HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայկական ցուցանմուշները IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին չեն հասել՝ փորձաքննություն անցած չլինելու պատճառաբանությամբ

Դեռ չի ավարտվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծառայողական քննությունը, թե ինչու այս տարվա փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում կազմակերպված IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի տաղավարը մնաց առանց ցուցանմուշների: Ցուցանմուշները պետք է հայկական տաղավար հասնեին մինչև փետրվարի 21-ը, սակայն այդպես էլ տեղ չեն հասել:

IDEX-2021 ցուցահանդեսի ծախսերը կազմել են 131 մլն 492 հազար դրամ

Նախարարությունից ցուցահանդեսին վերաբերող տեղեկատվություն ստանալու համար օրեր էին պահանջվում: Փետրվարի 26-ից գրություններով փորձել ենք ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք պետք է նախարարությունը հրապարակեր: Սակայն, թերի տեղեկատվություն ստանալուց հետո ստիպված էինք կրկին դիմել, և ամեն անգամ պահանջվել է 5-7 օր:

ԲՏԱ նախարարությունից խնդրել էինք տրամադրել ցուցահանդեսին վերաբերող բոլոր ծախսերի մասին սպառիչ տեղեկատվություն: Այն վերջապես տրամադրվեց մարտի 17-ին՝ ժամը 23:56-ին: Նախարարությունը մի քանի ժամ անց մեզ տրամադրած տեղեկատվությունը հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում՝ ցույց տալով, թե բաց է աշխատում: Իսկ նախարարության լրատվության բաժնից համոզում էին, որ նյութ չգրենք, սպասենք ծառայողական քննության արդյունքներին:

Ըստ այդ պատասխանի՝ ցուցահանդեսին մասնակցության ընդհանուր ծախսը կազմել է 131 մլն 492 հազար դրամ: Պատվիրակության կազմում կազմակերպչական հարցերով ընդգրկված է եղել նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի 6 աշխատակից։

Պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի և գիշերակացի համար վճարվել է մոտ 8 մլն 605 հազար դրամ:

Տաղավարի տարածքի վարձակալության և տաղավարի ապահովագրության համար «Capital Events» և «Berns Brett Masaood» ընկերություններին վճարվել է 108 մլն 353 հազար դրամ: Ինչպես գրել էինք, տաղավարի նախագծման և կառուցապատման արժեքը կազմել է 23 մլն դրամ, որն իրականացրել է «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ն։

Ներկայացուցչական ծախսերը վճարվել են նախարարության 2021 թ. պահպանման միջոցներով նախատեսված ներկայացուցչական ծախսերի հաշվին և կազմել են 139 հազար դրամ:

Նախարարությունը հոգացել է նաև տաղավարի վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև մասնակից ընկերությունների մեկական ներկայացուցչի 4 օրվա գիշերակացի ծախսերը (9 հոգի), մյուս բոլոր ծախսերն իրականացրել են ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները՝ քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

«Դավարո» ՍՊԸ-ն ցուցահանդեսի մասնակից 14 ընկերություններից էր: Ընկերության հիմնադիր Դավիթ Գալոյանը «Հետք»-ի հետ զրույցում որպես ցուցանմուշների տեղ չհասնելու պատճառ մատնացույց արեց տրանզիտ երկիրը, տվյալ պարագայում՝ Ռուսաստանը, որը չի թույլատրել, որ ցուցանմուշները ճանապարհը շարունակեն:

Դավիթ Գալոյանը նշեց, որ իրենց պարզաբանել են արգելքի պատճառը. «Ինչ-որ էքսպերտիզա պետք է անցներ բեռը»,- հավելեց նա:

Ըստ «Դավարո» ՍՊԸ-ի տնօրենի՝ իրենք նախապես տեղյակ չեն եղել, որ ապրանքները պետք է փորձաքննվեն: Այդ մասին տեղյակ չեն պահել ո՛չ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը, ո՛չ ռուսական կողմը:

«Դա եղել է Ռուսաստանի մաքսային ծառայության որոշումը»,- հավելեց Դ. Գալոյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնեցին, որ նախարար Հակոբ Արշակյանի 2021թ. փետրվարի 24-ի «Ծառայողական քննություն նշանակելու» թիվ 153-Ա հրամանով հաստատվել է քննություն իրականացնող աշխատանքային խմբի անհատական կազմը: Իսկ ծառայողական քննություն անցկացնելու համար սահմանվել է մեկամսյա ժամկետ:

Նախարարությունը խոստանում է մանրամասներ հայտնել քննության ավարտից հետո:

Հետաքրքրվել էինք, թե ով պետք է տեղափոխեր ցուցանմուշները Աբու Դաբի: Նախարարությունից հայտնում են, որ այդ պարտականությունը ցուցահանդեսին մասնակից կազմակերպությունների վրա էր: Բացի այդ, նախապես ընկերությունների հետ համաձայնություն էր ձեռք բերվել, որ ցուցանմուշները ուղարկվեին միասնական տարբերակով, և այդ ծառայության դիմաց պետք է վճարեին ընկերությունները:

«Նախատեսված է եղել, որ ընկերություններն իրենք վճարեն բեռների տեղափոխման համար, նախարարությունը որևէ պայմանագիր չի ստորագրել: Ցուցանմուշները Աբու Դաբի հասցնելու կապակցությամբ նախարարությունը որևիցե պայմանագիր չի կնքել որևէ բեռնափոխադրող ընկերության կամ կազմակերպության հետ»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը:

Մարտի 10-ի դրությամբ ցուցանմուշները դեռևս գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում՝ 20-օրյա փորձաքննություն անցնելու նպատակով:

Նախարարությունը «լոգիստիկ խնդիրներ» էր որակել հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշների Աբու Դաբի չհասնելը։

Նարեկ Մելքումյանը հայտնում է նաև, որ ցուցահանդեսին պետք է ներկայացվեր 23 միավոր ցուցանմուշ, սակայն այդ նմուշների անվանումներն, ըստ նախարարության, հրապարակման ենթակա չեն:

«Էյրվորքեր» ՍՊԸ-ն ևս ցուցահանդեսի մասնակից ընկերություններից է: Ընկերության հիմնադիրներից Բակուր Կարապետյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ցուցանմուշների տեղ չհասնելու հետ կապված քննարկում է գնում, և իրենք էլ շատ հարցերի պատասխանը չգիտեն: Հրաժարվեց այս պահին որևէ հարցի պատասխանել՝ խոստանալով, որ կխոսի «ավելի ուշ»:

Մյուս ընկերություններից ևս նույն պատասխանը տվեցին:

Ցուցահանդեսին մասնակցել է 14 ընկերություն: Ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից տրամադրված ընկերությունների ցանկը:

«Պրայդ Սիստեմս» ՍՊԸ-ն դեռ մեկ տարվա պատմություն չունի: Հիմնադրվել է 2020թ. մայիսին: Ընկերությունը 70/30 տոկոս հարաբերակցությամբ պատկանում է համապատասխանաբար՝ Հայկ Տերտերյանին և Վադիմ Ղազարյանին:

Հայկ Տերտերյանը Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս է (նստավայրը՝ Ակտոբե):

Ընկերության տնօրենը Հայկ Տերտերյանի որդին է՝ Մհեր Տերտերյանը: Վերջինս հասարակական հիմունքներով զբաղեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի պաշտոնը: Եղել է «Մաքուր Հայաստան» ծրագրի համակարգողը:

Նշենք, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը «Պրայդ Սիստեմս» ՍՊԸ-ին այս տարվա փետրվարին տրամադրել է մարտական զենքի արտադրության լիցենզիա՝ 3 տարի ժամկետով:

«Բու Վիժըն Թեքնոլըջիս» ՍՊԸ-ն 4 տարվա պատմություն ունի: Հիմնադրվել է 2017թ.-ին, Գագիկ Հակոբյանի կողմից: 2018թ.-ին ընկերության 50% բաժնետեր է դարձել «Մարտունի» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Տիգրան Ավետիսյանը՝ փոխարինելով Մարտունի քաղաքի բնակիչ Վահե Սարգսյանին:

Նշենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջին անգամ չէ, որ գործ է ունենում «Բու Վիժըն Թեքնոլըջիս» ՍՊԸ-ի հետ: Նախարարության և ՍՊԸ-ի միջև 2019թ. կնքվել է «գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական» ծառայություններ մատուցելու պայմանագիր, որից սակայն, ընկերությունը հրաժարվել է: Միակողմանի հրաժարումը պատճառաբանվել է, որ ընկերությունն ի վիճակի չէ ամբողջությամբ կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Նախարարությունն այդ պայմանագրով ընկերությանը փոխանցել էր 120 մլն դրամ կանխավճար, որը ընկերությունը պարտավոր էր վերադարձնել:

«Էլեկտրոն» ԲԲԸ-ն սեփականաշնորհվել է 2005թ. ուղղակի վաճառքի միջոցով: Գնորդը Սամվել Աբրահամյանն է, ով նաև բաժնետեր է «Էլբատ» մարտկոցների գործարանում: «Հետք»-ը դեռ 2010թ.-ին գրել էր, որ ընկերությունը կապ ունի այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: «Էլեկտրոն» ընկերության սեփականատերերն էին Սամվել Աբրահամյանը, ով այժմ նաև ընկերության տնօրենն է, Կարեն Ճշմարիտյանը և ձեռնարկության կոլեկտիվը:

Ընկերությունը զբաղվում է նաև զենքի արտադրությամբ: Կառավարությունը 2017թ. մայիսին որոշել է «Էլեկտրոն» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության լիցենզիայի ժամկետը երկարաձգել ևս 5 տարի ժամկետով:

