HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդան գետի աղտոտվածությունը սպառնում է ոչ միայն արագիլներին, այլեւ մարդկանց

Սեւացած, տկար տեսքով ու յուղային շերտով ծածկված արագիլները Հրազդան գետի աղտոտվածության ցուցիչ են: Գետի ջրով ոռոգվում են Արարատի մարզի մի շարք գյուղերի հողատարածություններ, որոնց բերքը հետո օգտագործում են մարդիկ:

Մասիսի տարածաշրջանի Դաշտավան գյուղի ցուցանակի մոտ կանգնած արագիլը չէր կարողանում թռչել, ոտքը վնասված էր: Գրեթե ամբողջությամբ սեւացած, յուղային շերտով պատված թռչունը ավտոմեքենաների անցուդարձի ժամանակ անհանգիստ շարժումներ էր անում, թեւերը թափահարում, փորձում էր թռչել, բայց ապարդյուն:

Զորակ-Դաշտավան խաչմերուկի մոտ գտնվող վարսավիրանոցում հավաքված տղաներն ասացին, որ տեղյակ չեն, թե ինչքան ժամանակ է թռչունն այդ վիճակում: Նրանց փոխանցմամբ, սակայն, արդեն երկու-երեք ամիս է, ինչ Դաշտավանի արագիլները ոչ միայն սեւացած, յուղոտ տեսքով են, այլեւ նկատելի տկարություն ունեն, օրինակ, ձագերը թռչելիս հանկարծ թուլանում ու ընկնում են: Տղաներից մեկն ասաց, թե արագիլները գուցե աղիքային հիվանդություն ունեն, որովհետեւ Հրազդան գետից են սնվում, որտեղ, հնարավոր է, վարակի աղբյուր կա:

Այս պահին ամենակարեւորն արագիլներին կերակրելն է

Հուլիսի 20-ին Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ օրեր առաջ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են բերել արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ էր թռչել:

Արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:

«Մենք փորձեցինք մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթով հաջողվեց փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ»,- տեղեկացրել էր Լյուբա Բալյանը:

«Հետքի» հետ զրույցում գիտաշխատողն ասում է, որ եթե թռչունը չի կարողանում թռչել, ուրեմն չի կարող նաեւ որս անել, կեր հայթայթել, իսկ եթե նաեւ ձագեր ունի, ապա դրանք եւս սովի կմատնվեն: Ըստ Լ. Բալյանի՝ սա ամենամեծ խնդիրն է, քանի որ ոչ միայն հասուն թռչուններն են թուլացման գնում, այլեւ ձագերն են անտեսվում նրանց կողմից, այսինքն՝ հնարավոր է, որ անկում կա բների մեջ:

Ստեղծված իրավիճակի հետքերով գնացած Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի եւ Հայաստանի թռչունների պահպանման միության ներկայացուցիչները շրջայց են կատարել Արարատյան դաշտավայրում՝ Արմաշի ձկնաբուծական տնտեսություններից մինչեւ Մասիս քաղաք ու Սիս գյուղ ընկած հատվածում՝ այցելելով այն ափամերձ բնակավայրերը, որտեղ արագիլներ կան: Արդյունքում, մասնավորապես Արտաշատի տարածաշրջանի Հովտաշեն գյուղում հայտնաբերվել էին մեծ թվով արագիլներ, որոնք նույն վիճակում են եղել, ինչ ինստիտուտ տարված առանձնյակը:

Հուլիսի 21-ին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը շարունակվում է, տեսչական մարմնի ու շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ: Նախարարությունն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե Արարատի մարզում արագիլների փետրավորման աղտոտման եւ անկման խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:

Լյուբա Բալյանը նշում է, որ թռչուններին օգնելիս կարեւոր է մասնագիտական մոտեցումը: «Խնդիրներ կան թեկուզ լվալու հետ կապված, որը պետք է մի քիչ պրոֆեսիոնալ ձեւով կազմակերպել, ոչ թե կամավորն անի: Կամավորները շատ սրտացավ մարդիկ են, եւ նրանց կարելի է ճիշտ առաջադրանք տալ, օրինակ՝ թռչունների տեղափոխությունն իրականացնեն, բայց կոնկրետ լվալու գործընթացը պետք է անի կենդանաբանը, դրա ժամանակ կենդանու հետ ես շփվում, պետք է հասկանաս վարքը, այսինքն՝ հարցը պետք է ճիշտ ձեւով կարգավորվի»,- ասում է մեր զրուցակիցը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ երեկ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանի գլխավորած խումբը նորից այցելել է Հովտաշեն, որտեղ, ըստ Լ. Բալյանի, արձանագրվել է, որ արագիլների շուրջ 30 առանձնյակ եղել է առավել թուլացած, եւ անհրաժեշտ է կազմակերպել դրանց անհապաղ կերակրումը:

Լյուբա Բալյանն ասում է, որ Հովշատենի գյուղապետ Սուրեն Մկրտչյանը հայտնել է, թե արագիլներին կերակրելու իրավական խնդիր ունի: «Գյուղապետն ասել է, թե պետք է թույլտվություն ունենա, քանի որ արագիլը վայրի թռչնատեսակ է, արդյոք գոյություն ունի նման օրենք, որը թույլ կտա հավաքել այդ թռչուններին, տանել ուրիշ տարածք: Դրա պատասխանը դեռ չենք ստացել, հիմա կարեւորը կերային բազան ապահովելն է, նաեւ հասկանանք, թե որն է աղտոտման աղբյուրը, ու ինչպես կարելի է մաքրել թռչուններին»,- նշում է գիտաշխատողը՝ հավելելով, որ իրենք կապ են հաստատել միջազգային գործընկերների հետ, ու մասնագիտական մոտեցումներ արդեն կան, բայց այս պահին հրատապը արագիլների առանձնյակներին կերով ապահովելն է:

«Հրազդան գետը կոյուղատար է դարձել»

Հովտաշեն գյուղը միակ վայրը չէ, որտեղ արագիլները շրջում են սեւացած, յուղոտ եւ սոված: Դաշտավան, Ղուկասավան, Զորակ գյուղերում էլ, որտեղ եղել ենք մենք, նույն պատկերն է:

Դաշտավանցի Արտաշես Քոչարյանն ասում է, որ արագիլները լողանում են Հրազդանի ջրերում, սեւանում ու սատկում: Ըստ նրա՝ ինչ կեղտ ասես, որ չի լցվում գետ: Համագյուղացի Վասիլ Խանաղյանն էլ հարցնում է՝ գյուղ գալուց ճանապարհին հոտ չզգացի՞նք: Խանաղյանի ասելով՝ բացի նրանից, որ Հրազդան են լցվում Երեւանի կեղտաջրերի մաքրման «Աերացիա» կայանի ջրերը (կայանը միայն նախնական մեխանիկական մաքրում է կատարում, այն էլ հարց է, թե ինչ որակով), այստեղ են թափվում նաեւ կաշվի, սպունգի առափնյա արտադրամասերի թափոնները:

Դաշտավանցի Գագիկ Թորոսյանը ցույց է տալիս այգում կանգնած երկու արագիլ: Ասում է՝ 3-4 ժամ է՝ այգուց չեն գնում, որովհետեւ չեն կարողանում թռչել, կարծես հիվանդ լինեն, ու հիմա այդ տեսքն ունեն գյուղի գրեթե բոլոր արագիլները: Հետո մատնացույց է անում իր տան մոտ գտնվող հեռագրասյան վրա բույն դրած արագիլներին, ասում է՝ «արագիլներն էսպես չէին, սպիտակ էին»: Նրա կարծիքով՝ թռչունները յուղային շերտի պատճառով չեն կարողանում թռչել: «Մի տեղ ինչ-որ մի բան կա, մի բան էն չի»,- ասում է Թորոսյանը:

Նույն գյուղի բնակիչ Ռազմիկ Մուրադյանի կարծիքով՝ այս տարի արագիլները շատացել են, բայց որսի խնդիր ունեն. գետի աղտոտվածությունը միանշանակ ազդում է նրանց վրա: «Հրազդան գետը ոնց որ կոյուղատար լինի»,- նշում է Ռ. Մուրադյանը՝ ավելացնելով, որ գետի ջրերով որոշ գյուղացիներ ոռոգում են իրենց այգիները: Ինքը օգտվում է արտեզյան հորից:  

Հրազդանի կեղտաջրերով հող են ոռոգում

Դաշտավանի գյուղապետ Վարդգես Խանաղյանն ասում է, թե առաջին անգամ են տեսնում արագիլներին այս վիճակում, նախկինում նման դեպքեր չեն եղել: Նշում է, որ թռչունների սեւանալու հնարավոր պատճառը Հրազդանն է:

Գյուղապետը եւս նկատում է, որ ոչ միայն «Աերացիայի», այլեւ առափնյա մի քանի արտադրամասերի կեղտը լցվում է Հրազդան, իսկ քանի որ ամռան շոգ եղանակին գետի ջրի հոսքը նվազում է, կեղտը կուտակվում է, ճահճանում՝ տհաճ հոտ տարածելով շուրջբոլորը:

Ըստ Վ. Խանաղյանի՝ Մասիսի տարածաշրջանի 7 համայնքի (Գետափնյա, Գեղանիստ, Նորաբաց, Զորակ, Ղուկասավան, Դաշտավան, Դարակերտ) ղեկավարներով բարձրաձայնել են Հրազդանի աղտոտվածության հարցը, որպեսզի մաքրման կայան կառուցվի: Նախորդ տարի 7 գյուղերի ղեկավարները նամակով դիմել են Արարատի մարզպետին, վերջինս էլ այն հասցեագրել է շրջակա միջավայրի նախարարություն: Հարցը դեռ չի լուծվել:

Դաշտավանի համայնքապետն ասում է, թե նշված գյուղերում հիմնականում Հրազդանի ջրերով են ոռոգում հողերը, թեեւ արտեզյանով ոռոգողներ էլ կան: Գետի կեղտաջրերը, ի վերջո, հասնում են բերքին: Վարդգես Խանաղյանն ասում է, որ եթե արագիլներին հասցված վնասը միանգամից ենք տեսնում, ապա մարդկանց հասցվածն աստիճանաբար կերեւա:

Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը եւս շեշտում է, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը Հրազդան գետի աղտոտվածությունն է, եւ պետությունը պետք է սեփական մասնակցություն ունենա հարցի լուծմանը: Ըստ նրա՝ արագիլների աղտոտվածությունը, թուլությունն ու կեր հայթաթել չկարողանալը զանգվածային բնույթ է կրում ու անմիջականորեն կապ ունի էկոլոգիական աղետի հետ: Գիտաշխատողը սոցիալական ցանցում նշել էր խնդիրը քրեական տիրույթում դիտարկելու կարեւորության մասին: Ասում է, որ անհրաժեշտ է բացահայտել, թե բացի արագիլներից՝ ուրիշ ինչ կենդանատեսակների անկում է եղել, հնարավոր է, որ ձկները, գորտերն ու ջրի կամ ափամերձ տարածքների հետ առնչություն ունեցող այլ կենդանիները եւս տուժած լինեն:

Կեղտ, աղբ, գարշահոտություն

Մենք շրջել ենք Դաշտավան, Ղուկասավան, Գետափնյա, Գեղանիստ գյուղերի՝ Հրազդան գետին հարող տարածքներով: Դարբնիկ-Դաշտավան հատվածում գետի մեջ նկատելի էին սեւ, ոչ կարծր գոյացություններ, որոնք կոշտ մակերեսի հանդիպելիս տարրալուծվում էին ջրում: Գետափնյա, Գեղանիստ, Ղուկասավան գյուղերում էլ նկատելի էր գետի գարշահոտն ու կեղտը:

Հ.Գ. Առաջիկայում կներկայացնենք նաեւ մասնագետների ու պատկան մարմինների տեսակետները:

Մեկնաբանություններ (1)

Hamest Antonyan
Ժողովուրդ էս ինչ եք անում ։ Այսքան անհոգ կարելի է ավերել ամեն ինչ ։ Հեչ մտածում ե՞ք վաղվա մասին ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter