HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանաբանները պարզել են արագիլների աղտոտման մոտավոր մասշտաբները. վիճակը մխիթարող չէ

Նյութեր են նախապատրաստվում արագիլների աղտոտման վերաբերյալ

Օգոստոսին 6-ին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի կեղտոտ, յուղային շերտով պատված արագիլների վերաբերյալ նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին մեզ  հայտնել է տեսչական մարմնի իրազեկման եւ հանրության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Նաիրա Աղաբաբյանը: Գլխավոր դատախազությունից էլ, ինչպես հայտնել է դրա հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը, նյութերն ուղարկվել են Արարատի մարզի դատախազություն, որտեղից էլ՝ ոստիկանության Արտաշատի բաժին. այստեղ նյութեր են նախապատրաստվում:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է Արտաշատի ու Մասիսի տարածաշրջանների գյուղերի տարածքներում արագիլների կեղտոտման թեման: Այդուհանդերձ, շատերի ուշադրությունը սեւեռել է մեկ գյուղի՝ Հովտաշենի վրա, որտեղից բնապահպանության եւ տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ էին տարել արագիլի առանձյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով չէր կարողանում թռչել:

Արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա սննդի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ է: Այս արագիլը միակը չէր, այդպիսի բազմաթիվ թռչուններ էին հայտնաբերվել: Կենդանաբաններից ու բնապահպաններից ոմանք ստեղծված իրավիճակն անվանեցին էկոլոգիական աղետ:

Շուտով բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտարարեց, թե Հովտաշենի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը շարունակվում է, տեսչական մարմնի ու շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ: Նախարարությունն էլ իր հերթին նշեց, թե Արարատի մարզում արագիլների փետրավորման աղտոտման եւ անկման խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:

Տեսչական մարմինն այդպես էլ չի կարողացել պարզել կեղտի բաղադրությունը

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արմեն Հակոբյանը մեզ հայտնել էր. «Թռչունների աղտոտվածության պատճառը Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում յուղային շերտի առկայություն է: Կատարվել են Հրազդան գետի եւ շրջակա ջրանցքների ջրի նմուշառումներ, կատարվել են լաբորատոր հետազոտություններ։ Ուսումնասիրություններ են կատարվում այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որտեղից կարող է լինել վերոնշյալ նյութերի արտահոսքը»: Տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանն էլ «Հետքին» փոխանցել էր, թե իրենք բազմաթիվ նմուշառումներ են արել Արարատի մարզի այն համայնքներում, որտեղ շատ են կեղտոտված արագիլները: Նմուշառումներ արվել են համայնքների ջրային տարածքներից՝ Հրազդան գետից, ջրանցքներից, դրանց ճահճացած հատվածներից, որտեղ, թերեւս, արագիլները եկել ու կեղտոտվել են: Լաբորատոր ուսումնասիրությամբ հաջողվել էր պարզել, որ թռչունները կեղտոտվել են սննդային յուղով, բայց թե կոնկրետ ինչ յուղ է, եւ որ տնտեսվարողից է եղել դրա արտահոսքը, Բեգլարյանը չէր կարողացել հայտնել՝ նշելով, որ ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

Սակայն Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը «Հետքի» հետ զրույցում ուշադրություն էր հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա. լաբորատորիան առաջին նմուշառումից պարզել էր, որ արագիլների վրա առկա կեղտի միայն 20 տոկոսն է յուղանյութ, իսկ թե ինչ է մնացած 80 տոկոսը, չէր պարզվել: Դրա համար կենդանաբանները արագիլի եւս երկու փետուր էին փոխանցել տեսչական մարմնին, որպեսզի դրանք այլ լաբորատորիայում ուսումնասիրվեին: Լ. Բալյանը նշել էր, թե ակնկալում են այս անգամ համապարփակ տեղեկություններ ստանալ:

Վերջինս մեզ հետ հերթական զրույցում հայտնեց, թե իրենք դեռ սպասում են երկրորդ լաբորատոր անալիզի արդյունքներին, չնայած որ նմուշառումից բավական երկար ժամանակ է անցել: Իր հերթին տեսչական մարմնի բաժնի պետ Արթուր Բեգլարյանը կրկնեց նախկինում հնչեցրած միտքը. «Տեսչական մարմնի լաբորատորիան ուղղակի կարողացել է ճշտել, որ դա սննդային յուղ է, իսկ թե մանրակրկիտ ինչ տեսակ է, ուղարկել ենք իրավապահ մարմիններին՝ իրենց փորձագիտական լաբորատորիան պետք է ուսումնասիրի եւ ասի կոնկրետ քրեական գործով»: Փետուրների երկրորդ նմուշառումից հետո տեսչական մարմինը նոր տվյալներ չի ունեցել եւ, ըստ Բեգլարյանի, իր ունեցած բոլոր նյութերն ուղարկել է իրավապահ մարմիններին, այդ թվում՝ փետուրների նմուշները:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ տեսչական մարմինի լաբորատորիան չի կարողացել ստանալ ամբողջական պատասխանը, արդյոք կա սարքավորումների խնդիր, Ա. Բեգլարյանը նշեց. «Այո, կոնկրետ թե ինչ սննդային յուղ է, ինչ տեսակ է, մենք չենք կարող պարզել, մեր հնարավորությունները չեն ներում»:

-Ինչո՞ւ այն ժամանակ չասացիք, որ տեսչական մարմնի լաբորատորիան չունի այդ հզորությունը:

-Մեր լաբորատորիան առաջին հերթին ասաց, որ արագիլների փետուրներին եղածն ու գետում հայտնաբերվածը նույն յուղն է, իսկ թե ինչ տեսակի է, վերջնական չկարողացավ ասել, կառուցվածքը կանխորոշել, դրա համար էլ, քանի որ քրեական հատկանիշներ կային, մենք ամբողջ նյութն ուղարկեցինք իրավապահ մարմիններին:

-Ո՞ր թվականի սարքավորումներով եք կատարում անալիզը:

-Մեզ մոտ այդ լաբորատորիան նեղ մասնագիտացած է, ուսումնասիրում ենք կեղտաջրերը, որոնք թափվում են շրջակա միջավայր, բայց մանրակրկիտ ուսումնասիրել յուղերը, որ կարող է արտանետում ունենային, այդ մասով հնարավորություն չունենք:

Արթուր Բեգլարյանի փոխանցմամբ՝ չնայած տեսչական մարմնի կողմից ուսումնասիրություններն ընթացքի մեջ էին (ուսումնասիրում էին վտանգված արագիլների քանակը, համայնքների շրջակայքում գործունեություն ծավալող տնտեսվարողներին), հավաքած նյութերն ամբողջությամբ հանձնվել են իրավապահներին, ու իրենք, «նախաքննության նյութերի գաղտնիությունից ելնելով», չեն կարող ամեն ինչ հրապարակել: Իսկ իրականում, ինչպես նշեցինք ամենասկզբում, ընդամենը նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ չի հարուցվել, նախաքննություն էլ չի ընթանում:  

Սա նշանակում է, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն իր առաքելությունն ավարտած է համարում: Փաստորեն, այս ամբողջ ընթացքում տեսչական մարմինը կարողացել է միայն հստակ պարզել, որ արագիլների փետուրներին սննդային յուղ կա:   

Հակասությունների շղթա կամ բառեր եւ իրականություն

Երկու շաբաթ առաջ մեր դիտարկմանը, թե բնապահպանների մի մասը ստեղծված իրավիճակը էկոլոգիական աղետ է համարում, Արթուր Բեգլարյանը չէր ցանկացել որակում տալ՝ նշելով, որ դրա համար պետք է ունենալ գիտական հիմնավորում, որի մասին կհայտնեն առաջիկայում: Տարօրինակ է, բայց երեք օր առաջ news.am-ին նա ասել է, թե արագիլների անկումն անխուսափելի էր, ու իրենք դա կանխատեսել էին. «Մենք սա որակել ենք էկոլոգիական աղետ, գիտեինք, որ նրանք անկում էին ապրելու։ Արագիլների մի մասը չի կարողանում թռչել, սնունդ հայթայթել եւ անխուսափելիորեն անկում կապրեին»։ 

Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանն էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հուլիսի վերջին հայտնել էր, թե արագիլներին նոր ռեագենտներով մաքրելն ավելի արդյունավետ է, քան նախորդ մեթոդը (տնտեսական օճառի լուծույթ). «Այնպես որ հաջորդ կիրակի (օգոստոսի 4-ին) մենք ստիպված կլինենք կազմակերպել մեծ լվացք արագիլների համար»: Արթուր Բեգլարյանը news.am-ին օրերս ասել է, որ հնարավոր չի լինում լվանալ արագիլների փետուրները. «Փետուրները մաքրելու գործընթացում վնասվում են թռչունների փետուրները, եւ արդյունքում ստացվում է նույն վիճակը»։

Շրջակա միջավայրի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Արարատի մարզի 11 գյուղում՝ Հովտաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Զորակ, Դաշտավան, Սիփանիկ, Սայաթ-Նովա, Դարակերտ, Դարբնիկ, Նորամարգ, Նիզամի, հայտնաբերվել են յուղային շերտով պատված արագիլներ: Անմխիթար պատկեր է գրանցվել նաեւ գյուղերին հարակից ջրային տարածքների ուսումնասիրության արդյունքում: ՇՄՆ-ն «Հետքին», մասնավորապես, տեղեկացրել էր. «Նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը Հրազդան գետի Դարբնիկ եւ Գեղանիստ գյուղերի մոտ, ինչպես նաեւ գետաբերանի հատվածում, յուրաքանչյուր ամիս իրականացնում է ջրի որակի մոնիթորինգ, ինչի արդյունքում հաճախակի արձանագրվում է ջրի 5-րդ դասի՝ «վատ» որակ: 2019 թ. հուլիսի 23-ին նախարարության մասնագետներն Արարատի մարզի Խաչփառ գյուղի տարածքում իրականացրել են Հրազդան գետից ջրի նմուշառում: Լաբորատոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ջուրն աղտոտված է մեծ քանակությամբ օրգանական նյութերով, ֆոսֆատի եւ ամոնիումի իոններով»:

Այսքանով հանդերձ, չգիտես ինչու, «ավետվեց», թե «շան գլուխը» հայտնաբերվել է: Նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը դեռ հուլիսի վերջին գրել էր. «Ըստ երեւույթին, աղտոտման աղբյուրը թառափի ձկնաբուծարաններն են, որոնք գետերի մեջ են գցում ձկների ներքին օրգանները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ յուղ: Այս արտանետումները ձեւավորում են ջրանցքներում խցանում, եւ այդ կետերում արագիլները սննդամթերք են փնտրում՝ հայտնվելով ձկան յուղի մեջ եւ մնացած բոլոր հետեւանքներով: Այս վարկածը պահանջում է հաստատում, որից հետո ձկնաբուծարաններին պետք է պարտադրվի ջրանցքների մաքրում եւ իրենց թափոնները կառավարելու այլ միջոցներ»: Օգոստոսի սկզբին Աղաբաբյանը մեկ այլ գրառում արեց. «Մեր վերջին արշավի ընթացքում մենք գտանք իրական աղբյուրը, որն աղտոտում է ջրային էկոհամակարգը եւ սպիտակ արագիլներին: Այսօր սկսվեց այդ ջրանցքի՝ թափոններից մաքրման գործընթացը: Շնորհավորում եմ բոլորիս»:

Նույն ընթացքում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ջրային կոմիտեն տեղեկացրեց, որ «Մելիորացիա» ՓԲԸ-ն մաքրում է Հրազդան գետի աջափնյա կոլեկտորի երկրորդ տեղամասը. «Ամբողջ ցանցի երկարությունը 6800 մ է, սակայն առավել աղտոտվողը Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցն է Սիս-Նորամարգ-Ռանչպար համայնքների խաչմերուկում, որտեղ կամրջի տակ աղբի իսկական պահեստ է ձեւավորվել: Աղբի կուտակմանը նպաստում է նաեւ «Նաիրիտ» գործարանից եկող եւ դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը: Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, ի դեպ, վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար»: Կոմիտեն նշել էր, որ մեկ օրում մաքրվել է 30 տ աղբ, սակայն եռակին մաքրելու անհրաժեշտություն կա:

Բայց իրական խնդիրը մեկ գյուղի, մեկ կոլեկտորի ու մեկ խողովակի մեջ չէ, ինչի վրա, կարծես, պետական գերատեսչությունները փորձում են սեւեռել հանրության ուշադրությունը: Նույն նախարարության նշած 11 գյուղերի մի մասը Սիս-Նորամարգ-Ռանչպար համայնքների խաչմերուկի կամրջից ու ջրի հոսքից 11-13 կմ վեր (հյուսիս) է գտնվում, այսինքն՝ կոլեկտորի մի հատվածում թեկուզ տոննաներով կուտակված աղբը չէր կարող լինել բոլոր գյուղերի բոլոր արագիլների աղտոտման միակ պատճառը: Սա պարզ տրամաբանություն է:

Ավելին՝ գիտաշխատող Լյուբա Բալյանը «Հետքին» է տրամադրել շրջայցերի արդյունքում Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցների կազմած քարտեզը, որում նշված են բոլոր այն վայրերը, որտեղ հայտնաբերվել են կեղտոտ, սեւացած, յուղային շերտով պատված արագիլներ: Քարտեզում նրանք փորձել են էկոլոգիական աղետի մասշտաբները ներկայացնել: Կապույտով նշվել են Մասիսի, Արտաշատի ու Էջմիածնի այն 20 գյուղերը, որտեղ կեղտոտ արագիլներ են եղել, իսկ կարմիր նշանները ցույց են տալիս ձկնաբուծական տնտեսությունները:

Բալյանի տեղեկացմամբ՝ իրենք չեն կարող ասել, թե այդ տնտեսությունները քանի հոգու եւ կոնկրետ ում են պատկանում, դա վերահսկողական ու ստուգման աշխատանքների միջոցով պետք է բացահայտեն պատկան մարմինները:

Պետական ուշադրության եւ հստակ գործողությունների անբավարարություն

Կենդանաբանը նշում է, որ չնայած առաջին ահազանգից հետո Արարատի մարզի համայնքները հայտնվեցին ուշադրության կենտրոնում, ավելի հստակ՝ Հովտաշենը, որտեղ մեծ թվով կեղտոտված արագիլներ էին հայտնաբերվել, իրականում շատ արագիլներ մնացին ուշադրությունից դուրս: Բանն այն է, որ մեծ թվով թռչուններ բնադրում են ճանապարհների եզրերին գտնվող էլեկտրական սյուների վրա, որոնք բնակելի տարածքներից դուրս են: Մինչ օրս, ըստ Բալյանի, որեւէ պետական մարմնի կողմից մշտադիտարկում, վերահսկողություն չի իրականացվել այս ուղղությամբ:

«5 օր առաջ շրջում էինք այդ համայնքներով՝ հասկանալու համար, թե որ համայնքում ինչ վիճակում են գտնվում արագիլները: Կեղտի մեջ կորած արագիլների զգալի տոկոսը պակասել էր, այսինքն՝ դա վատ ցուցանիշ է, հավանական է, որ անկում է եղել»,- ասում է  Լյուբա Բալյանը: Անկման հստակ դեպքերի մասին մեր զրուցակիցը նշում է, որ Հովտաշենում երկու արագիլ ընկել է ջրանցքի մեջ ու սատկել: Ըստ Բալյանի՝ երբ թռչունը հյուծված, սովի պատճառով սատկում է, կարող է դառնալ գիշատիչների կեր, իսկ այդ դեպքում արագիլների անկման դեպքերն արձանագրելը պարզապես հնարավոր չի լինի, քանի որ հետքերը հնարավոր չի լինի գտնել:

Գիտաշխատողն ասում է, որ այս ամբողջ թեման պետական բավարար ուշադրության չարժանացավ, հստակ գործողություններ չեղան: Ըստ մեր զրուցակցի՝ արձանագրված միակ դրական հանգամանքը կամավորների սրտացավ արձագանքն էր, որոնք խմբեր կազմեցին՝ արագիլներին մաքրելու համար. «Բայց դա նույնիսկ ամոթալի է, որովհետեւ նման տեսակի հարցը չպետք է լուծվի միայն կամավորական ուժերով, աշխատանքները պետք է մի քիչ ավելի օպերատիվ լինեին, մի քիչ ավելի լուրջ լուծում էր պահանջվում: Բացի դրանից՝ հաշվի չէին առել, որ կենդանիներին մաքրելը կենդանաբանի գործն է, քանի որ անվտանգության կանոններ կան, մարդկանց թույլ էին տվել մոտենալ կենդանուն՝ առանց նախապես տեղյակ լինելու, թե արդյոք այդ կենդանին հիվանդություն ունի: Փոքր-ինչ ոչ կառավարելի էր այդ պահը»:

Բալյանի համոզմամբ՝ նույնիսկ եթե դիտարկենք միայն արագիլներին մաքրելը, դա եւս ինտենսիվորեն չեղավ, քանի որ դա ոչ միայն հանգստյան, այլեւ աշխատանքային օրերին պետք է կազմակերպվեր: Գիտաշխատողը նշում է, որ եթե 2 ամսվա ընթացքում ամեն օր գործեր օպերատիվ խումբ կամ հանձնաժողով, ապա 50-60 տոկոսով հնարավոր կլիներ փրկել արագիլներին:

«Այս տարվա արագիլների սերնդի որոշակի անկում է լինելու: Եթե մշտադիտարկումն իրականացվի նման տեմպերով եւ ներուժով, ինչ այսօր է, ապա կարծում եմ, որ ավելի քան 100 արագիլի չի հաջողվի փրկել»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ ամեն տարի Հայաստանում ընդհանուր առմամբ 1000-1200 արագիլ է մնում ձմեռելու: Հաշվի առնելով այս ամառվա զարգացումները՝ կարեւոր է լինելու գալիք ձմռանը հաշվառել այստեղ մնացած արագիլներին՝ պարզելու, թե ինչ փոփոխություններ են եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter