
Մետաղորսիչ սարքեր` ԱԺ նիստերի դահլիճի մուտքերի մոտ
ԱԺ նիստերի դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են մետաղորսիչ սարքեր: ԱԺ աշխատակազմը պատրաստվում է հաջորդ գումարման խորհրդարանի աշխատանքներին` փոփոխելով ներքին անվտանգության կանոնները: Տեղեկացնենք, որ խորհրդարանի շենքի բոլոր մուտքերում կան նման սարքեր, թե՛ ԱԺ աշխատակազմը, թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողները մինչ խորհրդարանի վարչական շենք մուտք գործելը, զննության են ենթարկվում:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Առնակ Ավետիսյանը նիստերի դահլիճի մոտ տեղադրված մետաղորսիչների փաստը պայմանավորեց անվտանգության ապահովմամբ:
Նրա խոսքով` մետաղորսիչները նախատեսված են ԱԺ նիստերի դահլիճում անվտանգությունն «ավելի լավը, ավելի անվտանգ դարձնելու համար»: Թե ինչն է առիթ դարձել նման փոփոխության, Ավետիսյանը չցանկացավ մեկնաբանել: Հարցին՝ արդյոք փոփոխություններ սպասվում են նաև խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատանքում, Ավետիսյանն արձագանքեց.
«Կանոնակարգվելու են այն աշխատանքային պրոցեսները, որոնք մինչ այժմ կանոնակարգված չեն եղել: Դա նաև հնարավորություն կտա լրագրողներին հղում կատարել որոշակի դրույթների` իրենց իրավունքները ավելի պաշտպանելու համար»: ԱԺ աշխատակազմի ղեկավարը սակայն հայտնեց, որ դեռ աշխատանքային քննարկումներ են ընթանում, և ոչինչ որոշված չէ, ամեն ինչ կախված է ԱԺ նախագահի որոշումից:
Ավետիսյանը նաև վստահեցրեց` որևէ կերպ չեն փորձելու սահմանափակել լրագրողների աշխատանքը, «ընդամենը փորձում են ավելի կանոնակարգված դարձնել խորհրդարանի աշխատանքը»:
Մեկնաբանել