
Հակառակորդը գիշերն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Կութի ուղղությամբ
Հուլիսի 19-ի գիշերը՝ ժամը 22։00-03։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդն ինտենսիվ և անկանոն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք և Կութ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել։
«Իմ տեղեկություններով ծանր տեխնիկա չի աշխատել, բայց կրակել են ավտոմատներով, գնդացիրով։ Հայկական կողմը վիրավորներ չունի։ Մերոնք կանոնները չեն խախտել, կրակ չեն բացել»,- ասաց համայնքապետը։
Ավետյանը կարծում է՝ հակառակորդի կրակը նաև խուճապ առաջացնելու համար է, սակայն բնակիչների շրջանում խուճապ չկա, կա անհանգստություն։
«Նախորդ օրերին կրակոցներ նույնպես եղել են, բայց ոչ այդ ինտենսիվությամբ։ Իրավիճակն այս պահին կայուն է»,- հայտնեց նա։
Անդրադառնալով արոտավայրերին՝ խոշորացված համայնքի ղեկավարը հաղորդեց, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքները համայնքների բնակիչները չեն կարողանում օգտագործել։
Լուսանկարում՝ Սոթք բնակավայրը
Մեկնաբանել