Ընկերությունը ներկայում դատական գործընթացի մեջ է: Ներդրումների աջակցման կենտրոնը գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել «Էլեկտրոն» ԲԲԸ-ի դեմ: Դատարանի որոշմամբ, հայցագնի՝ 2 մլն 193 հազար դրամի չափով արգելանք է դրվել ընկերության գույքի վրա:

«ԵրԿՄԳՀԻ» ՓԲԸ-ն (Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ), ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2005 թվականի մարտի 28-ին: «Հետք»-ը դեռևս 2019թ.-ին գրել էր, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը, ի թիվս 17 ընկերությունների, պատժամիջոցների ցանկում է ներառել նաև հայկական երկու ընկերությունների, որոնցից մեկը «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ»-ն է:

ԱՄՆ դաշնային ռեգիստրում հրապարակված փաստաթղթում նշված էր, որ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը» ապրանքներ է ձեռք բերել ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի առևտրի վերահսկման ցանկից: Այդ ապրանքներն առանց բյուրոյի լիցենզիայի վերաարտահանել է:

«Դավարո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007թ.-ին: Հրապարակումների համաձայն՝ ընկերությունն արտադրում է բազմակի նշանակության անօդաչու թռչող սարքեր: Ռազմարդյունաբերությամբ սկսել են զբաղվել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո:

Ընկերության հիմնադիրը Դավիթ Գալոյանն է: Նրան է պատկանում ընկերության 100% բաժնեմասը, ինչպես նաև՝ «ԱՈՒՐՍ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2020թ. մարտին: Վերջինս զբաղվում է բարձր տեխնոլոգիական, փորձակոնստրուկտորական, արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի մշակմամբ:

«Էյրվորքեր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ. օգոստոսին: Հիմնադիրներն են՝ Բակուր Կարապետյանն ու Արամ Հարությունյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:

Նշենք, որ «Էյրվորքեր» ՍՊԸ-ն ինժեներական ընկերություն է, որը զբաղվում է տարբեր նշանակության համակարգերի նախագծմամբ:

«Արմոր Արմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: Հիմնադիրները չորսն են՝ Գրիգոր Պետրոսյանը, նրա երկու որդիները՝ Ստեփան և Պետիկ Պետրոսյանները, ինչպես նաև Լյովա Գրիգորյանը: Եղբայրները ֆիզիկոսներ են, նրանց գործընկեր Լյովա Գրիգորյանը՝ նույնպես:

Ստեփան Պետրոսյանին է պատկանում նաև «Օպտոէլեկտրոնիկայի գիտա-արտադրական կենտրոն» ՍՊԸ-ն: Վերջինս 2019թ. նոյեմբերի 22-ին Մոսկվայի ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում կայացած 5-րդ միջգերատեսչական գիտագործնական համաժողովի շրջանակներում մասնակցել է ցուցահանդեսի՝ իր արտադրած կոշտ բալիստիկ ներդիրներով:

«Դ․Վ․Բ Կոնարկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002թ.-ին՝ Վարդան Դիլբարյանի կողմից: Նա նաև ընկերության տնօրենն է: Ընկերությունը վերը նշված ռուսական ցուցահանդեսում ցուցադրել է մետաղորսիչներ:

«Արագած» ՍՊԸ-ն ևս 2019թ. մասնակցել է նույն ցուցահանդեսին և ցուցադրել ջերմատեսիլ օբյեկտիվներ, գերմանիումի ոսպնյակներ:

«Ինջենիո» ՍՊԸ-ն «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան Հ/Ձ ՍՊԸ-ի իրավահաջորդն է: 2018թ.-ից ընկերության միանձնյա բաժնետերը Լուսինե Հակոբյանն է:

«Հիգհ Ինթելիջենս» ՍՊԸ-ն հավասար բաժնեմասերով կիսում են Վաչագան Վահրադյանը, Տիգրան Ապոզյանը և Լևոն Հակոբյանը: Նրանք զբաղվում են գիտական գործունեությամբ: Ընկերությունը հիմնադրվել է 2016թ.-ին:

«ՌՖԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: Ընկերության միակ բաժնետերը Լիանա Խաչատրյանն է: Հարկային մարմնի տեղեկատվության համաձայն՝ ընկերությունն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում:

«Արսենալ» ՍՊԸ-ի մասին գրեթե տեղեկատվություն չկա: Հիմնադրվել է 2005թ.-ին՝ ստեփանակերտցի Արսեն Աբրահամյանի կողմից:

«Ռաբբեր ընդ հայվեյ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ.-ին՝ Աղասի Վարդանյանի կողմից: Սակայն մեկ տարի անց ընկերության միակ բաժնետեր է դարձել Մարինե Վարդանյանը, իսկ Ա. Վարդանյանը ստանձնել է տնօրենի պաշտոնը:

Հարկային մարմնի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը զբաղվում է ռետինե արտադրատեսակների արտադրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter