HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան․ «Ռոբերտ Սուքիասյանը հայտնել է, որ կրակել է՝ պաշտպանության նպատակով»

Ամիրյան փողոցում հնչած կրակոցների գործով ձերբակալված Ռոբերտ Սուքիասյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, ցուցմունք է տվել, ներկայացրել է իր գործողությունները, ընդունել, որ ինքն է Ամիրյան փողոցում կրակոց արձակել, ներկայացրել է նաև զենքը, որն իրեն պատկանող օրինական զենք է։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Ռոբերտ Սուքիասյանն իրավապահներին հայտնել է, որ կրակել է՝ պաշտպանության նպատակով։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով ԱՄՆ քաղաքացի, 42-ամյա մի տղամարդ հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և ապրինի զենք պահելու հոդվածներով, որի շրջանակներում Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է, ունի կասկածյալի կարգավիճակ։

«Մեզ տրամադրված նյութերում առկա են տեղեկություններ, որոնք վկայում են այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինն ունի տեսագրություններ, որոնք, եթե հրապարակվեն, կարծում եմ, բոլորս կտեսնենք, որ Ռոբերտ Սուքիասյանն անհրաժեշտ պաշտպանության վիճակում է կրակել»,- ասաց Միքայելյանը՝ նշելով, որ ինքը որևէ տեսանյութ չի տեսել, բայց գործի հանգամանքներից է տեղյակ, և որպես իրավաբան համարում է, որ Սուքիասյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա արարքը հանցագործության հատկանիշներ չի պարունակում։

«Եթե հետագայում պարզվի, որ արարքը հանցագործության հատկանիշներ է պարունակում, Ռոբերտ Սուքիասյանը պատրաստ է պատասխանատվության կրել դրա համար»,- ասաց Միքայելյանը

Թե կոնկրետ ինչ հանգամանքների մասին է խոսքը, պաշտպանն այս պահին նպատակահարմար չի համարում մանրամասնել։

Միքայելյանը Սուքիասյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել, սակայն այս պահին դեռևս բողոքը քննությունը տեղի չի ունեցել, հավանաբար այն կքննվի այսօր։

Լուսանկարում՝ Գոռ Միքայելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter