HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները միջնորդեցին վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ սկսեց «Հայրենիքի փրկության ճակատ» -ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Գործով թեև մի քանի դատական նիստ է նշանակված եղել՝ դրանք հետաձգվել են, և, ըստ էության, սա առաջին դատական նիստն է, որը տեղի է ունենում։

Հիշեցնենք, որ Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Ըստ վարույթն իրականացնող Քննչական կոմիտեի՝ 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին՝ Ազատության հրապարակում ընդդիմության անցկացրած հանրահավաքների ժամանակ, ինչպես նաև փետրվարի 26-ին՝ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ է Մանուկյանը իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր արել։ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա իր հանդեպ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում։

Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահից նրա պաշտպանը Արամ Վարդևանյանն է։ Այսօրվա դատական նիստին ներկայացել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Վարդևանյանը հայտնեց, որ հնարավոր է՝  հետագայում իր կողմից  Մանուկյանի պաշտպանությունը շարունակելու անհնարինության առաջանա, որի դեպքում պաշտպանությունը Էրիկ Ալեքսանյանն է իրականացնելու։ Թե ինչու կարող է Արամ Վարդևանյանի կողմից Մանուկյանի պաշտպանությունը շարունակելու անհնարինության առաջանալ Վարդևանյանն այս  պահին նպատակահարմար չգտավ պարզաբանել։

Էրիկ Ալեքսանյանը գործի նյութերին ծանոթ չէ․ միայն երեկ է որոշվել, որ նա ևս պետք է ստանձնի Մանուկյանի պաշտպանությունը, ուստի նյութերին ծանոթացնման նպատակով  պաշտպանին տրամադրելու համար նիստը ենթակա էր հետաձգման։ Մինչ այդ սակայն որոշվեց քննել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս միջնորդությունը գրավոր ներկայացվել էր դատարան։ Պաշտպանական կողմը պնդեց, որ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը պահպանելու անհրաժեշտություն չկա, դատախազն էլ պնդեց, թե խափանման միջոցի հիմքերը չեն վերացել։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter