HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրի նախարարությունը զբաղվում է արագիլների աղտոտման խնդրով

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ամիսներ շարունակ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում բնապահպանական հանրության ներկայացուցիչներից, քաղաքացիներից, որոնք բարձրաձայնում են սպիտակ արագիլների աղտոտման խնդրի մասին։

«Թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։

Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում տեղադրված ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը) վերաբերյալ փաստերը՝ շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով գերատեսչությանը հետևողական լինել Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների տեղադրման սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման և դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։

Մեկ այլ գրությամբ նախարարությունը դիմել է Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, հորդորելով՝ հետևողական լինել Արմավիրի և Արարատի մարզերում համայնքային աղբավայրերի տարածքներից դուրս նոր աղբի կուտակումների, ձկնաբուծարանների թափոնների հայտնաբերման ուղղությամբ և արձանագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Տեղեկացնենք նաև, որ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրը լուծելու և թռչունների աղտոտման նոր դեպքերը կանխելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ գրություններով դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով հնարավորության դեպքում իրականացնել ուսումնասիրություններ ու դիտարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առկա ձկնաբուծարաններում աղբի տեղափոխման համար պահանջվող պայմանագրերի առկայության և դրանց տեղափոխման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։ Խնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում»,- հայտնում է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter