HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրկոմ. «Կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են»

Այսօր շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է. «Մեր վերջին արշավի ընթացքում մենք գտանք իրական աղբյուրը, որն աղտոտում է ջրային էկոհամակարգը եւ սպիտակ արագիլներին: Այսօր սկսվեց այդ ջրանցքի՝ թափոններից մաքրման գործընթացը: Շնորհավորում եմ բոլորիս»:

Աղաբաբյանը նկատի ունի Արարատի մարզի Սիս եւ Նորամարգ գյուղերի հատվածում այսօր կատարված աշխատանքները: Հիշեցնենք, որ կառավարությանը ենթակա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է, որ Սիս եւ Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող Հրազդան գետի աջափնյա կոլեկտորում իրականացվում են պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ: Ըստ հայտարարության՝ կեղտաջրերը արագիլների աղտոտման հավանական աղբյուր են: Այս մասին անդրադարձել ենք մեր այսօրվա հրապարակման մեջ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ջրային կոմիտեի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ «Մելիորացիա» ՓԲԸ-ն կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման աշխատանքների շրջանակներում այսօր շարունակել է Հրազդան գետի աջափնյա կոլեկտորի երկրորդ տեղամասի մաքրումը:

«Ամբողջ ցանցի երկարությունը 6800 մ է, սակայն առավել աղտոտվողը Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցն է Սիս-Նորամարգ-Ռանչպար համայնքների խաչմերուկում, որտեղ կամրջի տակ աղբի իսկական պահեստ է ձեւավորվել: Աղբի կուտակմանը նպաստում է նաեւ «Նաիրիտ» գործարանից եկող եւ դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը: Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, ի դեպ, վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար»,- նշված է ջրային կոմիտեի հայտարարության մեջ:

Արբանյակից արված այս պատկերի ձախ կողմում երեւում է ձկնաբուծարանի տարածքը, որից աջ ճանապարհն անցնում է ջրանցքի եւ Հրազդան գետի վրայով: Ջրկոմի նշած տարածքը ջրանցքի վրայով անցնող կամուրջն է: 

Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ նշված հատվածում կատարվում են լրացուցիչ աշխատանքներ աղբի մեծ կուտակումների պատճառով. «Այսօրվա ընթացքում հեռացվել է 30 տոննայից ավելի աղբ, սակայն հարկ կլինի եռակի ավելին էլ հանել։ Տեղանքի բարդությունից ելնելով, «Մելիորացիա» ընկերությունը հաջորդ օրերին ավելի բարդ տեխնիկա գործի կդնի՝ կամրջի տակի հատվածը մաքրելու համար, իսկ աղբի հոսքը չի դադարում»։

Ջրկոմի տեղեկացմամբ՝ իրավիճակը մանրամասն ներկայացվել է բնապահպանական կառույցների պատասխանատուներին, քննարկվել են նման իրավիճակի դեմ արդյունավետ պայքարելու հարցեր։

Լուսանկարները՝ ջրկոմի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։