ասում է, որ մասնակից ընկերությունները պարտավոր չեն իմանալ, թե ինչ ուղեկցող փաստաթղթեր է անհրաժեշտ կցել բեռին, քանի որ դրա համար կա համակարգող, ինչպիսին այս տարի եղել է ԲՏԱ նախարարությունը:
«Հետքի» տեղեկություններով՝ մասնակից ընկերությունների մեջ կան այնպիսիք, որոնք նույնիսկ մտադիր են դատի տալ ԲՏԱՆ-ին, եթե Ռուսաստանում «արգելափակված» ցուցանմուշները չվերադարձվեն իրենց: Ամբողջ աբսուրդն այն է, որ ցուցանմուշները (չենք պնդում, թե բոլորը) պատրաստվել են պետության հետ համագործակցությամբ, եւ մասնավոր ընկերություններն այդ արտադրանքով նաեւ պետք է հաշվետու լինեն իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ:
Փնթիության եւս մի օրինակ
«IDEX-2021»-ին մասնակցելու համար Աբու Դաբի էր մեկնել նաեւ այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: Նրան պետք է ուղեկցեր օգնականը՝ Ինգա Վարդանյանը: Ինչպես տեղեկանում ենք փետրվարի 19-ին վարչապետի ընդունած որոշումից, Արշակյանի ու Վարդանյանի գործուղման ծախսերը պիտի կատարվեին ՀՀ պետբյուջեից՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Իսկ նրանց գիշերածախսը հոգալու էր հրավիրող կողմը՝ ԱՄԷ-ն: Բայց Հ. Արշակյանը Աբու Դաբի է մեկնել մենակ, քանի որ, ըստ մեր աղբյուրի, Վարդանյանի վիզայի հետ կապված խնդիրներ են ծագել:
Ըստ նախարարության կայքի՝ Արշակյանը ԱՄԷ-ում հանդիպել է այդ երկրի պաշտպանության պետնախարար Մոհամեդ Ահմադ Ալ Բովարդիին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախարարները քննարկել են ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը, մտքեր փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Հ. Արշակյանը պետնախարար Ալ Բովարդիին հրավիրել է մասնակցելու Երեւանում անցկացվելիք «ԱրմՀայԹեք-2021» միջազգային ցուցահանդեսին: ԱՄԷ պետնախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ նշել, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին ու կդիտարկի ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունը:
Գոնե լավ է, որ արաբ նախարարը չի շտապել դրական պատասխան տալ մասնակցության վերաբերյալ, քանի որ հայկական կողմը, թերեւս, պիտի ներողություն խնդրեր նրանից, քանի որ այս տարվա մարտին նախատեսված «ԱրմՀայԹեք-2021»-ը չկայացավ ու, հետաձգվելով երրորդ անգամ, տեղափոխվեց 2022 թ. գարուն:
Բայց վերադառնանք Ինգա Վարդանյանի գործուղմանն ու դրա չկայացմանը: Չնայած նախարարի օգնականը չէր մեկնել ԱՄԷ, փետրվարի 19-ին նրա վերաբերյալ կայացված վարչապետի որոշումը փոփոխման է ենթարկվել «IDEX-2021»-ի ավարտից հետո՝ մարտի 2-ին: Ըստ այդմ՝ վարչապետի որոշումից հանվել է Վարդանյանի անունը:
Առաջին անգամը չէ, եւ մենք սրան անդրադարձել ենք, որ գործող կառավարությունն ու դրա ղեկավարը արդեն տեղի ունեցած փաստերին իրենց որոշումներով արձագանքում են ուշացումով կամ նույնիսկ չեն էլ արձագանքում:
Ահա այսպես է ԲՏԱ նախարարությունը պատրաստվել ռազմարդյունաբերական ոլորտի տարածաշրջանային կարեւորագույն իրադարաձություններից մեկին: Ծախսված միլիոնավոր դրամները, փնթի կազմակերպման արդյունքում ցուցանմուշների «արգելափակումը» Մոսկվայում, Երեւան վերադառնալու դրանց անհայտ ճակատագիրը, դատարկ մնացած ու ծաղրի առարկա դարձած հայկական տաղավարը միջազգային ցուցահանդեսում եւ պատասխանատուների կողմից ճոռոմ ու ամբարտավան արդարացումներն այն լավագույն ցուցիչներն են, թե ինչպես է ռազմավարական նշնակության ոլորտ ղեկավարվում մեր երկրում:
Մեկնաբանել